ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ԻՐ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական անցած ընտրությունների ընթացքում առկա էին բազմաթիվ խնդիրներ՝ կապված տեխնիկական սարքերի խափանման, նոր ընտրակարգով սահմանված այլ նորամուծությունների հետ: Ավելին՝ դիտորդներից շատերը արձանագրեցին, որ ՀՀ քաղաքացիների զգալի մասը ծանոթ չէր նոր ընտրակարգին, ինչից էլ եղան օգտվողներ: «Ժողովուրդ» օրաթերթը ընտրական օրենսգրքի համահեղինակ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ զրուցել է իր կուսակիցների կողմից հնչեցված քննադատությունների եւ նոր ընտրական օրենսգրքի բարդությունների մասին:

-Պարո՛ն Հարությունյան, այս ընտրությունները առաջինն էին, որ անցկացվեցին նոր ընտրական օրենսգրքով: Որպես այդ օրենսգրքի համահեղինակ՝ ի՞նչ կարծիքի եք, այն հաջողվա՞ծ էր:
-Ես ինքս գոհ եմ արդյունքներից եւ համարում եմ, որ ճիշտ ուղով ենք գնում, ավելին՝ բաց ցուցակներով համամասնական ընտրությունը, ես կարծում եմ, ունի շատ մեծ ապագա: Որեւէ մեկը, իհարկե, չէր կարող ակնկալել, որ դա միանգամից կցուցադրի իր ողջ պոտենցիալը, բայց ակնհայտորեն այն ունի շատ մեծ պոտենցիալ: Հայտնի է, որ կուսակցությունները բաց ընտրական համակարգի ժամանակ ոչ թե պարփակված են, կուսակցության ներսում են որոշումներ կայացնում, այլ ժողովուրդն ունի անմիջական ազդեցություն կուսակցության էլիտայի ձեւավորման վրա:
-Մի՞թե չեք նկատել, որ ընտրությունների ժամանակ ընտրողների մոտ բազմաթիվ տարակարծություններ առաջացան, մասնավորապես ընտրողները տեղյակ չէին, թե ինչպես նշում կատարեն քվեաթերթիկի վրա, նրանք անգամ չէին ճանաչում իրենց ընտրատարածքում առաջադրված թեկնածուներին, որովհետեւ վերջիններս շատ-շատ էին:
-Ես համաձայն եմ, որ բաց ցուցակներով ընտրակարգի փորձ նախկինում մենք չենք ունեցել, սա առաջին փորձն էր, եւ առաջին փորձի համար ես շատ լավ եմ գնահատում արդյունքները: Նաեւ վստահ եմ, որ ամեն անգամ այն ավելի ու ավելի կբարելավվի:
-Տավուշի մարզում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ եթե շարունակեր լինել պատգամավոր, պայքարելու էր, որ փոխվեր այս ընտրակարգը։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր կուսակցի այս հայտարարությանը:
-Ես, ճիշտն ասած, չեմ լսել Հակոբ Հակոբյանի մեկնաբանությունները, բայց կարող եմ հասկանալ այն մարդկանց, թեկուզեւ չհամաձայնել, ովքեր որ եթե չեն անցել, ապա համարում են, որ ընտրակարգն է դրա մեղավորը:
-Իսկ Ձեր գնահատմամբ՝ հաջողվե՞ց անցկացնել ՀՀԿ-ի խոստացած ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները:
-Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք չէ անգամ ինձ ուղղել, Դուք կարող եք լսել, թե ինչպիսի արձագանք կա հանրությունում, եւ դա լիովին բավարար է: Մենք ունեցել ենք, իմ գնահատմամբ, աննախադեպ լավ ընտրություններ:
-Բայց քաղաքական ուժերը, նաեւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդները հայտարարեցին, որ եղել են ընտրողների ուղղորդված հոսքեր, ընտրակաշառքներ: Մի՞թե սա կարելի է համարել աննախադեպ լավ ընտրություններ:
-Ես չեմ կարող դա ընդունել որպես բացարձակ ճշմարտություն: Ես կարող եմ հասկանալ, որ լինում են բացասական երեւույթներ, ինչը խիստ քննադատելի է, ավելին՝ ես կարծում եմ, որ քաղաքական գործընթացի յուրաքանչյուր մասնակից պետք է իր կողմից ջանքեր գործադրի, որպեսզի նման թերությունները ոչ միայն բացահայտվեն, այլեւ պատժվեն մինչեւ վերջ:
-Ձեր կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից Տիգրան Արզաքանցյանն էլ է հայտարարել, որ իր ընտրատարածքում ընտրակաշառք է բաժանվել: Սա ինչպե՞ս հասկանանք:
-Ընտրությունների ժամանակ, երբ ինչ-որ մեկը պարտություն է կրում, մեղավոր է միշտ համարվում ընտրական օրենսգիրքը: Ես կարող եմ հասկանալ նման մոտեցումը, չնայած բացարձակապես այն չեմ ընդունում:
-Շուտով նոր Կառավարություն պետք է ձեւավորվի, Ձեր ապագան ինչպե՞ս եք պատկերացնում:
-Ես իմ ապագան տեսնում են քաղաքական առումով այնպիսին, ինչպիսին նպատակահարմար կգտնի կուսակցությունը:
-Բայց ամեն մարդ ինքն է տերն իր ճակատագրի: Ինչպիսի՞ն է Ձեր ցանկությունը:
-Ինչպես արդեն նշեցի՝ իմ ցանկությունն է ծառայել ՀՀ-ին, որտեղ որ առավել արդյունավետ կկարողանամ ծառայել:
-Եվ վերջում՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նոր ԱԺ-ի առաջին նիստի օրը որոշելու պատճառով լարվել են Ձեր եւ Հրայր Թովմասյանի հարաբերությունները:
-Առաջին անգամ եմ նման բան լսում, չկա այդպիսի բան:

 

 

 

 
ՀՎԿ-Ն ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻՆ

ԱԺ ընտրություններում կրած պարտությունից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կարծես թե մտադրություն ունի մասնակցելու Վանաձորի ավագանու նիստերին: Առավել եւս, որ ավագանու նիստերին մասնակցող ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի անդամները արդեն կարողանում են առանց որեւէ դժվարության նիստ գումարել եւ որոշումներ ընդունել:

Չնայած նրան, որ 2016թ. հոկտեմբերի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններից հետո ավագանու «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խմբակցությունները որոշել էին բոյկոտել ավագանու նիստերը, դեռեւս մարտի 31-ին Վանաձորի քաղաքապետարանում կայացավ համայնքի ավագանու առաջին նիստը, որին կրկին ներկայացել էին ավագանու միայն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների անդամները՝ թվով 15 հոգի:
«Ժողովուրդ»-ը հենց «Հայկական վերածնունդ» կուսակցությունից փորձեց պարզել, թե ի՞նչ մտադրություններ ունեն Վանաձորի ավագանու նիստերին մասնակցության վերաբերյալ, քանի որ հաջորդ նիստը պետք է կայանա օրեր անց՝ ապրիլի 18-ին: Սակայն մեր ջանքերն անցան ապարդյուն. որեւէ կերպ հնարավոր չեղավ ՀՎԿ-ին դուրս բերել խորը դեպրեսիայից եւ մեկնաբանություններ ստանալ: Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը խոստացավ, որ հարցի առնչությամբ հստակ կարտահայտի իրենց դիրքորոշումը, բայց այդպես էլ ոչինչ չասաց:
«Ժողովուրդ»-ը զրուցեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք բանակցություններ վարում են ՀՎԿ-ի իրենց կոլեգաների հետ.«Ոչ միայն բանակցություններ չկան, այլեւ բանակցությունների կարիքն էլ չկա: Նիստին ով կգա, կգա, ով չէ, մենք մեր նիստը անելու ենք այսպես թե այնպես, օրենքի ընձեռած հնարավորությունով մեր նիստը մենք անում ենք, մյուսների հետ բանակցություններ վարելու առանձնապես որեւէ տրամադրվածություն չունեմ»,-ասաց քաղաքապետը: Իսկ հարցին, եթե օրենքը թույլատրում էր, ապա ինչո՞ւ նախկինում նիստ չէին կարողանում գումարել, Ասլանյանը պատասխանեց. «Որովհետեւ հունվարի 1-ից է օրենքը ուժի մեջ մտել, հունվարը նստաշրջանի ամիս չէր, հունվարին նիստ չենք գումարել, փետրվարին մի նիստ գումարեցինք եւ հատուկ այնպես արեցինք, որ ինքներս քվորում չապահովենք, դրանով ազդակ տանք մյուս ուժերին, որ մեզ համար ինքնանպատակ չէ մի նիստ գումարելը»,- ասաց Ասլանյանը:
Հարցի առնչությամբ փորձեցինք զրուցել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե որեւէ տեղեկություն չունի, սակայն հավելեց. «Աշխարհում ամեն ինչ հնարավոր է»:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԽԱՌՆՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ
Ապրիլի 6-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե իրենք անցնում են աշխատանքային արտակարգ ռեժիմի, լարված իրավիճակ է ստեղծել մի շարք նախարարություններում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մի շարք նախարարություններ այս օրերին աշխատանքային հաշվետվություններ կազմելուն զուգահեռ սկսել են զբաղվել շենքի ներքին հարդարման աշխատանքներով: Բանն այն է, որ ամեն օր սպասվում է վարչապետի անակնկալ այցը որեւէ նախարարություն, ու քանի որ հատկապես հին շենքերում տեղակայված նախարարություններում, բացի ղեկավար կազմի աշխատասենյակներից, մնացած հատվածներն անմխիթար վիճակում են, հիմա փորձում են դրանք վերանորոգել, տեսքի բերել, որպեսզի նաեւ վարչապետի «դրայվը» չկոտրեն: Մեր տեղեկություններով՝ այս առումով ամենատխուր վիճակում տրանսպորտի եւ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է: Ավելին՝ այս նախարարության ղեկավար կազմը տեւական ժամանակ է, ինչ ցանկանում է տեղափոխվել այլ շենք, սակայն փորձերը անցնում են ապարդյուն: Եվ հիմա նախարարության աշխատակիցներն առավել ջանք պետք է գործադրեն՝ վարչապետին ըստ պատշաճի դիմավորելու համար:

 

 

ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Դեռեւս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Թունելի Հակոբի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել են: Այսպես՝ նրա դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 57 մլն 920 հազար դրամ (մինչդեռ այն 2015 թվականին կազմել է 28 մլն 175 հազար դրամ), 15 հազար 150 դոլար (15 հազար 150 դոլար) եւ 20 հազար եվրո, որը 2015 թվականին Հակոբյանն ուղղակի չի ունեցել: Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 676 հազար դրամ, եւ երկու ընկերությունից ստացած շահաբաժինը՝ ավելի քան 215 մլն դրամի չափ: Հակոբյանի փոխառության, վարկի գումարը անցած տարվա ընթացքում, տարեվերջին կազմել է 120 մլն դրամ:

 

 

ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ՝ ԽԱԽՏՈՒՄՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաց ընթացակարգով գրենական պիտույքներ եւ գրասենյակային նյութեր է փորձել ձեռք բերել: Բայց ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել գնման այս գործընթացին: Բանն այն է, որ հրավերով ներկայացված գնման առարկայի տեխնիկական բնութագիրը չի համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, ինչպես նաեւ 2-րդ կետերով եւ 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին: Ասել է, թե ԿԸՀ-ն գնման գործընթացը մրցակցային եւ թափանցիկ տեղի չի ունեցել: Բացի այս՝ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակը չի ընդլայնվել:




Լրահոս