ՀՀԿ գործադիր մարմնի հետընտրական նիստերն արդեն նմանվում են հնդկական սերիալների. ՀՀԿ-ն, որ այս ընտրություններից հետո եւս շարունակելու է մնալ իշխանության ղեկին, չի շտապում հստակեցնել, թե ովքե՞ր են նշանակվելու առանցքային պաշտոններում. ո՞վ է լինելու ԱԺ նախագահը, ՀՀԿ ցուցակից ովքե՞ր են դառնալու պատգամավոր, ովքե՞ր են մաս կազմելու կառավարության, ի՞նչ տեսք է ունենալու ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, եւ գործընկեր կուսակցությանը նախարարական քանի պորտֆել է բաժին հասնելու:
Հայտնի է միայն մեկ փաստ. վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել գոնե մինչեւ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտը: Իսկ մյուս պաշտոնյաների դեպքում խորը անորոշություն է, եւ ինչպես սերիալներում է լինում՝ ՀՀԿ վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փորձում է անորոշության ինտրիգը հնարավորինս երկար ձգել՝ այդպես կախվածության մեջ գցելով «հեռուստադիտողներին» ու նրանց գամելով քաղաքական էկրանին:
Դրա համար էլ ՀՀԿ՝ շաբաթը մեկ գումարվող ԳՄ նիստերից հետո ինֆորմացիաները տրվում են «փոքր չափաքանակներով». մինչեւ հիմա հայտարարվել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում պատգամավորներ Արտակ Զաքարյանի եւ Արտակ Դավթյանի նշանակման մասին: Հաջորդ նիստում կհրապարակվի եւս մեկ-երկու անուն՝ հավանաբար մեկ-երկու փոխնախարարի կամ նախարարի, հետո կրկին եւս մեկ-երկու անուն, եւ այսպես՝ մինչեւ խորհրդարանի ու կառավարության վերջնական կազմավորումը:
Հանրապետականներն, իհարկե, կարող են արդարանալ, թե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը բողոքարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները, եւ իրենք սպասում են ՍԴ որոշմանը, առավել եւս, որ այդ պատճառով հետաձգվեց խորհրդարանի անդրանիկ նիստը, հետեւաբար հետաձգվում է նոր կառավարության կազմավորումը, եւ իրենք շտապելու ոչինչ չունեն, վերջնական որոշում կայացնելու համար բավարար ժամանակ կա:
Միայն թե, արձանագրենք, որ այս գործելաոճն ամենեւին էլ նոր չէ. ՀՀԿ-ն միշտ էլ այդպես է վարվել եւ դա՝ որոշակի նպատակներով:
ՀՀԿ-ն մաս-մաս ներկայացնում էր իր որոշումները ԱԺ ընտրություններից առաջ, երբ քննարկում էին, թե ո՞վ որ ընտրատարածքում է առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով, ո՞ր տեղն է զբաղեցնելու ՀՀԿ ցուցակում: Այն ժամանակ էլ բոլորը սպասում էին Սերժ Սարգսյանի վերջնական որոշմանը, եւ ինտրիգը տեւական ժամանակ ձգվեց: ՀՀԿ-ն այդպես է վարվել նաեւ նախորդ ընտրություններից հետո. 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՕԵԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն էին ձեւավորում, միանգամից չհայտարարվեց որոշումների մասին /չնայած՝ այն ժամանակ պարզ էր, որ վարչապետը մնալու է Տիգրան Սարգսյանը, իսկ ԱԺ նախագահ լինելու է Հովիկ Աբրահամյանը/, եւ բացի այդ՝ նախարարների նշանակումներն արվում էին հերթով. սկզբում նշանակվեցին պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, մեկ-երկու օր անց՝ ուրիշը, հետո՝ ուրիշը, եւ այսպես մինչեւ կառավարության վերջնական ձեւավորումը: 2013թ. նախագահական ընտրություններից հետո եւս, երբ կառավարությունը սահմանված կարգով հրաժարական էր տվել, ու նոր կառավարություն պետք է ձեւավորվեր, կրկին միանգամից չհայտարարվեց կառավարության ողջ կազմի մասին: Այդպես եղավ նաեւ Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականից հետո՝ նախորդ տարվա սեպտեմբերին:
Այս գործելաոճն, իհարկե, ունի իր նպատակը: Մի կողմից՝ կուսակցության ներսում այսպես սակարկությունների եւ տարբեր հարցեր լուծելու հնարավորություն է ստեղծվում: Մյուս կողմից՝ իշխանության նոր կազմի վերաբերյալ ինտրիգը պահելով՝ ՀՀԿ-ն գտնվում է անընդմեջ ուշադրության կենտրոնում, երբ մամուլում, հասարակական-քաղաքական շերտերում խոսվում, քննարկվում է իշխանության կազմի, հնարավոր պաշտոնավարումների եւ պաշտոնանկությունների հարցը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵԿԼԱՐԱՏԻՎԸ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը երեկ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր է ստորագրել «Սյունիքի ազատ տնտեսական գոտի» անունը կրող ՍՊԸ-ի հետ: Պայմանագիրն էլ ստորագրել են նախարար Սուրեն Կարայանն ու այդ ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Ղուկասյանը: Տեղի ունեցածը, սակայն, հետաքրքիր է մեկ այլ իրողության համատեքստում. Բիշքեկում ապրիլի 14-ին անցկացված ԵՏՄ բարձրագույն խորհրդի գագաթնաժողովին չէր ստորագրվել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը, եւ ինչպես նշել էր ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ԵՏՄ անդամ երկրներին չի բավարարել փաստաթղթի վերաբերյալ Իրանի պատասխանը: Ու, փաստորեն, այդքանից հետո ՀՀ-ն Իրանի սահմանամերձ մարզում ինքնուրույն նախաձեռնություն է ցուցաբերում, մի հանգամանք, որը հազիվ թե աննկատ մնա ռուսական կողմի աչքից: Երեկ «Ժողովուրդ»-ը նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ստորագրված փաստաթուղթը կապ ունի Իրանի հետ ազատ առեւտրային գոտի ստեղծելու նախաձեռնության հետ: «Հայ-իրանական սահմանին մոտ է, հետո սա հիմք է լինելու Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ժամանակ»,- ասաց նա: Չնայած, մյուս կողմից չի բացառվում, որ սա իշխանությունների հերթական «նոու-հաուներից» մեկն է, եւ հազիվ թե այն իրականություն դառնա, այլ մնա որպես դեկլարատիվ փաստաթուղթ:
ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ
«Դար 21» հեռուստաընկերության աշխատակիցները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին եւ հայտնել, որ իրենք դեռեւս անցած տարվա դեկտեմբեր ամսից աշխատավարձեր չեն ստացել: Իսկ երբ Հ/Ը-ի ղեկավարությունից փորձել են հետաքրքրվել, թե երբ են ստանալու իրենց աշխատավարձերը, անորոշ պատասխաններ են լսել «Մենք ի՞նչ իմանանք՝ ռուսները երբ են փող տալու, որ մենք էլ ձեզ տանք»: Մի շարք աշխատակիցներ էլ աշխատավարձերի ուշացման պատճառով ինքնակամ ազատվել են աշխատանքից, եւ ընկերությունը անգամ չի բարեհաճել նրանց վերջնահաշվարկ վճարել: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ընկերության տնօրենի հետ, սակայն նրա օգնական Ռիման, ով հրաժարվեց նշել իր ազգանունը, խիստ անտարբեր տոնով հայտարարեց. «Ես տեղեկություն չունեմ: Բան չունեմ ասելու: Ինչ ուզում եք՝ տպեք, ինչ ուզում եք՝ գրեք»:
ԱՆՏՈՒՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 1 մլն 250 հազար դրամ եւ 3790 դոլար: ՀՀ օմբուդսմենը որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որը տարեկան կազմում է 13 մլն 852 հազար դրամ: Թաթոյանի պաշտոնը ստանձնելու (2016թ., երբ նա ստանձնեց ՄԻՊ պաշտոնը) հայտարարագրից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակարան եւ ավտոմեքենա կամ հողամաս չունի: Բայց 2013թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ ունի մեկ «Lexus RX 330» ավտոմեքենա, 15.9 մլն դրամ, 5500 դոլար եւ 8500 եվրո:
ԵՄ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
«Ելք» դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը երեկ դաշինքի գրասենյակում հյուրընկալել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին եւ քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։ Դեսպանը շնորհավորել է «Ելք» դաշինքի անդամներին խորհրդարանական ընտրություններում արդյունավետ, հետեւողական աշխատանքի եւ գրանցած հաջողությունների համար։ Հանդիպման ընթացքում դաշինքի առաջնորդները ներկայացրել են իրենց կարծիքը եւ գնահատականները նախորդ ընտրությունների վերաբերյալ եւ քննարկել առաջիկա՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստական մի շարք հարցեր։
ԽԱՅՏԱՌԱԿ ԴՐՎԱԳՆԵՐ
«Իրականում միջազգային հանրությունը եւ դիտորդները վարչական ռեսուրսի օգտագործմանը մեծ նշանակություն չեն տալիս, քանի որ նրանց համար առաջնահերթ է կոռուպցիայի խնդիրը»,- անդրադառնալով «ՍԱՍ գրուպ»-ի աղմկահարույց ձայնագրությանը` կարծիք է հայտնել ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ այդ ձայնագրությունը, նաեւ դպրոցների տնօրենների ձայնագրությունները խայտառակ դրվագներ են, որոնք իշխանության կողմից չեն արժանացել դատապարտող հայտարարությունների:
ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՈՒԶԵՆԱ
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համոզված է, որ ռուս-թուրքական հարաբերությունների կայունությունը բխում է ՀՀ շահերից եւ չի կիսում կարծիքը, որ այդ հարաբերությունների վատթարացմամբ պետք է ուրախանալ: «Եթե վատանան ռուս-թուրքական հարաբերությունները, Ադրբեջանը կօգտվի դրանից,- ասել է նա՝ հավելելով,-Ռուսաստանը չի ուզում, որ ռազմական գործողություններ ծավալվեն… «Լավրովի պլան» չկա, Արցախի հարցը փակուղի է մտել: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանն ուզենա, որ Արցախի հարցը լուծվի ոչ հօգուտ Արցախի, ինչպես Թուրքիան է կամենում»:
ԻՍԿ ՎՐԱՍՏԱ՞ՆԸ
Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպումից հետո, պատասխանելով աբխազական երկաթուղին վերաբացելու, դեպի Հայաստան եւ Վրաստան տարանցումը վերականգնելու հնարավորության մասին հարցին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Ռուսական կողմը որեւէ խնդիր չի տեսնում տարանցումը վերականգնելու համար: Դրա համար նույնիսկ իրավական հիմք կա: Այն կարող է հենվել Ռուսաստանի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության միջեւ 2011-ին ձեռք բերված համաձայնությունների վրա»։ Նա նաեւ հավելել է. «Մենք գիտենք, որ մեր հայաստանցի գործընկերները հետաքրքրված են, որ տարանցումը վերականգնվի: Այսօր Աբխազիայի նախագահն ասաց, որ դրա դեմ առարկություն չունի: Հարցն արդեն մեզանից չի կախված, այլ այն երկրներից, որտեղ տարանցումը կարող է հասնել»։
ԼԱԿՈՏՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՄԲ
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով Աժ ընտրություններին մասնակցած «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ իշխանության չափանիշը դարձել է լակոտության դրսեւորումը: «Մենք մտել էինք քաղաքական գործընթացների մեջ խաղաղության դրոշով, եւ մեր հիմնական նպատակն էր օգտագործել այն եթերը, որից զրկված ենք եղել, օգտագործել մեր խաղաղության ծրագիրը կամ պատրաստել ժողովրդին, որպեսզի այդ չարիքը չվերածվի քաղաքացիական պատերազմի»,- armlur.am-ին ասել է նա:
ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ
Երեկ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրեսի» ղեկավարության եւ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին մասնակցած ռեյտինգային թեկնածուների հավաք՝ Կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքի ժամանակ թիմի ներկայացուցիչներն ու ռեյտինգային թեկնածուները խոսել են ընտրությունների վերաբերյալ իրենց տպավորություններից: