ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Օպերայի տարածքում

Ապրիլի 18-ին Օպերայի կանգառում արտառոց միջադեպ է տեղի ունեցել 57 համարի երթուղու մեջ: Երթուղային է ցանկացել բարձրանալ մի տղամարդ, սակայն վարորդը թույլ չի տվել՝ հայտարարելով, թե տղամարդը «ջեպկիր» է (գրպանահատ): Արդյունքում երթուղայինի վարորդի եւ տղամարդու միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո վարորդը, իջնելով մեքենայից, սկսել է քաշքշել կասկածվող տղամարդուն, ինչն էլ վերածվել է ծեծի: Ավելի ուշ երթուղայինում գտնվող քաղաքացիները հորդորել են վարորդին հեռանալ դեպքի վայրից: Հասկանալի է, որ երթուղայինի վարորդը բարեխիղճ դրսեւորում է ցուցաբերել:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ուսումնական հաստատության ուսուցիչ աշխատելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Ո՞վ կարող է աշխատել որպես ուսուցիչ:

Աիդա Ֆեռոյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ֆեռոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»:
Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները»:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ վերջին 5 տարում Հայաստանում ուսուցիչների թիվը նվազել է շուրջ 3 հազարով: Պաշտոնական թվերի համաձայն՝ 2011-2012 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է 41 հազար 757 ուսուցիչ, 2012-2013թթ.-ին՝ 40 հազար 830 ուսուցիչ: 2014-2015 ուսումնական տարում ուսուցիչների թվաքանակը Հայաստանի hանրակրթական ուսումնական հաստատություններում կազմել է 39 հազար 018, իսկ արդեն նախորդ՝ 2015-2016 ուսումնական տարում՝ 38 հազար 690:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ազգությամբ հայ օտարերկրացին ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանում:

Միսակ Հայրոյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ազգությամբ հայ օտարերկրացու իրավական վիճակը տարբերվում է այլ օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակից նրանով, որ՝
1. ազգությամբ հայ օտարերկրացուն կարող է տրվել ինչպես ժամանակավոր եւ մշտական, այնպես էլ հատուկ կացության կարգավիճակ
2. ազգությամբ հայ օտարերկրացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով:
Այն անձանց, ում շնորհվում է հատուկ կացության կարգավիճակ, տրվում է հատուկ տեսակի անձնագիր՝ 10 տարի ժամկետով, որը հնարավորություն է տալիս՝
1. առանց մուտքի վիզայի ճամփորդել Հայաստան.
2. Հայաստանում օգտվել հողի նկատմամբ սեփականության իրավունքից:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների գտնվելու եւ բնակվելու համար «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված է կացության երեք կարգավիճակ՝ ժամանակավոր, մշտական եւ հատուկ:




Լրահոս