Այդքան ծախս են անում, որ Երևանը տգեղացնեն. քանդակագործը` իր մտահոգությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ հայ հանրության մի մասը սկսել է հույսեր կապել քաղաքական այդ գործընթացի հետ: Եկել է պահը, երբ ինքներս մեր առջեւ պետք է հաշվետու լինենք` ինչ ենք կորցրել եւ ինչ ենք շահել քաղաքային վերջին իշխանությունների կառավարման ընթացքում: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանի հետ: Նա խոստովանել է, որ ընտրությունների հետ կապված իր տրամադրվածությունը վատատեսական է: Մեր զրուցակիցը նկատել է, որ քաղաքը կառավարում են բարձր ճաշակից զուրկ մարդիկ, որոնց նպատակն է հաշվել, թե որ ծրագրից որքան շահույթ կստանան: Քանդակագործն անդրադարձել է նաեւ Երեւանի արտաքին տեսքին, դիզայներական լուծումներին:

-Պարո՛ն Ալեքյան, առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Ինձ համար նշանակություն չունի` Երեւանի քաղաքապետն ով կլինի. երկրի կառավարման համակարգն է վատը, դրա համար էլ մեզ մոտ ոչինչ չի փոխվում: Ի՞նչ տարբերություն` քաղաքապետը կմնա նույնը, թե կփոխվի: Այս առումով ես վատատես եմ դարձել: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեզ տարան բրեժնեւյան ժամանակաշրջան, փոխանակ տանեին դեպի դեմոկրատիա: Չորս կուսակցություն անցկացրին, վերջացրին: Հիմա իշխանությունները էլի միաձայն կանցկացնեն իրենց նախընտրած ծրագրերը:

-Որպես քանդակագործ` վերջին տարիներին մայրաքաղաքի հետ կապված ի՞նչ մտահոգիչ երեւույթներ եք նկատում:

-Ինձ համար տհաճ են մայրաքաղաքում ամեն քայլափոխի անճաշակ ձեւով տեղադրված գովազդային վահանակները: Չեմ հասկանում նաեւ, թե ովքեր են հաստատում, որ իրականացվում են, օրինակ` Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, Թումանյան-Սայաթ-Նովա հատվածում անձրեւանոցներով կոմպոզիցիաները: Այդքան ծախս են անում, որ քաղաքը տգեղացնեն. շատ անդուր է: Եթե դա է մեր քաղաքային իշխանությունների ճաշակը, բան չունեմ ասելու: Այնպիսի տպավորություն ունեմ, որ իրենք բարձրարժեք բաների հետեւից չեն ընկնում, ուղղակի հաշվում են, թե ինչից որքան շահույթ ստանան, մտածում են` ինչ գործ դնեն, ինչ գործ չդնեն: Սա է ղեկավարների հոգեբանությունը, դրա համար էլ քաղաքն այլանդակվում է:

-Երեւանն ինչպիսի՞ քաղաքապետի կարիք ունի:

-Մեզ պետք է արվեստից հասկացող, մշակույթն արժեւորող քաղաքապետ: Բավական է նայեք մեր իշխանությունների կառուցած անճաշակ տներին, կարող եք պատկերացում կազմել, թե քաղաքն ինչ ճաշակով պետք է սարքեն: Չէ՞ որ մարդու մասին կարծիք կազմելու համար նրա տանն են նայում: Ցավն այն է, որ միլիոններ են դրվում այդ տների կառուցման համար: Այդ նույն մարդկանց թվում է նաեւ, որ եթե թանկ շոմպայն են խմում, ուրեմն իրենք բարձր ճաշակ ունեն:

-Եթե որպես մասնագետ «կարգի բերելու» լինեիք մայրաքաղաքը, որտեղի՞ց կսկսեիք:

-Այն, ինչ տեսնում ենք, մեզ իշխող համակարգի գործունեության արդյունքն է: Արդեն 100 տարի է` մեզ մոտ այդ սիստեմն է գերիշխողը: Նույն իրավիճակը Ռուսաստանում է: Ամենակարեւորն այն է, որ մեզ մոտ օրենքները գործեն, ուժ ունենան: Երբ քաղաքի կենտրոնում տեսնում ենք ճարտարապետական այլանդակություններ, գիտակցում ենք, որ փողն է զորեղ, ոչ թե օրենքը: Նախկինում Հանրապետության հրապարակը քաղաքի տարբեր անկյուններից շատ գեղեցիկ կերպով երեւում էր, հիմա` ոչ, քանի որ բարձրահարկ շենքերը խանգարում են տեսարանին: Նույնկերպ փչացավ օպերային թատրոնի տեսարանը: Աստված տա` առաջիկա ընտրությունների արդյունքում մի բան փոխվի, բայց ես, ցավոք, այդ առնչությամբ առանձնակի հույսեր չունեմ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս