Armlur.am-ի «Ստեփանավանի ամենահայտնի այգում զանգվածային ծառահատումներ են» հոդվածի վերաբերյալ Ստեփանավանի քաղաքապետարանը պարզաբանմամբ է հանդես եկել.
«Շտապեմ տեղեկացնել, որ Ստեփանավանի, ինչպես դուք եք նշել, ամենահայտնի այգում ծառահատման որևէ դեպք տեղի չի ունեցել: Շուրջ մեկ շաբաթ է՝ նշված տարածքում իրականացվում են բացառապես գարնանային էտման աշխատանքներ, ինչը բխում է բացառապես այգու այցելուների անվտանգությունից և այգին երիտասարդացնելու նպատակ է հետապնդում: Հարկ եմ համարում նշել, որ այգու մի քանի տասնյակ ծառերի մեծ մասը իրական վտանգ են հանդիսանում այգու յուրաքանչյուր այցելու համար. քաղաքապետարանը մինչ օրս էտման լայնածավալ աշխատանքներ չի իրականացրել այգու հին տեսքը պահպանելու համար, սակայն այս տարի այդ աշխատանքները հետաձգելը կարող էր ճակատագրական լինել: Ինչ վերաբերում է հոդվածում նշվածին, թե քաղաքապետարանը որևէ մեկնաբանություն չի տվել, ապա նախ նշեմ, որ քաղաքապետարան Ձեր լրատվամիջոցից որևէ հարցում չի ստացվել, իսկ մեր բնակչությանը ծառերի էտման մասին իրազեկվել է մեր ամենշաբաթյա հաղորդաշարի՝ Ստեփանավան-NEWS-ի միջոցով: Ավելացնենք նաև, որ այս տարածքում որևէ շինություն կառուցելու նպատակ չկա, և չի կարող լինել: Այգում Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի նախաձեռնությամբ կառուցվել է Սոս Սարգսյանի հուշարձան-համալիրը, որտեղ նախատեսվում են բացառապես բարեկարգման աշխատանքներ, որոնք մեր քաղաքացիների և հյուրերի հանգիստը կդարձնեն առավել հարմարավետ, իսկ որևէ շինության առկայություն քաղաքային իշխանությունը բացառում է: Ուստի հորդորում ենք կատարել համապատասխան շտկումներ և քաղաքի բարեկարգման աշխատանքները չորակել «բարբարոսություն» կամ «վանդալիզմ»:
Կատարված աշխատանքները չեն դարձել «բնակիչների քննադատության կամ խոր վրդովմունքի պատճառ», ինչպես դուք եք նշել, ավելին՝ մեր քաղաքացիները մշտապես մասնակից են դառնում քաղաքի բարեկարգման աշխատանքներին և ողջունում են դրանք: Բացահայտ սուտ է նաև այն, որ նյութի մեջ նշվում է, թե «որոշ ծառեր հիմնովին հեռացվել են»: Գալով քաղաքի բարեկարգման այլ աշխատանքներին՝ տեղեկացնեմ, որ այժմ Ստեփանավանում իրականացվում է լայնածավալ ծառատունկ: Քաղաքի կենտրոնական հրապարակի հսկայական մի հատված քաղաքապետարանի որոշմամբ կվերածվի այգու, ծառատունկն արդեն կատարվել է: Քաղաքային իշխանության որոշմամբ նշված հատվածում տնկվել են մեծ թվով <<կեդր>> տեսակի ծառեր: Այս տարի կանաչ տարածքները քաղաքում զգալիորեն կավելանան: Ընդհանուր առմամբ տնկվում են 4000 կարմիր կաղնի, կեչի, թխկի և կանադական բարդի: Քաղաքի կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները շարունակական են լինելու»: