Եկեղեցին կվերադարձվի՞. ինչու սահմանամերձ Բաղանիսում գործող հոգևոր օջախ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի ամիս առաջ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դիմել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին վերադարձվի համայնքին, կրկին դառնա գործող հոգեւոր օջախ: Մարզպետն ասել է, որ ամեն կերպ կաջակցի այդ գործին: Թեմի առաջնորդը մեզ հետ զրույցում նշեց, որ եկեղեցին կառուցվել է 20-րդ դարի սկզբին:

Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ակումբ: 1990-ական թվականների սկզբին Բաղանիսի կենտրոնում գտնվող այդ կառույցը չնչին գումարով սեփականաշնորհվել է գյուղի բնակիչներից մեկին: Նոր սեփականատերը եկեղեցուն փոքր կցակառույց է ավելացրել: Բաղանիս գյուղում կա նաեւ 13-րդ դարի ավերված եկեղեցի: Բագրատ սրբազանն ասաց, որ իրենք այդ եկեղեցին չեն կարող վերականգնել, սակայն դրա մնացորդները պետք է պահպանել:

Թեմի առաջնորդից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացքում է 20-րդ դարի սկզբին կառուցված եկեղեցին համայնքին վերադարձնելու գործը: Նա ասաց, որ այս ընթացքում տարբեր գործերի պատճառով այդ խնդրով չի զբաղվել: Բ. Գալստանյանի խոսքերով՝ կարեւորն այն է, որ Բաղանիսի բնակիչներն են շահագրգռված, նրանք են հետամուտ, որ եկեղեցին վերադարձվի համայնքին: Թեմի առաջնորդը հայտնեց, որ եկեղեցին համայնքին վերադարձնելու, եկեղեցու հետ կապված տեղեկատվություն ստանալու համար նախկինում բաղանիսցիները դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն: Նա առաջիկայում կհանդիպի եկեղեցու սեփականատիրոջ հետ, որպեսզի ավելի լավ հասկանա խնդիրը եւ հետագա անելիքները:

Բ. Գալստանյանն ասաց, որ ինքը նպատակ ունի Բաղանիսում բացել կիրակնօրյա դպրոց, որը սահմանամերձ գյուղում մատաղ սերնդի մշակութային եւ հոգեւոր դաստիարակության կենտրոն կդառնա: Նշենք, որ Բաղանիսի հարեւան Ոսկեվան, Ոսկեպար գյուղերում գործող եկեղեցիներ կան, իսկ ավելի քան 800 բնակիչ ունեցող Բաղանիսում գործող հոգեւոր օջախ չկա:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս