«Փաստ»-ը զրուցել է քաղաքական գործիչ, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ։
-Պարոն Ռուբինյան, Ինչպիսի՞ն էր Ձեր տպավորությունն այս ընտրություններից:
-Վատ:
-Ինչո՞ւ:
-Ինչպես միշտ` կեղծվեցին:
-Համենայն դեպս ոչ ոք չբողոքեց, չբողոքարկեց, չբարձրաձայնեցին, որ իրենց ձայները գողացել են:
Ես ուրիշ տեղեկություններ ունեմ: Բոլորն էլ ասում են, որ զանգվածային ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի կիրառմամբ Հանրապետական կուսակցությունը կրկին զավթեց իշխանությունը:
Բա այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոքներ ինչո՞ւ չեն ներկայացնում:
Ինչի՞ց բողոքեն, եթե բոլոր այդ խախտումները տեղի են ունեցել ոչ թե քվեարկության օրը, այլ դրան նախորդող օրերին: Իսկ քվեարկության օրն էլ խախտումները տեղի են ունեցել տեղամասերից դուրս:
Բայց այդ ընտրակաշառքները միշտ էլ եղել են: Սակայն ժողովուրդը վերցրել ու երբեմն գնացել է իր ուզած քաղաքական ուժին կամ թեկնածուին է ձայն տվել: Այս անգամ ինչո՞ւ այդպես չեղավ. ժողովուրդը «ազնվորեն» քվեարկեց նրա օգտին, ումից փողը վերցրել էր:
Չեմ կարծում զանգվածաբար այդպես է եղել. այս անգամ էլ է այլ քվեարկություն եղել: Բայց տարբերություն, իհարկե, առկա է: Որովհետև այս անգամ հիասթափությունն ավելի մեծ է: Եվ մասնավորապես, հիասթափություն նաև ընդդիմությունից:
Չկա՞ր քաղաքական դաշտում մի ուժ, որը վստահություն ներշնչեր ժողովրդին:
Համեմատաբար նման ուժ կար, և այդ ուժն էլ համեմատաբար շատ ձայներ հավաքեց: Դա «Ելք» դաշինքն էր:
Իսկ ընդհանուր առմամբ կարո՞ղ ենք ասել, որ քաղաքական դաշտն ամայացված է, այսօր ժողովրդին առաջարկելու բան չկա:
Կարող ենք ասել: Եվ դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք Հանրապետական կուսակցությանը և նրա կարկառուն ղեկավար, իսկ այժմ պարզվում է նաև` հայր, Սերժ Սարգսյանին:
Ընդդիմությունն ամեն ինչ արե՞ց, որ այդպես չլիներ: Ինչո՞ւ չմիավորվեց:
Դե, իհարկե, ամեն ինչ չարեց: Իսկ թե ինչո՞ւ չմիավորվեց, ասեմ` չմիավորվեց, որորվհետև տարբեր շահեր, տարբեր հավակնություններ, տարբեր կապեր և տարբեր ամբիցիաներ կային: Ինչպես միշտ է եղել:
Փաստորեն այս ընտրությունների արդյունքում կուսակցություններն ընկան ճգնաժամի մեջ, անգամ հայտնվեցին քայքայման եզրին: Մասնավորապես «Հայոց Համազգային Շարժումը», «ժառանգությունը»: Արժե՞ր այդ գինը, որ մարդիկ մանդատ ստանային:
Անշուշտ, չարժեր: Իհարկե, մի քանի ժողովրդականություն վայելող անդամներ դուրս եկան «Ժառանգություն» կուսակցությունից: Իսկ ՀՀՇ–ի պարագայում էլ չեմ հիշում, որ որևէ մեկը ինձնից բացի լքել է կուսակցությունը: Այնպես որ, այդքան էլ ճիշտ չեք:
Իսկ իրողությունն այն չէ՞, որ քաղաքական ուժերը, կամ քաղաքական էլիտան այնպիսի վիճակի մեջ են դնում ժողովրդին, որ գնա քվեարկի մեկի օգտին, ում չի ցանկանում:
Ոչ ոք նման ստիպողական վիճակի մեջ չի դրվում: Ուղղակի ընդդիմությունից հիասթափությունը, հավատի կորուստը, որ ընդդիմությունը կարող է ժողովրդին առաջնորդել դեպի իշխանափոխություն, հանգեցրեց նրան, որ այս անգամ շատ ավելի զանգվածաբար որոշեցին, որ ավելի լավ է վաճառել իրենց ձայնը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: