«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված են ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների նախընտրական սկանդալում հայտնված կրթական հաստատությունների տնօրեններից մի քանիսը: Խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ բացահայտման մասին է: Հիշում եք` ԱԺ ընտրություններից առաջ հրապարակվեցին թվով 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, որտեղ վերջիններս հայտարարել էին ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրելու եւ այդ ցուցակները պետական կառույցներին հանձնելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են սկանդալի մեջ հայտնված տնօրեններից երեքը` Երեւանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը, որը ցուցակի 35-րդ հորիզոնականում է, Երեւանի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը, որը 176-րդն է, եւ Երեւանի թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը, նա էլ 172-րդն է:
Փաստորեն, օրինախախտ տնօրենները հայտնի սկանդալից հետո ոչ միայն չպատժվեցին, այլեւ նրանց որպես պարգեւատրում ընդգրկել են ՀՀԿ ավագանու ցուցակում: Ու եթե հաշվի առնենք այն փաստը, որ նրանք ցուցակի ոչ անցողիկ տեղերում են գտնվում, նշանակում է` ՀՀԿ-ն շարունակում է տնօրեններին օգտագործել միայն ձայներ բերելու համար:
ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունում տեղի ունեցած հայտնի նախընտրական ժողովի ձայնագրության առթիվ քրեական գործը ՀՔԾ-ն հարուցել էր ոչ թե աշխատակիցներին սպառնալու, նվաստացնելու եւ այդպես ՀՀԿ օգտին ձայներ բերել ստիպելու համար, այլ ընտրողներին դրամ եւ այլ առավելություններ խոստանալու հատկանիշներով: Երեկ ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` արդյո՞ք ՀՔԾ այս որոշումը ճիշտ է` հաշվի առնելով, որ տվյալ դեպքում գործ ունենք մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ: «Ես հայտարություն տարածել եմ, որ ձայնագրության մեջ կա սպառնալիքի դեպքեր, ինչը անթույլատրելի է: Բայց մասնավորի հետ կապված չունեք լիազորություն»,- ասաց նա: Ի դեպ, երեկ ՄԻՊ ասուլիսն ուղեկցվեց միջադեպով. քաղաքացիական երկու ակտիվիստ, մոտենալով պաշտպանի սեղանին, փակցրին թուղթ` «ՀՀԿ-ի իրավունքների պաշտպան» գրությամբ: Նման գրություն նրանք երեկ փակցրել էին նաեւ ՄԻՊ շենքի ցուցատախտակին:
Չնայած ԼՂ հակամարտության կողմերին միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հորդորներին` վերջ տալ ռազմական հռետորաբանությանն ու ուժի կիրառման սպառնալիքներին, հասցեատերերը շարունակում են անտեսել ասվածը: Երեւանում նախօրեին անցկացված «Ազգ-բանակ-2017» համաժողովին երեկ հաջորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասան Զաքիրովի` իրենց երկրի ՊՆ ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ արված հայտարարությունները, թե «պետք է պատրաստ լինել ամենաակտիվ ռազմական գործողությունների, թշնամուն շունչ քաշելու հնարավորություն չտալ… հնարավորինս լուրջ վնասներ հասցնել»: Այլ կերպ ասած, Ադրբեջանը Հայաստանին ու ԼՂՀ-ին սպառնում է ռազմական ակտիվ գործողություններով: Ու սա մի իրավիճակում, երբ նախապատրաստվում է բանակցային կողմերի հերթական հանդիպումը. ապրիլի 27-ին կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ-ի ԱԳ նախարարները՝ նախապատրաստելու Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը:
Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տեւեց շատ կարճ. որոշ ժամանակ անց ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի երկրորդ քաղաքից ՌԴ մայրաքաղաք ամենաէժան ավիատոմսերն առաջարկում են 30 հազար դրամից սկսած: Իսկ Երեւանից դեպի Մոսկվա թռիչքներն իրականացվում են ամենաէժանը 35 հազար դրամով: Ընդ որում, ամռան ամիսներին, երբ սովորաբար ավիատոմսերի գները նվազում են, դեպի Մոսվկա մեկնելու համար 40 հազարից էժանը չի ճարվում: Այսինքն` մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ, եւ շոուբիսնեզի տրամաբանությամբ շոուն առաջ մղվեց` բիզնես շահերը սպասարկելու իրական ձգտումով:
ԵՐԿՈՒ ԽՈՍՏՈՒՄ
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին՝ երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկնարկել է «Խոստում» ֆիլմի պրեմիերան: Նախօրեից այն ցուցադրվում է ԱՄՆ 50 նահանգների ավելի քան 2000 կինոթատրոններում: Եվ, բնականաբար, թուրքական հակաքարոզչությունը սկսել է գործել իր ողջ թափով՝ ամիսներ ի վեր համացանցաին թրոլլինգից անցնելով արդեն կոնկրետ գործողությունների: Թե ինչպիսին կլինի 100 միլիոն դոլար բյուջեով այս ֆիլմի միջազգային ցուցադրության ընթացքը, պարզ կդառնա արդեն առաջիկա օրերին, սակայն նկատենք, որ այս ֆիլմն արդեն իսկ հասցրել է բավականին մեծ աղմուկ բարձրացնել: Դրան արձագանքել են մի շարք համաշխարհային մեծության աստղեր՝ այս կամ այն կերպ իրենց աջակցությունը հայտնելով ֆիլմի հիմնական՝ ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման գաղափարին:
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից զատ՝ սա ամենամասշտաբային նախագիծն է, որը իրականություն դարձավ հայազգի բարերար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կամոք, ով իր վախճանից առաջ, այնուամենայնիվ, արեց վերջին մեծ գործը՝ ֆիլմի ստեղծման համար հատկացնելով 100 միլիոն դոլար:
Իսկ ինչ է անում Հայաստանը՝ որպես պետություն: 100-ամյակի միջոցառումներից հետո արդյոք Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվել են քայլեր՝ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Նկատենք, որ այս հարցի հետ կապված իշխանական որոշ շրջանակներ անցած տարի Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձեւից հետո իրենց համար գտան բավականին հարմար մի դիրքորոշում՝ ասելով, թե Հռոմի պապի եւ Գերմանիայի Բունդեսթագի ճանաչումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարելի է այլեւս փակված համարել: Թե որքանով է նման դիրքորոշումը դիմանում քննադատության՝ հաշվի առնելով, որ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանութունը, թողնում ենք իրավագետներին եւ պատմաբաններին: Սակայն չենք կարող չհիշեցնել, որ ճանաչման գործընթացը ավարտված համարող իշխանությունները 2015թ հունվարին համայն հայության անունից ընդունեցին մի հռչակագիր, որի 6-րդ կետով պատվիրակվում էր մշակել իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: Այդ թղթածրարի մասին հանրությունը մեկ էլ լսեց 10 ամիս անց, երբ եղավ համառոտ տեղեկատվություն, թե այն մշակվել է եւ փոխանցվել Սերժ Սարգսյանին: Իսկ թե դրանից հետո ինչ եղավ այդ թղթածրարը, ինչ քայլեր արվեցին իրավական պահանջատիրության ուղղությամբ, այդպես էլ ոչինչ հայտնի չէ: