ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՁՈՒԿԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ թանկացել է ոչ միայն ձուն, այլեւ ձկնամթերքը: Ինչպես հայտնի է՝ Զատիկի տոնին ե՛ւ ձկնամթերքի, ե՛ւ հավկիթի պահանջարկի ավելացում է նկատվում, ինչի արդյունքում որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, բարձրացնում են իրենց արտադրանքի գները:

Նշենք, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ ձկնամթերքը թանկացել է: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ձկնամթերքի շուկայում գրանցվել է 15.7 տոկոս, իսկ այս տարվա փետրվարի համեմատ՝ 12.7 տոկոս գնաճ:
«Ժողովուրդ»-ը ձկնաբույծներից տեղեկացավ, որ 1 կգ իշխան ձկնատեսակի բացթողման գինը կազմում է 2000 դրամ: Այսինքն՝ խանութներին եւ սուպերմարկետներին մեկ կգ իշխան ձկնատեսակը մատակարարվում է 2000 դրամով: Իսկ խանութներն ու սուպերմարկետները, ավելացնելով իրենց գինը, վաճառում են 2100-2300 դրամի սահմաններում: Օրինակ՝ իշխան ձկնատեսակի 1 կգ-ն այս օրերին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է 2090 դրամով: Նույն պատկերն է նաեւ «Զովք» սուպերմարկետների ցանցում:
Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ձկնամթերքի գնի ներկայիս աճը իրենք չեն ընկալում որպես թանկացում. «Դա թանկացում չէ, ուղղակի նախկինում ձուկը իր ինքնարժեքից այնքան ցածր էր վաճառվում, որ այս օրերին գնի մի փոքր ավելացումը մարդկանց մոտ որակվում է որպես թանկացում»: Բունիաթյանը շտապեց հավաստիացնել, որ ձկնամթերքի գնի բարձրացումն ամենեւին էլ կապ չունի Սուրբ Զատիկի տոնի հետ: «Մենք այդ առիթը չենք օգտագործում, որ ձկնամթերքը թանկացնենք: Ես փորձում եմ դա վերահսկել: Մեր միության անդամ ձկնաբույծներին հորդորել եմ, որպեսզի Զատիկի տոնի ֆոնին չթանկացնեն իրենց արտադրանքը եւ մյուս տնտեսվարողներին ձուկը առաջարկեն մատչելի, խելամիտ գնով: Այդ 2000 դրամն է, եւ այն չի բարձրանա, հաստատ առիթը չենք օգտագործի: Բայց զգուշացնեմ, որ մենք լիազորություն չունենք խանութներին եւ սուպերմարկետներին պարտադրել գնային քաղաքականություն սահմանելու հարցում: Մենք այդ հարցում չենք կարող իրենց ստիպել»,- շեշտեց ձկնաբույծը: Բունիաթյանը նաեւ վստահեցրեց, որ Զատիկի տոնին պահանջարկի ավելացմանը զուգահեռ ձկնամթերքի դեֆիցիտ չի առաջանա:
Իսկ հնարավոր է, արդյո՞ք, Զատիկի տոնի հետ կապված ձկնամթերքը էժանանա, այս հարցին Բունիաթյանը կարճ պատասխանեց՝ ո՛չ: Այնուհետեւ ավելացրեց, որ եթե այն փոքր-ինչ էժանանա, ապա ձկնային տնտեսությունները չեն դիմանա ու իրար հետեւից կփակվեն: Քանի որ ըստ նրա՝ ձկան միայն ինքնարժեքը 1600-1700 դրամ է, իսկ եթե տնտեսվարողները եկամուտ չհետապնդեն, բնականաբար կդադարեցնեն իրենց գործունեությունը:
Ձկնաբույծի խոսքերով՝ միայն վերջին երեք տարիներին Հայաստանում 320 ձկնային տնտեսություններից 200-ը փակվել է, մնացել է 120-ը: «Մենք 200 ձկնային տնտեսություն կորցրեցինք: Նախորդ կառավարությունը դեմպինգի միջոցով ձկան գինը երկար ժամանակ ցածր պահեց, ինչի արդյունքում մի շարք ձկնային տնտեսություններ չդիմացան ու փակվեցին»,- պարզաբանեց Բունիաթյանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձկնամթերքի շուկայում գնի հետ կապված մոնիթորինգ չի իրականացնելու: Քանի որ, ըստ ՏՄՊՊՀ-ի, այս ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն չկա: Մինչդեռ նախկինում հանձնաժողովը ձկան շուկայի ուսումնասիրություն իրականացրել է, քանի որ այստեղ երկու գերիշխողներ են եղել. «Յունիֆիշ» եւ «Մասիս ձուկ» ընկերությունները: Ինչպես հայտնի է՝ «Յունիֆիշ» ընկերությունը սնանկացել է:
Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր ղեկավարած կառույցը վերահսկողություն իրականացնում է: «Մենք գործարկել ենք «Թեժ գիծ» ծառայությունը եւ բավականին օպերատիվ ձեւով ստանում ենք ահազանգեր եւ արձագանքներ: Մենք այցելություններ ենք իրականացնում նաեւ սննդի շղթայի բոլոր արտադրություններում: Մենք իրականացնում ենք պետական վերահսկողության միջոցառումներ դիտարկումների եւ ստուգումների, մշտադիտարկումների միջոցով»,- հայտարարեց ՍԱՊԾ պետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՆՍՏԱՑՈՒՅՑԸ
Սարի թաղում հուլիսին տեղի ունեցած միջադեպերով կալանավորվածների հարազատներն արդեն երկրորդ շաբաթն է՝ նստացույցի են դուրս եկել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը, ով հայտնեց, թե ոստիկանները նրանց են մոտեցել եւ պահանջում են դիմացի մայթ անցնել:
Հրաչյա Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեքենաներ են կայանել այնտեղ, որտեղ իրենք միշտ նստացույց են արել եւ խոչընդոտում են իրենց: «Խոսակցությունն այնպիսին է, որ անցեք դիմացի մայթ: Դիմացի մայթ անցնելու նպատակ չեմ տեսնում, այդպես լինի, տանս դիմացը կնստեմ, մեծ տարածություն է: Մի անգամ ջուր բաց թողեցին, մի անգամ եկան, մեքենաներ են շարում, ոնց կարող են մարդկային կյանքը այդքան ցածր գնահատել»,-նշեց նա:




Լրահոս