ԿԵՂԾ ԿՏՐՈՆՆԵՐՆ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքերով հարուցված քրեական գործերով նախաքնությունները մեկը մյուսի հետեւից մոտենում են իրենց տրամաբանական ավարտին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս անգամ տրանսպորտային կեղծ կտրոնները պատրաստելու գործով պետությանը հասցվել է շուրջ 20 միլիոն դրամի վնաս:

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ-ն կեղծ կտրոններ վաճառելու համար 4 անձի էր կալանավորել` Արտյոմ Օրդուխանյանին, Դավիթ Մնացականյանին, Սարգիս Հակոբյանին եւ Սամվել Բարխոյանին: Ի դեպ, նշենք, որ Սամվել Բարխոյանը հայտնի երգիչներ Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանների հայրն է: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տրանսպորտային կեղծ կտրոնները վաճառելու գործով մեղադրյալների թիվը ավելացել է եւս երկու անձով:
Պարզեցինք, որ Արտյոմ Գալստյանը, ունենալով «HEIDELBERG GTO 52» մոդելի պոլիգրաֆիական տպագրության համար նախատեսված սարքավորում, 2015թ. սեպտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին պայմանավորվել է քաղաքացի Հրաչ Մանգասարյանի հետ, որպեսզի տպագրի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների 1.200 կեղծ ձեւաթղթեր: Գալստյանը 1200 կեղծ կտրոններից յուրաքանչյուրի համար ստացել է 1000 դրամ: Այնուհետեւ, կտրոնները տպելուց հետո, Գալստյանը սկսել է տարբեր մարզեր տանել եւ վարորդներին վաճառել, ինչի արդյունքում պետությանը հասցրել է 10 միլիոն 650 հազար դրամի վնաս:
Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակիցները եւս ներգրավված են եղել կեղծ կտրոնները իրացնելու գործընթացում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայտնի երգիչներ Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանների հայրը՝ Սամվել Բարխոյանը, եղել է «Վիկտորիա-Արման» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակից եւ կեղծ կտրոնները վաճառելով՝ պետությանը հասցրել է 7 միլիոն դրամի վնաս:
Սյսքանով ՍՊԸ-ների աշխատակիցների մասնակցությունը կեղծ կտրոններ վաճառելու գործընթացին չի ավարտվում: Մեզ հայտնի դարձավ, որ «Դավիթ եւ Էլինա» ՍՊԸ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակից Սարգիս Հակոբյանը եւս կեղծ կտրոնների վաճառքով է զբաղվել, ինչի հետեւանքով պետությանը հասցրել է 612 հազար 375 դրամի վնաս:
Մեղադրյալների թիվը այսքանով չի ավարտվում, տրանսպորտային կեղծ կտրոններ են իրացրել նաեւ քաղաքացի Դավիթ Մնացականյանը, որը վաճառված կեղծ կտրոններից ստացել է 612 հազար 375 դրամ, քաղաքացի Արտյոմ եւ Արմեն Օրդուխյաններն էլ իրենց կողմից վաճառված կեղծ կտրոններից ստացել են 1 միլիոն 775 հազար դրամ:
Հաշվի առնելով, թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար է ստացել՝ տրանսպորտային կեղծ կտրոններ իրացնելով, պարզ է դառնում, որ պետությանը ընդհանուր հասցվել է 20 միլիոն 96 հազար 500 դրամի վնաս:
Ինչեւէ, այս արարքի համար Արտյոմ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասով (իրավունք վերապահող կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը), 38-րդ հոդվածի (կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1 կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով):
Սամվել Բարխոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34 հոդվածի (հանցափորձ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով), 38-րդ հոդվածի (կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1 կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով):
Դավիթ Մնացականյանը եւ այս գործով անցնող Սարգիս Հակոբյանը, Արտյոմ եւ Արմեն Օրդուխյանները եւս մեղադրվում են խարդախության, գույքային վնաս պատճառելու մեջ: Ի դեպ, նկատենք, որ այս գործով 6 մեղադրյալներից 3-ը կալանավորված են, իսկ ահա մյուսների մասով խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մնասին: Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ այն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Նշենք, որ վարորդները սովորաբար տեխզննման կտրոնները ձեռք են բերում բանկերից, եւ այս իրավիճակում ակնհայտ է, որ վերոնշյալ անձինք ոչ միայն անօրինական ճանապարհով գումար են աշխատել՝ տարբեր քաղաքացիներին վաճառելով կեղծ տեխզննման կտրոններ, այլ նաեւ վնաս են հասցրել պետությանը, քանի որ պետության կողմից վաճառքի հանված օրինական կտրոնները չեն իրացվել:
Հավելենք, որ սա միակ գործը չէր, որ 2016 թվականին ԱԱԾ-ն բացահայտել էր. եւս մեկ նմանօրինակ գործով 9 անձ հայտնվել է ամբաստանյալի աթոռին, եւ նրանց մասով քննությունը դատարանում դեռեւս ընթանում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՊՐՈԲԼԵՄԸ ՇԱՏ ԽՈՐՆ Է
Ինչպես արդեն հայտնի է՝ ապրիլի 21-ին տեղի է ունենալու դատավորների միության ժողովը, եւ ընտրվելու է միության նոր ղեկավար կազմ: Այժմ դատավորների միության ղեկավարը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանն է: Նախագահի պաշտոնի համար պայքարում են ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը, վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը:
«Ժողովուրդ»-ը Արսեն Մկրտչյանի հետ զրուցեց՝ հասկանալու համար, թե ինչու է ցանկանում նշանակվել դատավորների միության նախագահի պաշտոնում, եւ, առհասարակ, ինչ կտա այն իրեն:
-Պարո՛ն Մկրտչյան, մեզ տեղեկություններ են հասել, որ Դուք եւս պայքարում եք դատավորների միության նախագահի պաշտոնում նշանակվելու համար: Ինչո՞ւ եք ձգտում այդ պաշտոնին:
-Իմ որոշումը վերջնական որոշում չէ, դեռ որոշում չեմ կայացրել, բայց որոշումը չի կարող լինել պաշտոնի բերումով, իմ որոշումը պետք է լինի դատավորների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը զգալով: Այսինքն՝ եթե կա անհրաժեշտություն, ուրեմն այսօր պետք է միությունը այդ դերը ստանձնի: Այսինքն՝ ես որոշում չեմ կայացնում՝ ինչ-որ պաշտոնի ձգտելով, պաշտոններն ինձ չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է աշխատանքը:
-Եթե դատավորների իրավունքները եւ շահերը պաշտպանված չեն, այդ դեպքում իրենք մարդու իրավունքները ինչպե՞ս են պաշտպանում:
-Պաշտպանությունը, որպես այդպիսին, այդ տերմինը մի՛ ընդունեք դատավորին հենց պաշտպանելու, այլ այստեղ դատավորի հեղինակության, հասարակությունում դատավորի ընկալման հարցն է: Պրոբլեմը շատ խորն է: Մինչեւ ուրբաթ որոշման ժամանակ ունենք: Մենք պետք է միջավայր ստեղծենք, որ հասարակությունը հասկանա՝ ով է անկախ դատավորը, ինչ պահանջներ են նրա վրա օրենքով դրված, եւ այդ պահանջները ներկայացնի դատարան: Երբ հասարակությունը ընկալեց, ընդունեց, հանրային ընկալում եղավ՝ ինչպիսին է դատավորը, բնականաբար արդեն պահանջները դատավարության ընթացքում կներկայացվեն համապատասխան ձեւերով:
-Ձեր հնարավորությունները ինչպե՞ս եք գնահատում:
-Խնդիրը մեկ այլ հարթության մեջ եմ տեսնում, եթե դատավորներին անհրաժեշտ է հանրային ընկալումը փոխելու մոտեցումներ դրսեւորել, գնալ ասել՝ այո՛, մենք պետք է սկսենք հանրային դաշտում աշխատել, ներկայացնել մեր իրավունքները, ցույց տալ, որ դա մարդու իրավունքն է, անկախ դատավոր լինելուց: Իմ ամբողջ խնդիրը հետեւյալն է՝ արդյո՞ք դատավորները կընդունեն նման ծրագիր, ապա շատ ավելի լավ:
-Իսկ, ըստ Ձեզ, իրենք պատրա՞ստ են:
-Գիտեմ, որ այդ խնդիրը շատ դատավորներ կկիսեն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՍԿՍԵԼ ԵՆ
2017 թ. ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրական տեղամասերում: Դիտորդների հայտնաբերած մոտ 1000 խախտումների հիման վրա նախաձեռնության իրավաբանական թիմը սկսել է բողոքարկման գործընթաց։

 

 

ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ ՆԱՅԵԼՈՎ
Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է: Այս մասին նշված է ֆինանսների նախարարության՝ 2017 թ. առաջին եռամսյակի վերաբերյալ տեղեկանքում: Այս ժամանակահատվածում պետական պարտքը կազմել է ընդամենը 2 տրլն 901 մլրդ դրամ կամ 5 մլրդ 996 մլն դոլար, որից արտաքին պարտքը կազմում է 78,7 տոկոսը, ներքինը՝ 21,3 տոկոսը: Արտաքին վարկերի կեսը (49,9 տոկոսը) բաժին է ընկնում Համաշխարհային բանկին, այդ թվում՝ 32,3 տոկոսը Զարգացման միջազգային ասոցիացիային, որը ավելի արտոնյալ վարկեր է տալիս, եւ 17,6 տոկոսը՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկին, որը վարկավորում է շուկայականին մոտ պայմաններով: Զարգացման ասիական բանկին բաժին է ընկնում արտաքին պարտքի 14,8 տոկոսը, Զարգացման եվրոպական բակին՝ 6 տոկոսը: Իսկ ահա Արժույթի միջազգային հիմնադրամին բաժին է ընկնում 3,6 տոկոսը (վերջին տարիներին ԱՄՀ-ից վարկերի ծավալը կրճատվել է), Եվրոպական ներդրումային բանկին՝ 2,8 տոկոսը, Եվրամիությանը (ի դեմս Եվրահանձնաժողովի)՝ 2 տոկոսը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին՝ 0,6 տոկոսը (ՎԶԵԲ-ը Հայաստանում ակտիվ է, բայց ներդրումներ է կատարում հիմնականում մասնավոր ըկերություններում): Առանձին երկրներից ամենախոշոր վարկատուն է Ճապոնիան (ի դեմս Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության՝ 7,2 տոկոս), Գերմանիան՝ 3 տոկոս (հիմնականում KfW բանկի միջոցով), Ֆրանսիան՝ 2,5 տոկոս (հիմնականում Ֆրանսիական զարգացման գործակալության միջոցով), Ռուսաստանը՝ 1,8 տոկոս (չհաշված Եվրասիական զարգացման բանկը, որի հիմնական անդամն է): Հայաստանի դրամաշնորհային խոշորագույն դոնորն է Եվրամիությունը (տարեկան 40- 45 մլն եվրո):

 

 

ՄԵԿ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐ ՄԵՐԺԵՑԻՆ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է ազատամարտիկ, խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին դիմումը: Նշենք, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մինչ այդ արդեն 6 անգամ մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի դիմումը՝ վաղաժամկետ ազատ արձակվելու մասին: 2013թ. սեպտեմբերին կալանավորված եւ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման դատապարտված Ավետիսյանը վերջին համաներման արդյունքում կարող է ազատ արձակվել մեկ ամսից` մայիսի 25-ին։




Լրահոս