Ինչպես հայտնի է` վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ որոշվելու են մշտական հանձնաժողովների նախագահները: ՀՀԿ-ն կստանա հանձնաժողովների մեծամասնությունը, երեքը բաժին կհասնի Ծառուկյանk դաշինքին, մեկն էլ Ելք-ին:
Այժմ ներկայացնենք, թե ովքեր էին հինգերորդ գումարման խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները և, թե ինչ փոփոխություններ կարող են լինել:
Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նախորդ խորհրդարանում Արա Բաբլոյանն էր, ում ԱԺ գալու հարցը դեռևս անորոշ է:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը խորհրդարան չի գա:
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մանդատ ստանալու հնարավորություն ունի և չի բացառվում, որ շարունակի ղեկավարել այդ հանձնաժողովը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը խորհրդարանում չի լինի: Այս պաշտոնի համար էլ կարելի է ասել կռիվ է գնում. շրջանառվում է Գևորգ Կոստանյանի և Հրայր Թովմասյանի անունները:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ևս պաշտոն է ստացել պաշտպանության նախարարությունում: Այս պաշտոնի ամենահավանական թեկնածուն Մարգարիտ Եսայանն է::
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի` մանդատ ստանալու հարցը ևս անորոշ է: Դա կարող է լինել այն դեպքում, եթե այդ մարզից պատգամավորի մանդատ ստանալու հավակնորդներ հանդիսացող Ռաֆիկ Գրիգորյանը կամ Կարեն Բոթոյանը չգան խորհրդարան:
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը ևս մանդատ չի ստանա:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւս մանդատ չի ստանալու:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կգա խորհրդարան և թերևս կշարունակի ղեկավարել այդ հանձնաժողովը: