Օրգա՞ն եմ ընդունվում… ԱԺ գնում են ինչի՞ համար. Ալիկ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀ նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ստանալով 6541 ձայն, հնարավորություն ունի իր գործունեությունը շարունակել խորհրդարանում: Կօգտվի՞ այդ հնարավորությունից Սարգսյանը եւ կգնա՞ ԱԺ, թե՞, այնուամենայնիվ, կմնա նախագահի խորհրդականի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Ալիկ Սարգսյանն է:

-Պարո՛ն Սարգսյան, առաջիկայում Ձեզ կտեսնենք Ազգային ժողովո՞ւմ, թե՞ կհրաժարվեք Ձեր մանդատից՝ շարունակելով նախագահի խորհրդականի պաշտոնում մնալ:

-Դե, դեռ չգիտեմ, այս երկու օրը կորոշվի, էլի, տեսնենք՝ ոնց կստացվի, որոշում կկայացվի, կորոշենք, չգիտեմ: Ես էլ դեռ, ճիշտն ասած, չեմ որոշել: Ամենայն հավանականությամբ, ազգային ժողով կգնամ, ամենայն հավանականությամբ:

-Բայց չե՞ք կարծում, որ նախագահի խորհրդականից պատգամավոր դառնալը նշանակում է պաշտոնի իջեցում:

-Հետաքրքիր հարց եք տալիս, վերջը ինչո՞ւ եմ մասնակցել ազգային ժողովի ընտրություններին, ինչ-որ նպատակ եղել է, չէ՞: Հիմա, դե, չգիտեմ, հարմար է, հարմար չէ, հարցը արդեն դրանում չէ, կորոշեմ այս քանի օրը, դեռ որոշված չէ: Մտածում եմ դեռ, պետք է հասկանամ՝ ինչ անեմ: Դա պաշտոն չէ, դա ժողովրդի ծառա է, այսպես բնութագրեմ: Պատգամավորը ես որպես պաշտոն չեմ տեսնում, ես արդեն շատ երկար ժամանակ որեւիցե պաշտոնի չեմ ձգտում:

-Ասում եք՝ դեռ պիտի մտածեք, բայց մի՞թե չպիտի արդեն մտածած լինեիք, մինչեւ ընտրապայքարի մեջ մտնելը:

-Ուրեմն համարեք՝ գնալու եմ, եկեք, այսպես պատասխանեմ, գնալու եմ ազգային ժողով:

-Իսկ ի՞նչ նպատակով եք գնում ԱԺ, ասացիք՝ կոնկրետ նպատակ ունեք:

-ԱԺ գնալու՞, օրգա՞ն եմ ընդունվում, մեկ-մեկ որ հարցնում են՝ ի՞նչ նպատակով ես ընդունվում համակարգ… ԱԺ գնում են ինչի՞ համար, պատգամավոր ինչի՞ համար են դառնում մարդիկ: Գնում եմ, աշխատեմ, ինչ-որ մի ձեւ կարողանամ պատգամավորի ֆունկցիաները ճիշտ օգտագործել, ինչի՞ մասին է խոսքը:

-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ համեմատած Ձեր մյուս գործընկերների հետ՝ ավելի քիչ ձայն հավաքեցիք:

-Պատճառն այն էր, որ ես մի քիչ ուշ մասնակցեցի այս գործընթացներին, այդքան էլ պատրաստ չէի այս ընտրություններին մասնակցել:

-Հնարավո՞ր է՝ նրանք ընտրակաշառք են բաժանել եւ այդ կերպ կարողացել նաեւ Ձեզանից շատ քվե հավաքել:

-Ես որեւիցե բան չեմ կարող ասել: Ամեն դեպքում ես մասնակցեցի այնքանով, ինչքան կարողացա: Քարոզարշավս էլ անցկացրել եմ Արտաշատի տարածաշրջանում եւ ես համարում եմ, որ այդպես ստացվեց, եղավ, որեւէ թեմա չկա:

-Իսկ ինչու՞ միայն Արտաշատի տարածաշրջանում, ընտրատարածքը մեծացել է, չէ՞, ամբողջ Արարատի մարզը մեկ ընտրատարածք է:

-Ֆիզիկապես չէի հասցնի: Ես զբաղված էի կուսակցական աշխատանքով, ամբողջ մարզի Հանրապետական կուսակցության գործերով էի ես զբաղված: Եւ այնպես չէ, որ մյուս ձայների հետ կապված՝ ես որեւէ լումա չունեմ: Առաջին օրից հայտարարել եմ՝ ինձ հետաքրքրում են կուսակցության ձայները:

-Տեղեկություններ կան, որ Արարատի մարզից պետական ապարատում աշխատողներին հրահանգված է եղել իրենց քվեն տալ Արայիկ Գրիգորյանին, ինչու՞, նա՞ է Արգամ Աբրահամյանի հիմնական մրցակիցը համարվել, եւ այդ կերպ ցանկացել են ցույց տալ, որ ՀՀԿ-ն այդ մարզում ճնշող մեծամասնություն ունի:

-Ես այդ կարծիքին չեմ եւ որեւէ մեկնաբանություն չեմ կարող այս պահին անել, ամեն մեկը մեկի համար է աշխատել, ես չգիտեմ, թե ինչ չափով են ընդգրկված եղել Ձեր ասած մարդիկ այս ամեն ինչի մեջ, այնուամենայնիվ, փաստ է, որ Արայիկ Գրիգորյանն այսքան ձայն է տարել, մնացածը ես չգիտեմ, պետք է ճշտեմ:

Լուրեր շրջանառվեցին, որ շատ ընտրատեղամասերում քվեների գողություն է եղել, անգամ թիմակիցները իրարից ձայներ են գողացել: Ձեզանից գողություն կատարե՞լ են՝ հաշվի առնելով մարզում Ձեր թիմակիցների հավաքած ձայները:

-Ես առայժմ այդ մասին որեւէ կոնկրետ տեղեկություն չունեմ: Եթե այդպիսի բան լինի, հետագայում արձագանք կլինի, ես հիմա որեւէ տեղեկություն չունեմ:

-Ուսումնասիրությու՞ն եք կատարելու:

-Դե, ինչի մասին է խոսքը, հետաքրքիր է, որ իմանամ, բայց ամեն դեպքում տեղեկություն այս պահին չունեմ եւ որեւիցե մեկի նկատմամբ մեղադրանք հնչեցնելու կարիք չունեմ, եւ դրա առիթն էլ չկա:

-Իսկ կուսակցությունը գո՞հ է Ձեր աշխատանքից, Սերժ Սարգսյանն իր գոհունակությունը արտահայե՞լ է:

-Կարծում եմ, որ այո, այդպիսի թեմա չի եղել, մեղադրանքի խոսք իմ հասցեին չի եղել, նորմալ է ամեն ինչ: Կուսակցական աշխատանքը եղել է իմ թիվ մեկ խնդիրը:

Վահագն Հակոբյան




Լրահոս