ՀՀԿ-ականները դեռ չգիտեն՝ կդառնան պատգամավոր, թե կուղարկվեն «թոշակի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններից անցել է երկու շաբաթ, վաղուց հայտնի է՝ քաղաքական ուժերից որը քանի մանդատ է ստացել, բայց ՀՀԿ ներսում դեռ խուլ անորոշություն է. թեկնածուների գերակշիռ մեծամասնությունը պարզապես չգիտի՝ ինքը կդառնա պատգամավոր, թե կուսակցությունը կստիպի ինքնաբացարկի դիմում ներկայացնել՝ փոխարենը տալով որեւէ պաշտոն կամ ուղարկելով «թոշակի»:

Ու քանի որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել է ՍԴ՝ բողոքարկելով ԱԺ ընտրությունների արդյունքները, պագամավորների մանդատների հանձնման արարողությունը, նոր խորհրդարանի՝ լիազորությունների ստանձնումն ինքնըստինքյան երկարաձգվում է: ԿԸՀ-ն, որ ՍԴ-ում հանդես է գալիս որպես պատասխանող, դեռեւս չի հայտարարել ինքնաբացարկների համար վերջնաժամկետ: Ու հիմա ՀՀԿ ներսում երկարաձգվում է այս անորոշ վիճակը, դրանից բխող հետեւանքներով հանդերձ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ներկուսակցական «ռազբորկաներ» են սկսվել, թե թեկնածուներից ով քանի ձայն էր խոստանում եւ քանի ձայն բերեց, ինչու այս կամ այն ընտրատարածքում բավարար քվե չապահովեցին: Մյուս կողմից նաեւ սկսվել է կուսակցական վերնախավի մոտ միմյանց «փչացնելու» գործընթացը. թեկնածուները պարզապես փորձում են սեւացնել պոտենցիալ հակառակորդներին՝ նրանց խաղից դուրս հանելու եւ իրենց տեղն ավելի ամրապնդելու համար: Առանձին պայքար է ընթանում այն մարդկանց միջեւ, ովքեր ներքուստ համոզված են, որ դառնալու են պատգամավոր ու արդեն մտածում են խորհրդարանական մշտական հանձնաժողովները կամ միջազգային խորհրդարանական պատվիրակությունները գլխավորելու մասին. նաեւ այդ տեղերի համար է պայքար սկսվել: Կարճ ասած, իշխանական վերնախավը ներքին քննարկումներում փայլում է իր ողջ փչացածությամբ: Եւ որքան ավելի երկար է ձգվում այս անորոշ վիճակը, այնքան կրքերն ավելի են թեժանում:

Հատկանշական է փաստը, որ նախկինում գոնե մեծամասնականով հաղթած թեկնածուները գիտեին՝ եթե տվյալ ընտրատարածքի արդյունքները դատարանում չեն բողոքարկվում, իրենք հաստատ կստանան մանդատ: Ի վերջո, մեծամասնականով հաղթած թեկնածուին միանգամից պաշտոն տալու եւ այնտեղ նոր ընտրություններ անցկացնելու հավանականությունը շատ չնչին էր. նախ՝ սա ենթադրում էր նոր ընտրությունների նշանակում, ինչն էլ հանգեցնելու էր նոր ծախսերի առաջին հերթին պետական բյուջեից, բացի այդ՝ քաղաքական լարվածությունն էր այդպես շարունակվում, մի բան, որ իշխանություններին ձեռնտու չէր:

Իսկ հիմա նման խնդիր չկա, եւ ռեյտինգային ընտրակարգով առավել ձայներ ստացած անձինք անգամ չգիտեն՝ կդառնան պատգամավոր, թե ոչ: Ի վերջո, եթե այս անգամ նրանց ստիպեն ինքնաբացարկ հայտնել կամ նշանակեն որեւէ պաշտոնի, ապա նոր ընտրություններ անցկացնելու կարիք այլեւս չի լինի. պատգամավոր կդառնա իրենց ցուցակի՝ ռեյտինգային ընտրակարգով առավել ձայներ ստացած հաջորդ թեկնածուն: Ու հիմա այս հանգամանքը լուրջ կախվածության մեջ է դրել այդ թեկնածուներին՝ միաժամանակ հույս արթնացնելով նրանց մեջ, ովքեր դեռ կարող են դառնալ պատգամավոր:

Շատ ավելի անորոշ է համամասնական թեկնածուների, հատկապես երկրորդ էշելոնի թեկնածուների վիճակը: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր է դառնալու 28 հոգի: Ու եթե ՀՀԿ քաղաքական թիմի անդամների, օրինակ՝ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի, Սամվել Ֆարմանյանի ու էլի մի քանիսի դեպքում պարզ է, որ նրանք շատ մեծ հավանականությամբ պատգամավոր կդառնան, ապա շատերի ճակատագիրը դեռ անհայտ է: Օրինակ՝ պարզ չէ Շուշան Պետրոսյանը, որ ցուցակում 16-րդն է, Վահան Հարությունյանը, որ 23-րդն է, կամ Միհրան Հակոբյանը, որ 26-րդն է, կամ Արման Սաղաթելյանը, որ 28-րդն է, արդյո՞ք մանդատ կստանան, թե նրանց կասեն ինքնաբացարկի դիմում ներկայացնել:

Նման թեկնածուներ ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղերում քիչ չեն, ու հիմա յուրաքանչյուրը սրտատրոփ սպասում է որոշմանը՝ փորձելով օգտագործել հնարավորությունները՝ Սերժ Սարգսյանի աչքին երեւալու, նրա մոտ իրենց բարեխոս-միջնորդներ ուղարկելու համար: ՀՀԿ-ում վերջնական որոշման սպասում են թեկնածուները, որոնք հույս ունեն՝ իրենց գործընկերներին գործադիր գործուղելու դեպքում առաջ կգան ու մանդատ կստանան. խոսքը ՀՀԿ ցուցակում 28-րդ համարից հետո ընդգրկված անձանց մասին է: Առավել եւս, երբ դեռ մինչեւ վերջերս որեւէ մեկը չէր սպասում, որ, օրինակ, որոշում կկայացվի Արտակ Զաքարյանին ու Արտակ Դավթյանի ՀՀ պաշտպանության փոխնախարարներ նշանակելու մասին. նրանց ավելի շատ խորհրդարանում էին տեսնում:

Բայց ինչպես պարզվեց ՀՀԿ ԳՄ վերջին նիստում՝ Սերժ Սարգսյանը միանգամայն այլ որոշում էր կայացրել, եւ հիմա, երբ Զաքարյանը չդառնա պատգամավոր, տեղ կբացվի 28-րդ հորիզոնականից հետո ընդգրկվածների համար. իսկ թե կոնկրետ ո՞ւմ, պարզ է, որ դեռ վերջնական հայտնի չէ: Հիմա քանի դեռ վերջնականապես չի ձեւավորվել կառավարությունը, նախարարի, փոխնախարարի կամ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարի, տեղակալների պաշտոններում հնարավոր են նման այլ անակնկալ նշանակումներ եւս:

Այնպես որ, թե նոր խորհրդարանում առնվազն իշխող մեծամասնությունն ինչ դեմքերով է ներկայացված լինելու, կախված է Սերժ Սարգսյանից. ՀՀԿ մեր աղբյուրների պնդմամբ՝ դեռեւս որեւէ մեկի մասին վերջնական որոշում կայացված չէ, եւ Սերժ Սարգսյանն աշխատում է դեռեւս չբացահայտել իր մտադրություններն ու շատ չխոսել այդ մասին:

Հ.Գ. Ի դեպ, ինչ վերաբերում է ինքնաբացարկներին, ապա առայժմ հստակ է, որ պատգամավոր չի դառնա ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Տարոն Մարգարյանը, որը, գիտեք, Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ ցուցակն է գլխավորելու եւ հաղթելու դեպքում մնալու է քաղաքապետ: ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի եւ ՀՀԿ ցուցակում երրորդ տեղը զբաղեցրած Արփինե Հովհաննիսյանի դեպքում եւս պարզ չէ՝ կմնան գործադիրում՝ որպես պաշտպանության եւ արդարադատության նախարարներ, թե կգնան խորհրդարան: Մեր աղբյուրները հավանական են համարում նրանց՝ գործադիրում մնալու տարբերակը, բայց, դե, հստակ չէ՝ վերջին պահին ինչ որոշում կլինի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս