ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ԴԱՐՁԱՎ «ԱՄԵՆԱԱՆՀԱՋՈՂ ԿԱԴՐԻ» ՈՒՍԱՆՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից Հայաստանն ունի Մարդու իրավունքների նոր պաշտպան:  Ինչպես եւ տեղեկացրել էինք դեռեւս մեկ ամիս առաջ, դա Կարեն Անդրեասյանն է, որը նախքան երդվելն ու իր օգտին քվեարկողներին շնորհակալություն հայտնելը  հասցրեց արդեն մականուն ձեռք բերել` «Սերվիս Կարեն»: Պատճառն այն ակնհայտ անհաջող ձեւակերպումն էր, որ Կարեն Անդրեասյանը ներառել էր իր  նախընտրական ծրագրում. «Ինձ համար Մարդու իրավունքների պաշտպանը ծառայություն է, սերվիս, որը պետք է մատուցել անվճար հիմունքներով ցանկացած քաղաքացու եւ ցանկացած մարդու: Ես պատկերացնում եմ, որ այդ գրասենյակի ծառայությունները պետք է լինեն որակով, բարեհամբույր, ջերմ, բացի դրանից, շահագրգռված, որպեսզի մեր դիմումները շատանան, ինչպես ամեն ծառայության մեջ: Մենք պետք է ոչ թե խուսափենք կամ հոգնենք մարդկանցից, այլ ուրախանանք ամեն մի դիմումի համար»: Համաձայն ՄԻՊ ոլորտում Կարեն Անդրեասյանի մյուս «տեսլականների»` հավասարապես կարեւորվում են բոլորի իրավունքները, եւ հատկապես  մեկ մարդու իրավունքը: Խոսքի ազատությանը վերաբերող  հարցերը  հետամնաց երկրներում  կարգավորվում են քրեական, զարգացողներում` քաղաքացիական, իսկ զարգացածներում` մամուլի ինքնակարգավորմամբ:Նշենք, որ մամուլի մասին կոալիցիոն հայտնի օրենքը Կարեն Անդրեասյանի հեղինակած օրենսդրական նախագծի հիման վրա  է: Այս կապակցությամբ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը թեկնածուին հարցրեց, թե գիտի՞ եւ պատրա՞ստ է պաշտպանել այն լրագրողների իրավունքները, որոնք դժգոհում են նաեւ իր օրենքի հիման վրա գրված նախագծից: Ի պատասխան` թեկնածուն ասաց, որ  պատրաստ է  նաեւ լրագրողների հետ ուս ուսի պայքարել, որպեսզի դատարանները հանկարծ կամայական  դատական ակտեր չկայացնեն: Ըստ  նորաթուխ պաշտպանի` թեեւ   զրպարտության համար  օրենքը նախատեսում է 2 միլիոն դրամի պատասխանատվություն,  դա չի նշանակում, որ ամեն տեսակ զրպարտության դեպքում գումարի չափը  պետք է կազմի 2 միլիոն դրամ: Իսկ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչ վերաբերմունք ունի քաղբանտարկյալների` անազատության մեջ գտնվելու կապակցությամբ, Անդրեասյանը նշեց, որ նման հարցերը որեւէ երկրում բացարձակ դրական չեն կարող գնահատվել, իսկ մեր երկրում  ժողովրդավարությունը դեռ  երիտասարդ է: Նորընտիր պաշտպանը  հավելեց, որ ավելին չի կարող ասել, քանի որ  իրավական գործերի հետ կապված կարծիք ձեւավորելու համար ամեն գործի հետ պետք է ծանոթանալ: Լիլիթ Գալստյանը, ով ենթադրաբար մեկն էր այն 13 պատգամավորներից, որոնք փակ, գաղտնի քվեարկության ընթացքում դեմ էին քվեարկել, իր ելույթում ասաց. «Չկա հանրային վստահություն, որքան եւ հեղինակություն: Մի՞թե հստակ չէ, որ մեզանում առաջադրումները կատարում են մեկ` իշխանությանը հավատարիմ մնալու սկզբունքով»: Պատգամավորը ավելացրեց, որ իր վերջին հուշագրով կոալիցիան խախտեց մեր հասարակության բացառիկ իրավունքներից մեկը` ընտրական իրավունքը, իսկ թե ինչ մակարդակի վրա են մարդու իրավունքները Հայաստանում, փաստում է  Եվրադատարանում ՀՀ-ից ստացվող  դիմումների տարեցտարի ավելացումը: Երբ Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե Անդրեասյանը չի պատրաստվում  միանալ ընտրական իրավունքի «Քվեն ուժ» է հասարակական շարժմանը, իսկ ՄԻՊ-ը  պատասխանեց,  որ եթե չմիանա էլ, ապա հաստատ կաջակցի, ԱԺ անցուդարձը հետաքրքիր դարձավ. նախ Ռաֆիկ Պետրոսյանն  իր նախկին ուսանողին կոչ արեց ոչ մեկին չմիանալ, ինչպես դա անում էր ՀՀ երկրորդ ՄԻՊ-ը, որը Պետրոսյանի խոսքով «պետության, նրա պաշտոնատար անձանց, տարբեր օղակների հասցեին հայհոյանքներով լի զեկույցներով  հանդես գալուց հետո հարջորդ տարի անցավ մյուս կողմը»: Ի պատասխան այս բացահայտումների` Վահան Հովհաննիսյանը վրդովված ասաց, որ մինչեւ  հիմա դեռ ընտրված օմբուդսմենին խրատ տալու նախադեպ չէր եղել. «Հիմիկվանից խրատում է, թե ինչ պետք է չանի, որ Ռաֆիկ Պետրոսյանի դուրը գա»: Վահան Հովհաննիսյանը պարզաբանեց, որ  դեմ է ոչ թե Կարեն Անդրեասյանին, այլ առաջադրման ձեւին , եւ բացի այդ,  հայտնի չէ, թե այդ որ մարմիններում է առաջացել նրա թեկնածության գաղափարը: Ռաֆիկ Պետրոսյանը Վահան Հովհաննիսյանին հակադարձեց «Հարսնացու հյուսիսից»  ֆիլմի հերոսի խոսքերով` ասելով, թե խորհուրդ է տալիս բռնել ոչ թե «Իվանի, այլ Սահմանադրության եւ օրենքների պոչը»: Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  գեղարվեստական ֆիլմերից մեջբերումներով խոսող Պետրոսյանի հետ հետագա բանավեճի ցանկություն  չուներ, թե չէ ինքն էլ  կարող էր խոսել Ֆելլինիի ֆիլմերից մեջբերումներով: Այս համատեքստում  հետաքրքիր հնչեց Վիկտոր Դալլաքյանի այն  միտքը, որ  մեր երկրում ոչ ոքի իրավունքներն այնքան չեն ոտնահարվում, որքան Մարդու իրավունքների պաշտպանինը:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս