Սերժ Սարգսյանն անուղղակի հաստատում է, որ ընտրություններում անխնա ընտրակաշառք է բաժանվել. նա դեսպաններին միամիտի տե՞ղ է դրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն օրեր առաջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ, անդրադարձել Հայաստանում անցկացված խորհրդարանական վերջին ընտրություններին եւ ԼՂ խնդրին:

Միայն թե ՀՀ ԱԺ ընտրությունների մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից տպավորություն էր, թե նրա կարծիքով դեսպանները բացարձակ անտեղյակ մարդիկ են, որոնք որեւէ գաղափար չունեն ապրիլի 2-ին Հայաստանում կայացած միջոցառումներից ու ամբողջական տեղեկատվությունը հենց իրենից էին լսում: Հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանն այնպիսի պայծառ գույներով է ներկայացրել խորհրդարանական վերջին ընտրությունները, կարծես ընտրակաշառք բաժանելը, վարչական ռեսուրսներ կիրառելը, մարդկանց նկատմամբ ճնշումները տեղի են ունեցել բոլորովին այլ երկրում եւ ոչ երբեք Հայաստանում:

«Ոչ միայն ընտրությունների պարագայում, այլ նաեւ բոլոր երեւույթները գնահատելիս մշտապես աշխատում եմ խուսափել «ամենա-ամենա» բնորոշումներից եւ նախընտրում գործընթացներին ուղղակի տալ համատեքստային գնահատական: Եւ կցանկանայի նշել, որ այս ընտրություններն արձանագրեցին այն կարեւոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության եւ պետականաշինության գործում»,- դեսպաններին փորձել է համոզել Սերժ Սարգսյանը եւ խոսել Հայաստանում բազմակարծության մասին, նաեւ առանձնացրել իշխանությունների եւ ընդդիմադիրների միջեւ ԸՕ-ի շուրջ քաղաքական համաձայնության կայացումը եւ այս առումով միջազգային համագործակցությունը:
Բայց ամենաուշագրավը նրա հայտարարություններն էին ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների մասին:

«Մենք երախտապարտ ենք բոլոր դիտորդական առաքելություններին իրենց աշխատանքի եւ գնահատականների համար: Հատկանշական է, որ դիտորդական առաքելությունների գնահատականները հիմնականում համահունչ են, եւ շատ կարեւոր է, որ դրանք իրար չեն հակասում: Եթե դրանք տարբերվում են, ապա իրար փոխլրացնում են: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը փոխադարձ շահավետ է եւ լավ ավանդույթներ է ստեղծում մեր տարածաշրջանում»,- դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Եթե հիշում եք՝ միջազգային դիտորդական առաքելություններն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատները ԱԺ ընտրությունների մասին խոսելիս առանձնացրել էին համատարած ընտրակաշառքի բաժանման եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու երեւույթները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ապրիլի 3-ին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականի մեջ դրվատանքի խոսքեր հնչեցնելուց հետո նաեւ արձանագրել էր. «Ցավոք, գործընթացը խարխլվել է ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի, կրկնվող տեղեկություններով, ընտրողների մասնավորապես դպրոցներում ու հիվանդանոցներում քաղաքացիական ծառայողների եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցների ահաբեկումներով, ինչպես նաեւ վարչական դիրքի չարաշահմամբ»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այս գնահատականները կրկնել էին ԵՄ խոսնակը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գնահատականին իրենց համաձայնությունն էր տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ մեջբերելով այդ հատվածը: Բացի այդ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մի քանի անգամ խոսել էր ընտրություններում ընտրակաշառք բաժանելու եւ պաշտոնյաների կողմից ճնշումներ գործադրելու մասին՝ ասելով, որ քաղաքական կոռուպցիան լուրջ սպառնալիք է Հայաստանի ապագայի համար:

Ու այսքանից հետո, երբ Սերժ Սարգսյանը չի առարկում հնչեցված գնահատականներին, դեռ ավելին՝ երախտագիտություն հայտնելով հնչեցված խոսքերի համար, ընդունում է միջազգային դիտորդների գնահատականները, ստացվում է՝ ինքն էլ իր հերթին անուղղակի հաստատում է, որ ընտրություններում անխնա ընտրակաշառք է բաժանվել, վարչական ռեսուրսն է գործի դրվել՝ ընտրողներին ճնշելու նպատակով, ու այդ բոլոր բացասական երեւույթները, վերջապես, իրենց հետեւանքներն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա: Բայց այս դեպքում արդեն հերքվում են «ընտրություններում կարեւոր առաջընթաց արձանագրելու» մասին Սերժ Սարգսյանի պնդումները. չէ՞ որ կապ չունի՝ ընտրությունների արդյունքները խեղաթյուրվել են՝ բիրտ մեթոդներով, լցոնումներով, արձանագրություններում կեղծ արդյունքներ գրելով, թե ընտրողների քվեն գնելու եւ ճնշումների ճանապարհով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս