«ՊԵՏՔ Է ԼԱՎ ՔԵՌԻ ՈՒՆԵՆԱՍ, ՈՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԽԱՂԱՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Արտաշես Ալեքսանյանին վերջին շրջանում, բացի «Առաջնորդները» սերիալից, ոչ մի նախագծում չենք տեսնում: Նա չի խաղում նաեւ թատրոնում, փակվել է դերասանի հիմնած թատրոն-ստուդիան: «Ժողովուրդ»-ը պարոն Ալեքսանյանից հետաքրքրվել է՝ որոնք են նրա ստեղծագործական դադարի պատճառները: Մեր զրուցակիցը խոստովանել է, որ սերիալի ավարտից հետո իրեն սպառնում է գործազուրկի կարգավիճակը: Ամեն դեպքում, ինչպես դերասանն է նշում, ինքը պարապ չի մնում:

-Պարո՛ն Ալեքսանյան, 1988-ից աշխատել եք թատրոնում, այսօր ինչո՞ւ Ձեզ բեմում չենք տեսնում:
-Առաջարկներ չեմ ստանում: Կարծում եմ՝ ինձ համար թատրոնում բոլոր տեղերը զբաղված են: Սա Հայաստանն է, այստեղ պետք է ունենաս բարեկամ, փեսա, աներ, քեռի, որ թատրոնում լավ դերեր խաղաս:
-Ինքներդ դիմե՞լ եք թատրոններ, հենց թեկուզ Ձեզ հարազատ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:
-Ես այնտեղից 7-8 տարի առաջ եմ դուրս եկել: Թատրոնում փոխվում են տնօրեններ, ռեժիսորներ, գեղարվեստական ղեկավարներ: Եթե տվյալ արտիստն իրենց պետք է, նրանք պետք է առաջարկներ անեն, հրավիրեն:
-Կարծես գեղարվեստական ֆիլմերում էլ չեք երեւում, այո՞:
-Էլի առաջարկներ չկան: Միգուցե շատ «վատ» արտիստ եմ, դրա համար:
-Բայց կար մի պահ, երբ Ձեզ հաճախակի տեսնում էինք ֆիլմերում:
-Երեւի այդ ժամանակ ռեժիսորները չգիտեին, որ Արտաշես Ալեքսանյանը «վատ» արտիստ է: Հրավիրում էին, խաղում էինք, ֆիլմերը հաջողություն էին ունենում, երեւի դրա համար էլ չեն կանչում:
-Իսկ ինչո՞ւ փակվեց 2011-ին Ձեր կողմից հիմնադրված թատրոն-ստուդիան:
-Վարձավճարները չէի կարողանում մուծել, իմ գրպանից էի տալիս, էլ հնարավոր չէր այդ պայմաններում ստուդիա պահել: Բայց ես այն համոզման եմ, որ շատ մեծ գործ ենք արել՝ հենց թեկուզ այդ ստուդիայի շրջանավարտների մեջ հայրենասիրական ոգի սերմանելու գործում:
-Փաստորեն, դրսեւորվելու համար մնացին միայն սերիալնե՞րը:
-Հիմա խաղում եմ «Առաջնորդները» սերիալում, որը շուտով կավարտվի, կմնամ գործազուրկ, կգնանք պատերազմի դաշտ՝ ծառայելու հայրենիքին:
-Բայց Դուք ժամանակին ծառայել եք, մասնակցել եք Արցախի պատերազմին:
-Հիմա էլ «Սեւ հովազ» կամավորական ջոկատի ազատամարտիկ եմ, մի ամսով գնում ենք հերթապահության, մի ամսով՝ հանգստանում: Ես էլ իմ լուման ունեմ այդ ջոկատի գործունեության մեջ:
-Վերադառնալով սերիալներին՝ կցանկանայի լսել Ձեր կարծիքը՝ այսօր, համեմատած տասը տարի առաջվա հետ, հայկական սերիալների որակը բարձրացե՞լ է, թե՞ անկում է ապրել:
-Դե, իհարկե, դրանց որակը բարձրացել է: Որքան էլ այդ գործով զբաղվողն ապաշնորհ լինի, միեւնույն է, կուտակվում է փորձ, պրակտիկա, որը ուժեղ երեւույթ է, աշխատանքի որակի բարձրացման գրավական:
-Բայց մասնագետները հակառակն են պնդում՝ հատկապես շեշտելով այն հանգամանքը, որ ոլորտ են «ներխուժել» տաղանդ եւ մասնագիտական հմտություններ չունեցող, էժան վարձատրվող դերասաններ:
-Դա ուրիշ խնդիր է, դա իսկապես շատ վատ բան է՝ պայմանավորված սերիալների բյուջեի սղությամբ: Սերիալները հնարավորություն չունեն դերասանին ըստ արժանվույն վարձատրելու, ստիպված դիմում են այլընտրանքի:
-Պարո՛ն Ալեքսանյան, կարո՞ղ ենք ասել, որ մասնագիտական առումով Ձեզ մոտ այժմ դադարի շրջան է:
-Չէ՛, ես միշտ աշխատում եմ. «Սամցխե-Ախալցիխե» բարեգործական հիմնադրամի փոխտնօրենն եմ, Ախալցխայում լուծում ենք հայապահպանության խնդիր, դպրոցներ ենք այցելում, հայության հետ ենք հանդիպում, բարեգործական համերգներ ենք կազմակերպում, փաստագրական ֆիլմեր ենք նկարահանում, այնպես որ, պարապ չենք մնում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
Հայ եւ համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

 

 

«ՎԻՇՏԸ»՝ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Ստամբուլի Հարբիյե թաղամասի Մուհսին Էրթուղրուլի անվան պետական թատրոնում բեմադրվել է թուրք գրող Սալիհ Էֆիլօղլուի «Վիշտը» պիեսը, որը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին հայրենիքից արտագաղթած հայ ընտանիքի ու տարբեր երկրներում նրանց ունեցած դժվարությունների մասին: Արեւմտյան Հայաստանից դեպի Ստամբուլ, իսկ այնուհետեւ Փարիզ ձգված գաղթի ճանապարհը հայ ընտանիքի համար սկսվում է դեռեւս 1913թ.-ին, սակայն փրկվածների խնդիրները հայրենիքից հեռու չեն վերջանում. նրանց ամենուր հետապնդում է հայրենիքի կարոտը, իսկ պատերազմներն ու քաղաքական լարվածությունը շարունակում են անհանգստացնել նաեւ Եվրոպայում: Ներկայացումը կցուցադրվի Ստամբուլում մինչեւ ապրիլի 22-ը: Ի դեպ, պիեսի հեղինակ, գրող Էֆիլօղլուն նաեւ Ստամբուլի քաղաքային թատրոնների միության տնօրենն է:

 

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ
Ամերիկացի դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր Բեն Աֆլեքը ամուսնալուծվում Է իր կնոջից՝ դերասանուհի Ջենիֆեր Գարներից: Երկուսն էլ հրաժարվել են համատեղ ունեցվածքի բաժանման եւ երեխաների նկատմամբ առանձին խնամակալության հարցում դատաքննությունից: Այդ մասին հայտնում է TMZ-ը: Ըստ աղբյուրի՝ աստղերը ապահարզան են տվել միաժամանակ՝ հրաժարվելով դիմել փաստաբանների ծառայությանը: Դերասանները պայմանավորվել են միասին շարունակել իրենց երեք երեխաների դաստիարակությունը: Հիշեցնենք, որ Աֆլեքը եւ Գարները ամուսնալուծվելու որոշման մասին հայտարարել էին 2015 թվականի հունիսին:




Լրահոս