ԱՉՔԻ ԸՆԿՆԵԼՈՒ ԹԱՔՈՒՆ ՄՂՈՒՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը՝ Աջափնյակում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ, տեղի ունեցած միջադեպն ուշագրավ էր ոչ միայն այն առումով, որ քաղաքացին բողոքում էր, թե քարոզարշավի կազմակերպիչները փակել են իր ամենօրյա «տան ճամփան», այլ այն, որ «Ելք»-ի քարոզարշավը խոչընդոտած Աջափնյակի բնակիչ Գուրգեն Ավետիսյանը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի նախկին պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է: Իսկ Արամայիս Ավետիսյանը, հիշեցնենք, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել ու կալանավորվել էր կաշառք վերցնելու գործով: Այսինքն՝ իշխանությունները փորձում են օգտագործել մարդկանց ձերբակալված, կալանավորված, դատապարտված լինելու հանգամանքն ու նրանց հարազատներին ստիպել աշխատել ՀՀԿ-ի օգտին: Նույնն է նաեւ այս դեպքում. դժվար չէ ենթադրել, որ Ավետիսյաններին զգուշացրել են՝ եթե չեն ցանկանում կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Արամայիսը երկարատեւ բանտարկության դատապարտվի, պետք է «ազգուտակով» աշխատեն Տարոն Մարգարյանի օգտին ու համապատասխան թվով ձայներ ապահովեն` նաեւ աչքի ընկնելով:
Ինչ վերաբերում է «Ելք»-ի միջադեպին, ապա «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ քարոզարշավը խոչընդոտած քաղաքացին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, կատարվում է հետաքննություն:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կնոջը պատկանող «Վիլլա Օյլ» ՍՊ ընկերության տնօրեն Գեւորգ Խաչատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Բանն այն է, որ Խաչատրյանը ցանկացել է ապօրինի, մաքսանենգ ճանապարհով 15.6 միլիոն դրամ կամ մոտ 30 հազար դոլար գումարը Հայաստանից դուրս հանել: Նա համաձայնություն է ձեռք բերել Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբի հետ, 2016 թվականի հուլիսին 6-ին Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ նրան փոխանցել պոլիէթիլային պարկի եւ փաթեթի մեջ տեղադրված գումարը: Սակայն ԱԾ աշխատակիցները մեքենան զննել ու գումարը հայտնաբերել են: Դրանից հետո քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր.օր 215.1 հոդվածի առաջին մասի հատկանիշներով ԵՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության համար:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «ՍԱՍ գրուպ» ընկերության նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրության հերոսներից մեկն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում: Խոսքը «ՍԱՍ գրուպ» ընկերության կոմերցիոն տնօրեն, 37-ամյա Էդգար Ավետիսյանի մասին է: Այդ նախընտրական ժողովի ժամանակ վարողը՝ «ՍԱՍ գրուպի» սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, դիմելով Էդգար Ավետիսյանին, ասել էր. «Էդո՛ ջան, կազմակերպի, ախպե՛ր ջան, սե՞նց ես կազմակերպել, մարդը ձեները բերել է, հայ-հայ է, ուզում էի ամոթանք տալ»: Ամենայն հավանականությամբ, նրան ցուցակում ընդգրկել են՝ «ձայներ բերելու» գործընթացը լավ կազմակերպելու համար: Ի դեպ, «ՍԱՍ գրուպ»-ից ՀՀԿ ցուցակում ընդգրկված է նաեւ ընկերության կադրերի բաժնի պետ Մարինե Տեր-Հովհաննիսյանը: Բայց ինչպես նա, այնպես էլ Է. Ավետիսյանը ընդգրկված են ոչ անցողիկ տեղում` բնականաբար միայն ձայներ բերելու համար:

 

 

 
ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ծննդատունը, որն ունի ավելի քան 10 աշխատող, փակման եզրին է: Պատճառը ծնունդների քանակի նվազումն է, ինչի արդյունքում ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգել են ծննդատան աշխատակիցները` հայտնելով, որ իրենք արդեն երկու ամիս է, ինչ ստանում են 27 հազար դրամ աշխատավարձ: Բուժհաստատության ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, թե աշխատավարձերի նվազումը կապված է կուտակած պարտքերը մարելու անհրաժեշտութամբ, իսկ պարտքը մոտավոր հաշվարկներով մոտ 10-15 մլն դրամի է հասնում: «Մարալիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Եթե ծննդատունը շարունակի վնասով աշխատել, ապա կփակվի: Թող աշխատողները մի քիչ սպասեն, տեսնենք՝ ինչ կլինի: Ծնունդների թիվը կտրուկ նվազել է, ինչից նվազել է նաեւ ֆինանսավորումը: Իրենց աշխատավարձերի նվազումը պարտքերի հետ հեչ կապ չունի»: Նկատենք, որ ոլորտի պատասխանատուն առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն է, որը, փաստորեն, իր տեղում չէ, եւ ստեղծված իրավիճակը նաեւ նախարարի՝ ոլորտին չտիրապետելու հետեւանք է: Այլապես այս խնդրին կարելի էր շատ ավելի վաղ լուծում տալ:

 

 

 
ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՎՈՂ
Ստոկհոլմի «Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը» երեկ հրապարակել է ռազմական ծախսերի վերաբերյալ իր տարեկան զեկույցը, որով դիտարկվում են աշխարհի հարյուրից ավելի երկրների ռազմական բյուջեները: Ու թեեւ աշխարհում կատարված ծախսերի ընդհանուր ցուցանիշի առումով, համեմատ 2015 թվականի, շատ մեծ տարբերություն չի գրանցվել. 1,7 տրիլիոն դոլարից այդ ցուցանիշը դարձել է 1,68 տրիլիոն, կոնկրետ մեր տարածաշրջանում արձանագրված փոփոխությունները բավականին ուշագրավ են: Այսպես՝ համաձայն զեկույցի՝ այստեղ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամը լինելով՝ արձանագրվել են ռազմական ծախսերի նշանակալի կրճատումներ: Մասնավորապես Հայաստանում անցած տարվա ընթացքում ռազմական ծախսերը կրճատվել են 5,5 տոկոսով, եւ դա չնայած այն հանգամանքին, որ հենց անցած տարի եղավ քառօրյա պատերազմը՝ ամենաարյունալի իրադարձությունը 94 թվականին հաստատված հրադադարի համաձայնագրից ի վեր: Զեկույցի հեղինակների ներկայացմամբ՝ պատճառը ֆինանսական ռեսուրսների սղությունն է՝ պայմանավորված մեր երկրի տնտեսական իրավիճակի վատթարացմամբ:
Ճիշտ նույն պատճառով այս դեպքում արդեն նավթի գների շեշտակի անկման արդյունքում ռազմական ծախսերի՝ շատ ավելի մեծ կրճատում է արել Ադրբեջանի կառավարությունը: Անցած տարվա ընթացքում մեզ պատերազմով սպառնացող այս երկրի ռազմական բյուջեն կազմել է մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլար՝ կրճատվելով ամբողջ 36 տոկոսով: Ուշագրավ է, որ ռազմական ծախսերի շեշտակի կրճատումներ են արել գրեթե բոլոր նավթարդյունահանող երկրները, եւ սպասելի է, որ նավթի գների հետագա անկման դեպքում հաջորդող տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը էլ ավելի կնվազեն:
Մի կողմից՝ ներկայացված ցուցանիշն, իհարկե, ուրախացնում է. որքան քիչ ռեսուրսներ ներդնի Ադրբեջանը ռազմականացման մեջ, այդքան ավելի նվազ մարտունակ կլինի այդ երկրի զինուժը: Մյուս կողմից, սակայն, կանխատեսվող անկումը չի կարող չմտահոգել Ադրբեջանի իշխանություններին, որոնք հաշվարկելով տնտեսական անկման միտումները՝ կարող են հիմա դիմել արկածախնդրության, քանի դեռ բավականին ուժեղ են:
Անցած տարեվերջին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մամլո ասուլիսում հայտարարեց, որ պատերազմի վերսկսման վտանգի տեսանկյունից առանձնապես ռիսկային կարելի է համարել գալիք մեկ տարին: Եթե կարողանանք այդ փուլում դիմագրավել ադրբեջանական ռազմական ագրեսիայի փորձերին, ըստ փոխարտգործնախարարի՝ դրանից հետո պատերազմի վերսկսման վտանգը զգալիորեն կնվազի: Դատելով հեղինակավոր հետազոտական կենտրոնի ներկայացրած արդյունքներից՝ այս հաշվարկը կարելի է արդարացված համարել:




Լրահոս