ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԻ՝ «ՕԼԻԳԱՐԽՆ» ՈՎ Է, ԵՐԵՎԻ ԻՐԵՆ ՉԻՄԱՆԱԼՈՒ ՏԵՂ Է ԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարության կողմից ազգ-բանակ ծրագրի շրջանակներում հերթական նախագծերն են մշակվել՝ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» անվանումներով։ Ըստ այդ նախագծերի՝ նորակոչիկներին ծառայության նոր տեսակ է առաջարկվելու՝ ժամկետային-պայմանագրային: Այն նորակոչիկները, ովքեր կցանկանան այդպիսի ծառայություն անցնել, կստանան 5 մլն դրամ: Ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել այս ծրագրերից. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանի հետ:

-Պարո՛ն Բադասյան, ՊՆ-ն նոր ծրագրեր է ներկայացնում, որոնք կոչվում են «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ»: Մասնավորապես առաջարկվում է երեք տարվա ծառայություն՝ դրա դիմաց խոստանալով 5 միլիոն դրամ: Արդյունավե՞տ ծրագրեր են, ըստ Ձեզ:
-Ես կարծում եմ, որ դրանք չեն կարող հարց լուծել: Մենք մի կողմից իրավունք չունենք բանակի վերաբերյալ նոր ծրագրերի մասին վատ բան ասելու, բայց մյուս կողմից էլ՝ իրավունք ունենք նաեւ ենթադրելու, որ դա ոչինչ չի տալու: Պետք է նախարարությունն առաջին հերթին ձերբազատվի գող ու թալանչի գեներալներից, որոնք մինչեւ հիմա գտնվում են բանակի շարքերում: Ինչքան ուզում եք՝ պաշտպանության փոխնախարարներ փոխեք, եթե բանակի զինվորն ու կրտսեր սպաները տեսնում են, որ իրենց հացը գողանում են գեներալները, արդեն ծիծաղելի է նրանց համար ազգ-բանակը, հինգ միլիոն դրամի գաղափարը, եկեք, սարից իջնենք, գնանք, շարքային մարդկանց հետ զրուցենք, տեսնենք՝ նրանք ինչպես են տեսնում արդարությունը: Նրանց, ովքեր այսօր կյանքի գնով սահման են հսկում, նրանց հարցրեք, տեսեք, որը կլինի արդարությունը, որ բանակում պետք է կատարվի: Դա բավարար չէ, միայն գումարով չէ, որ պետք է շահագրգռենք, եւ մարդիկ համալրեն մեր բանակի շարքերը, այստեղ այլ գործոններ պետք է լինեն նաեւ:
-Այսօր /հեղ.-երեկ/ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ ծրագրերը ներկայացնելիս ՊՆ նախարարը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդպիսով կպահպանվի առաջնագծում ծառայող անապահով ընտանիքների եւ օլիգարխների երեխաների միջեւ հավասարությունը, ասել է, որ չունի «օլիգարխ» հասկացության իրավական ձեւակերպումը, որպեսզի զորակոչի ժամանակ հասկանա՝ օլիգարխի երեխա է զորակոչել, թե ուղղակի գործարարի…
-Դե, եթե ինքը չի իմանում, ապա նախարարությունը դպրոց չէ, որ գան, նախարար դառնան եւ իմանան՝ օլիգարխն ու օլիգարխիան որն է: Օլիգարխը շատ լավ գիտի՝ ով է, եւ շատ լավ գիտեն, ում որդին չի ծառայում: Ինքը գիտի, թե իր սերնդակիցներից ովքեր են անօրեն կերպով պաշտոն զբաղեցնում, չեն ծառայել բանակում,սակայն իրեն չիմանալու տեղ է երեւի դրել: Օլիգարխը հարուստ մարդը չէ, նա է, ով ներգրավվում է երկրի բարձրագույն իշխանություններում եւ բիզնեսմեն է, իր բիզնեսին ձեռնտու օրենքներին է կողմ քվեարկում: Կամ էլ իր դիրքերն ամրապնդելու համար կատարում է վերնախավի թելադրանքը, օրինակը ՀՀԿ-ի բոլոր կոճակ սեղմող պատգամավորներն են՝ սկսած ժողովրդական վայելում ունեցող Շուշան Պետրոսյանից, վերջացրած Լֆիկ Սամոյով: Նրանցից շատերը միլիարդներ են հայտարարագրում, որտեղի՞ց դրանք, իհարկե, գողությունից, այլ ոչ թե աշխատավարձից: Օլիգարխ չե՞ն, օլիգարխ են, սահմանին կանգնած սպան ինչքան է ստանում, երեք, չորս անգամ քիչ նրանցից՝ պորտաբույծ պատգամավորներից:
-Պարո՛ն Բադասյան, ՊՆ-ում կրկին վերադասավորումներ են, երկու նոր փոխնախարարներ նշանակվեցին: Ի՞նչ կարծիք ունեք այդ փոփոխությունների մասին:
-Գիտեք, ես համոզված եմ, որ անհատը չի կարեւորը, իհարկե անհատը դեր ունի, բայց տվյալ պարագայում անհատը չի կարող փոփոխություն անել, պահանջ պետք է լինի վերադասի կողմից: Չպետք է լինի հենց այնպես պաշտոն, որ նշանակվի, եւ ասեն՝ այս մարդը խելոք է, փորձ ունի, կարող է այդ պաշտոնում պարզապես պաշտոնավարել, բայց արդյունքն է, չէ՞, կարեւոր: Ոլորտի պահանջն է կարեւոր, քաղաքականությունը, թե ինչ քաղաքականություն կվարի նախարարությունը, այդտեղ արդեն կերեւան որակական, անձնական հատկանիշները:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:
-Նախ ասեմ, որ դրան լուրջ մի վերաբերվեք, որովհետեւ այդ կառույցն անլուրջ կառույց է, հրապուրվել պետք չէ, Խաչատուրովն էլ միշտ եղել է անլուրջ գործիչ եւ եթե անլուրջ մարդ է, անլուրջ կառույցի մեջ նշանակվել է, ինչի՞ն մենք գնահատական տանք:

 

 

 
ԲԱՐՈՅԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՎ

Այն, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը չէր «պատժելու» սկանդալային ձայնագրությունների հերոս դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին, ի սկբանե պարզ էր: Սակայն ՀՀԿ-ն ավելի հեռու գնաց՝ հայտնելով իր «բարոյական աջակցությունը» ձայներ հավաքագրող ՀՀԿ-ական տնօրեններին: Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երկրորդելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, վերահաստատեց, որ իրենք բարոյական աջակցություն են ցույց տալու այդ տնօրեններին:

Իսկ ի՞նչ կերպ է ՀՀԿ-ն այդ բարոյական աջակցությունը հայտնում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սկանդալային ձայնագրությունների հերոսներից ոմանք տեղ են գտել Երեւանի ավագանու ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում: Ովքե՞ր են նրանք: Երեւանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը, որը ցուցակի 35-րդ հորիզոնականում է, Երեւանի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը, ով զբաղեցրելէ 176-րդ տեղը, եւ Երեւանի թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը, ով 172-րդ տեղում է:
Անուշ Հայրյանը ձայնագրության մեջ խոստովանում է, որ թաղապետարան է ներկայացրել ծնողների եւ ուսուցիչների ցուցակներ, Անահիտ Բաբաջանյանը խոստովանում է, որ ցուցակները ուղարկել է քաղաքապետարան, Հրանուշ Խաչատրյանի հետ զրույցում էլ պարզ է դառնում, որ նա ներկայացրել է 17 հոգանոց ցուցակ: ՀՀԿ-ի ավագանու աստղաբույլի փայլուն աստղերից է նաեւ Երեւանի թիվ 192 միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվարդ Թադեւոսյանը: Այս տիկինը դեռ 2013 թվականին իր դպրոցում ծնողական ժողովը վերածել էր քարոզչության, որի պատճառով հետագայում ընդամենը խիստ նկատողության արժանացավ: Հիմա արի ու տես, որ խիստ նկատողություն ստացած տնօրենը եւս տեղ է գտել ՀՀԿ-ի ցուցակում, նա 96-րդ համարն է: Զարմանալի է միայն, թե ինչու է այս կուսակցությունը որոշել իր շարքերում ընդգրկել հանրության կողմից բազմաթիվ քննադատությունների եւ «թուքումուրի» արժանացած անձանց: Թեեւ նկատենք, որ այդ տնօրենները ցուցակի ոչ անցողիկ տեղերում են գտնվում: Երեւի արդեն փորձառու ձայն ապահովողներ են, ասել է, թե փորձած թանը անփորձ մածունից լավ է: Կամ էլ, ըստ ամենայնի, ՀՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ անկախ ամեն ինչից, ինքն իր կուսակիցների կողքին է եւ խրախուսում է ցանկացած գնով կուսակցության համար ձայներ ապահովողներին՝ մոռանալով, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Օրինակն այստեղ արդեն իսկ առկա է, եթե չորս տարի առաջ նույն պաշտոնյան՝ այս դեպքում դպրոցի տնօրենը, հեռացվեր պաշտոնից իր գործած ապօրինության համար, ապա այսօր ոչ մի դպրոցի տնօրեն չէր գնա նման քայլի: Սակայն մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ գործող իշխանությունը բարոյական աջակցություն է ցուցաբերում դպրոցի այն տնօրեններին, որոնք կրթօջախը վերածել են կուսակցական շտաբների՝ մոռանալով, թե որտեղ են գտնվում, եւ որն է իրենց առաքելությունը:
Ինչեւէ: Փորձեցինք հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀԿ-ից: Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ Արցախում է եւ հարցերին կպատասխանի ամսի 25-ից: Դիմեցինք ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանին: Վերջինս, սակայն, հարցը լսելուն պես ասաց, որ ղեկին է եւ անջատեց հեռախոսը: Նկատենք, որ Նիկոյանը մշտապես այդպիսի հարցեր լսելով՝ հայտնվում է ղեկին: Փորձեցինք նաեւ կապ հաստատել Երեւանի թիվ 192 դպրոցի տնօրեն Ալվարդ Թադեւոսյանի հետ՝ պարզելու համար, թե հանուն ինչի են նրան առաջադրել ավագանու ցուցակում, եւ արդյո՞ք պատրաստվում է կրկին քարոզչություն անել դպրոցում: Պարզվեց՝ Թադեւոսյանը եւս իր բարձրաստիճան կուսակիցների նման անհարմար տեղում էր գտնվում եւ չկարողացավ խոսել:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 
ՆՈՒՅՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՈՎ
ՀՀԿ-ն Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավը եւս կազմակերպում է «հին ու բարի» մեթոդներով` օգտագործելով վարչական ռեսուրսը, մարդկանց ստիպելով ներկա գտնվել Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումներին: Երեկ Էրեբունի վարչական շրջանում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, թե ինչպես են քարոզարշավին ներկա գտնվողները զվարճանալով միմյանց հետ խոսում, որ իրենց հրահագել են անպայման ծանոթ-բարեկամներով ներկա գտնվել այդ քարոզարշավին: Ասել է, թե ՀՀԿ-ն շարունակում է իր «բարի ավանդույթները» եւ այս ընտրությունների քարոզարշավի ժամանակ օգտագործում այն մեխանիզմները, ինչպես որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր: Նկատենք նաեւ, որ Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկը ներկա չէր: Նրան ուղեկցում էին Երեւանի ավագանու ներկայիս անդամ Նաիրա Նահապետյանը, Գոռ Վարդանյանը եւ էլի մի քանիսը:

 

 

ՉԵՆ ՍԱՏԱՐԻ ՈՉ ՄԵԿԻՆ
Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը մտադիր չեն սատարելու առաջադրվածներից որեւէ մեկին: Բացառություն է, թերեւս, ՀՅԴ-ն, որը ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության նոր ուղիներ է փնտրում. ճիշտ է՝ այդ մասին նրանք պաշտոնապես չեն հայտարարել, բայց ակնհայտ է, որ ներքին կարգով կգործեն ՀՀԿ օգտին: Մինչ այդ «Ժողովուրդ»-ը փորձեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ճշտել` իրենք ո՞ւմ են սատարելու: Ի պատասխան հարցման՝ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշեց. «Մենք այդ հարցը ընդհանրապես չենք քննարկել կուսակցությունում, մեր կուսակիցները, համակիրներն իրենց ազատ կամարտահայտմամբ կարող են գնալ եւ իրենց ընտրությունը կատարել, որեւէ նման մոտեցում չի լինելու»:

 

 

ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Մինչ երեկ մի խումբ առեւտրականներ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, կառավարության շենքից դուրս եկավ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նկատեցինք, որ նա տեսնելով հավաքված քաղաքացիներին՝ արագացրեց քայլերը, իսկ ահա առեւտրականների մի մասը, ճանաչելով նրան, սկսեց վանկարկել, թե մի կոռուպցիոներ էլ նա է, ինչի նրան չեք ստուգում, մեզ եք ստուգում:
«Ժողովուրդ»-ը Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչու էր եկել ՀՀ կառավարություն, ի պատասխան՝ նա ասաց, թե ծրագրերի հետ կապված է եկել: Մեր այն դիտարկմանը՝ կոնկրետ ինչ ծրագիր է ներկայացրել վարչապետին, վերջինս ասաց, թե Գյումրին տուրիստական քաղաք են ցանկանում դարձնել եւ կոնկրետ երկու փողոցների ասֆալտապատման հարցն են քննարկել:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից առաջ Գյումրիին ասֆալտապատման համար վարկ էին տրամադրել, եւ այն ժամանակ Սերժ Սարգսյանն ասել էր, թե գումարը կտրվի, եթե խոստանան, որ ոչ մի դրամ դրանից չի գողացվի:




Լրահոս