Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով անհրաժեշտ շեմը չհաղթահարած Կոնգրես-ՀԺԿ դաշինքի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուժի շուրջ «Ժողովուրդը» զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի հետ:
– Պարո՛ն Քոչարյան, ընտրությունների արդյունքներով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը չհաղթահարեց նվազագույն շեմը: Պատճառներից մեկը կարո՞ղ ենք համարել նրանց խաղաղության ծրագիրը. արդյոք ժողովուրդը դեռևս պատրաստ չէր ընդունել խաղաղության այդպիսի ծրագիր:
-Կոնգրեսի ամենամեծ սխալներից մեկը հիմա ասեմ որն է: Վերջին հաշվով տևական ժամանակ հասարակությանը ինչ-որ պրոյեկտի շուրջ զբաղեցնում էին՝ 4+4+4, ես կատակով ասում եմ հանած 17 գումարած 49, որովհետեւ այդ ամբողջը վերածվեց բլեֆի: Իմ հիացմունքը կարող եմ ասել Դավիթ Հարությունյանի մասին, ով հրաշալի տարել է Կոնգրեսի հետ բոլոր բանակցությունները եւ արդյունքում իշխանությունը անընդհատ նման բանակցություններից հետո ձեռք է բերել նոր գործիքներ ոչ միայն իշխանությունը պահելու, այլեւ ընտրակեղծիքները կոծկելու առումով, որովհետեւ վերջին հաշվով տեւական ժամանակ նույն Կոնգրեսը եւ այլ քաղաքական ուժեր հայտարարում էին, որ Հայաստանում այդքան ընտրող չպետք է լինի:
Ես էլ եմ համաձայն մեկ միլիոն վեց հարյուր հազար ձայնն ինձ մոտ վստահություն չի ներշնչում, այդ դեպքում հարց է առաջանում ինչու բոլոր ուժերy չեն միավորվում այդ խնդիրը լուծելու, որովհետեւ եթե այդ խնդիրը մենք չլուծեն,ք հաջորդ ընտրություններին նորից այդ թիվը կլինի: Չէ որ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանն անընդհատ հայտարարում են՝ վերջ, մենք այդ խնդիրը լուծել ենք, դուք ավելորդ 500 հազար ձայն այլեւս չեք տեսնի, բայց մենք ոչ միայն տեսանք, այլեւ տեսանք, որ այնպես է թաքցված, որ մենք ունենք ուրվականներ, ոչ թե 500 հազար ձայն, 500 հազար ուրվական: Երեւի իրենք մտածում էին, որ այդ բանակցությունների արդյունքում իրենք ձեռք կբերեն հնարավորություն նորից պառլամենտում հայտնվելու, բայց իշխանությունն ավելի ազնիվ գտնվեց եւ նրանց այդ հնարավորությունը չտվեց:
Հիմա է դա է պատճառը, ոչ թե խաղաղության ծրագիրը, մեր ժողովուրդը խաղաղություն ուզում է, խաղաղության պետք է ձգտել, խաղաղության մենք հասել ենք 94 թվականի մեր հրաշալի հաղթանակների արդյունքում: Իհարկե այդ խաղաղությունը պետք է ամրապնդելու համար մեծ դիվանագիտական աշխատանք պետք է տանել արտաքին գործերի համակարգը, որը կարելի է ասել չի կարողացել այդ խնդիրը լուծել եւ կարելի է ասել, որ մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը Հոկտեմբերի 27-ից հետո առավելեւս, որովհետեւ 27-ի արդյունքում մենք կորցրինք ոչ միայն լիդերներին, այլեւ այդ լիդերների շուրջ համախմբված պետական ինքիշխան համակարգը, որովհետեւ այն ժամանակ չէր կարող ոչ ոք Հայաստանին ժողովրդի թիկունքում գործարքներ առաջարկել մադրիդյան սկզբունքների անունի տակ, թե մյուսի, որովհետեւ կար մեկ այլ շահ, դա մեր երկրի, մեր քաղաքացու անվտանգությունն ապահովելու շահն էր:
– Իսկ որտեղ պետք է փնտրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անհաջողության պատճառը: Արդյո՞ք նա որպես քաղաքական գործիչ, այն էլ՝ ընդդիմադիր, չընդունվեց:
-Ես կարծում եմ, որ դեռ շուտ էր Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելը: Կամ Սեյրան Օհանյանը պետք է մտներ այլ կոդերով, որովհետեւ նա մեր բանակին տվել է ամեն ինչ: Ինքը Արցախի հերոս է բառիս բուն իմաստով, բայց քաղաքական այս անցուդարձի մեջ կորցնել Սեյրան Օհանյանի կերպարը եւ էժանացնել, ես չէի ցանկանա: Մեր ԶՈՒ-ում շատ չեն սեյրանօհանյանները: Ցավում եմ, որ այդպես ստացվեց. ես չէի պատկերացնում, որ Սեյրան Օհանյանը կանգնած լինի Վարդան Օսկանյանի կողքին, որովհետեւ տարբեր մարդիկ են եւ դեռ Վարդան Օսկանյանը շատ բացատրություններ պետք է տա՝ իր մտաուցած ծառայությունների արդյունքում մեր երկիրը ուժեղացել է, թե թուլացել է, բայց Սեյրան Օհանյանի ծառայությունների արդյուքում հաստատ Արցախի բանակը ուժեղացել է:
զրուցեց Վահագն Հակոբյանը