Ինչպես հայտնի է՝ մայիսի սկզբին հայտնի կլինի ՀՀ կառավարության նոր կազմը: Այս օրերին բոլորին հետաքրքրում է, թե որ նախարարներն են լինելու կառավարության նոր կազմում, որոնք՝ ոչ: ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ 4 նախարարի պորտֆել վերանայելու կարիք կա:
-Պարո՛ն Մակարյան, խորհրդարանական ընտրությունները Հայաստանի տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կարող են թողնել:
-Կարծում եմ, որ դրական ազդեցություն կունենան: Իսկ միջազգային դոնորների տեսանկյունից ընտրությունները այս անգամ ավելի հաջող են անցել: Արդյունքում ունենք ե՛ւ իշխող կուսակցություն, ե՛ւ ընդդիմադիր բլոկ: Դա կարեւոր է, որովհետեւ Եվրամիությունը մեզ հետ շատ է աշխատում եւ որպես դոնոր երկրների միավորում տալիս է գումարային բավականին օգնություն: Հետեւաբար խորհրդարանական ընտրությունները այդ առումով չեն ընդհատի, այլ կշարունակեն օգնությունները եւ ռեֆորմներին տրվող աջակցությունները, այդ թվում նաեւ համագործակցության տարբեր ծրագրեր, գրանտներ կլինեն, թեեւ պետական վարկի ձեւով: Բացի այդ, ներդրումները, որոնք որ պետք է մուտք գործեին մեր հանրապետություն, դրանց մեծ մասը պայմանավորված էր հենց վարչապետի անձով: Եթե Կարեն Կարապետյանը իր աշխատանքային ոճը պահպանի, ապա նրանք, ովքեր մտադրություն ունեին գալ այստեղ՝ ներդրում անելու, իրենց կյարծիքը չեն փոխի: Վարչապետը կմնա, իր թիմի մի մասը՝ նույնպես, բայց նոր մարդիկ կլինեն:
-Հաջորդ ամսվա սկզբին արդեն պարզ կլինի կառավարության նոր կազմը: Արդյո՞ք այս փոփոխությունները չեն խաթարի մեր պետական համակարգի աշխատանքը: Չէ՞ որ նոր մարդիկ կգան, նոր թիմ, կլինեն պաշտոնակություններ, նշանակումներ…
-Նրանք եղած խնդիրներին արդեն սովորած պետք է գան: Հարկավոր է ճիշտ որոնել, որպեսզի ճիշտ թեկնածուներ գտնել, որովհետեւ կան մարդիկ, ովքեր փորձ ունեն տարբեր ոլորտներում աշխատելու: Ես կարծում եմ, որ նոր նախարարների մեջ եւս կա անհրաժեշտություն՝ փոփոխություններ կատարելու: Ես կարծում եմ, որ 4 նախարարի պորտֆել վերանայելու կարիք կա:
-Կնշե՞ք, թե կոնկրետ որ նախարարներին նկատի ունեք…
-Դեռ ոչ: Դրանք առանցքային նախարարություններն են: Ընդհանրապես պետք է ընդունել, որ ոչ մի նախարարություն ավելորդ չէ, եթե նա իր տեղում ճիշտ է աշխատում: Բայց խնդիրը միայն դա չէ: Նախարար փոխելը փոքրագույն երեւույթն է, շատ ավելի կարեւոր է փոխել միջին օղակները կամ դրանք ուժեղացնել՝ վարչության, բաժնի պետերին: Օրինակ՝ պետական համակարգում կան երիտասարդներ, որոնք թեեւ լեզուներ գիտեն, բայց կյանքի փորձ, գիտելիքներ, տնտեսական ոլորտի գործունեության փորձ չունեն: Կան նաեւ վարչության պետեր, որոնք հնացել են իրենց գործելակերպով: Նրանք այնքան զբաղված են, որ չեն հասցնում ինքնակրթմամբ զբաղվել, այդ մասնագետները ծերանում են ոչ թե տարիքային, այլեւ գիտելիքի առումով: Հետեւաբար, ստացվում է այնպես, որ իրենք չեն կարողանում իրենց ֆունկցիոնալ դերակատարությունը ապահովել:
-Պարո՛ն Մակարյան, հետընտրական շրջանում արդեն արձանագրվել են մի քանի ապրանքատեսակների թանկացումներ… Որոշ մասնագետներ պնդում են, որ դրանք արձանագրվել են, քանի որ նախընտրական շրջանում ֆինանսական ռեսուրսներ են ծախսվել, ինչն էլ հետ վերադարձնելու խնդիր են լուծում դրանք ներմուծող օլիգարխները: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:
-Բնականաբար: Ես չեմ ժխտում: Բայց ես կարող եմ ասել որ այդպես կարող է տեղի ունենալ, քանի որ որոշ մարդիկ նախընտրական շրջանում կաշվից դուրս եկան, միլիոնների հասնող դոլարներ անմիաստ ծախսեցին, երբ կարող էին բարեգործական նպատակներով կամ բիզնեսի վրա ծախսել: Ու քանի դեռ հանրապետությունը ուշքի չի եկել, դեռ գլուխները խառն է, ցուցակներ են ամփոփում եւ այլն, այդ մարդիկ փորձում են այս արանքում որքան հնարավոր է՝ ծախսած գումարները հետ բերել: Երեք մոդել կա. կա՛մ իրենք իրենց արտադրանքը թանկացնում են, կա՛մ պետք է ստվերային շրջանառությունը ավելացնեն գումարները հետ բերելու նպատակով: Իսկ որոշ մարմիններ դրա առաջ աչքները փակում են, թույլ են տանլիս դա նրանց անել, որովհետեւ թույլ են տվել ընտրություններում ծախսել, եւ հիմա պետք է ասեն՝ հետ բեր էդ փողը: Կամ էլ՝ դա ծախսվել է իրենց գրպաններից, ու չի վերադարձվի: Բայց եթե կառավարությունը շարունակելու է իր սկզբունքները պահել՝ կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարել, իսկ տեսչական մարմինները թույլ չտան, որ տնտեսվարող սուբյեկտները գնան ստվերի, ապա կստացվի, որ իրենք իրենց գրպանի փողը ծախսեցին ընտրությունների համար, իրենց շահույթի հաշվին ու չեն վերադարձնի: Ու դա իրենց համար կլինի որոշ չափով խրատ, որպեսզի հետագայում իրենք իմանան՝ արդյոք կարիք կա այդքան ծախսել դրա վրա:
-Միեւնույն է՝ թանկացումների արդյունքում կրկին տուժելու է ժողովուրդը…
-Ինչ վերաբերվում է ժողովրդին, ապա կարող եմ ասել հետեւյալը՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Նույն ժողովուրդը վերցրեց փողերը, դրա դիմաց տվեց ձայներ, կարեւոր չէ, թե ում է քվեարկել, բայց նա ուշ թե շուտ դա կորցնելու է: Այսինքն՝ իրեն թվաց, թե շահել է, բայց իրականում մեկ ամիս անց նա կտեսնի, որ թանկացումների պատճառով 10 հազար դրամից ավել փող է ծախսել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԲԱՐԵԿԱՐԳ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐ ՉԿԱՆ
Վանաձոր քաղաքի այգիներն ու պուրակները գտնվում են, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Յուրաքանչյուր տարի հանգստյան սեզոնին Վանաձոր այցելող հյուրերը փաստի առաջ են կանգնում. չկան ժամանցի վայրեր, չկան բարեկարգ այգիներ ու պուրակներ: Քաղաքի միակ պուրակը, որտեղ քիչ թե շատ կարելի է հանգստանալ, Երկաթուղայինների անվան զբոսայգին է, որտեղ որոշ չափով պահպանվում է ոչ միայն մաքրությունը, այլեւ լուսավորությունը: Քաղաքի մնացած այգիներում լուսավորության ու մաքրության խնդիրը շատ սուր է: Նշենք, որ այգիները Վանաձորի քաղաքապետարանը վարձակալության է տվել մի քանի կազմակերպությունների, որոնք, սակայն, բացառապես զբաղված են շահույթ ստանալով` իսպառ անտեսելով քաղաքացիների համար հաճելի եւ բարեկարգ միջավայր ապահովելու իրենց պարտավորությունը:
Վանաձորցի Կարինե Պետրոսյանի խոսքով՝ ինքն ամեն անգամ փաստի առաջ է կանգնում, երբ ցանկանում է իր երկու երեխաներին զբոսանքի տանել. «Ամեն տարի նույն վիճակն ա, մենակ կայարանի սադն ա քիչ թե շատ նորմալ, էդ էլ մի մասը մենակ, մյուս այգիները առհասարակ աղբանոց են դարձել, որտեղ հատկապես մութ ժամերին մտնելն անթույլատրելի է»,-ասում է նա ու հավելում, որ նույն այդ Երկաթուղայինների անվան զբոսայգու կարուսելներն էլ մաշված ու վտանգավոր են օգտագործման համար.«Ժամկետանց, ջարդած կառուսելների վրա են երեխեքը խաղում, ո՛չ ասֆալտ կա, ո՛չ նորմալ լուսավորություն, ո՛չ էլ… ու սա մեր քաղաքի երեխեքի ամենալավ հանգստի վայրն է»:
Քիմիագործների այգին եւս գտնվում է քարուքանդ վիճակում, ժամանակին կառուցված կարուսելներից այսօր միայն մետաղե աղբ է մնացել: Նույն պատկերն է նաեւ Սայաթ-Նովայի անվան զբոսայգում, որը նախորդ տարի հետ է վերցվել վարձակալից ու անցել քաղաքապետարանի պահպանությանը: Նշենք, որ Քիմիագործների այգու մի հատվածում նախատեսվում է կառուցել «Թումո» կենտրոն:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի ժխտում՝ քաղաքի այգիներում եւ պուրակներում անելիքներ շատ կան: Ասլանյանի խոսքով՝ պետք է սկսել վարձակալների հետ կնքված պայմանագրերը վերանայելուց եւ նրանց հստակ պարտավորեցնելուց, թե ով երբ ու ինչ պետք է անի իր վարձակալած տարածքում, որպեսզի ոչ միայն շահույթ ստանա, այլ նաեւ բնակչության ժամանցն ապահովի. «Սոցներդրումների հիմնադրամի հետ համատեղ ծրագիր կիրականացնենք՝ Սայաթ-Նովայի անվան զբոսայգին բարեկարգելու համար, բանակցություններն ընթացքի մեջ են: Նաեւ իմ կողմից բանակցություններ են տարվում մի քանի այլ պուրակներ եւս բարեկարգելու, ինչպես նաեւ նորերը ստեղծելու ուղղությամբ: Այօր տարածքներ կան` հասարակական նշանակության, որոնք տրամադրվել են այս կամ այն մարդուն՝ առանց հստակ զարգացման ծրագիր ունենալու»,- արդարացավ քաղաքապետը:
ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր