«Զզվելի է այն պաշտոնյան, որ գողանում է պետական բյուջեից, նման մարդիկ պետք է տեղ չունենան պետական համակարգում»,-ոչ վաղ անցյալում այսպիսի հայտարարություն էր արել Սերժ Սարգսյանը: Հետո թերեւս փոշմանեց եւ այլեւս չանդրադարձավ «զզվելիների ցավոտ» թեմային:Բայց մենք չենք մոռացել «զզվելիներին»: Եւ տարբեր առիթներով հայտնաբերում ենք նրանց գողությունների կոնկրետ փաստերը: Այս անգամ, կարծես, «բռնացրել» ենք գյուղատնտեսության նախարարությանը, որը փոխանցիկ դրոշի նման ՀՅԴ-ից անցավ ՕԵԿ-ի ձեռքը: Բայց ամեն ինչի մասին հերթով:Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը չափազանց շատ է սիրում խորհրդատվություն ստանալ, հատկապես եթե դրանք տրվում են տարբեր «եվրոդեմքերի» կողմից` օտարամոլության տարատեսակ դրսեւորումներով, որոնք երբեմն միայն վնաս են հասցնում մեր երկրին: Եւ բազմիցս են արձանագրվել դեպքեր, երբ տարբեր ծրագրերով ստացված վարկերի առյուծի բաժինը գնացել է այդ վարկերի ծախսման խորհրդատվություն ստանալու համար: «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հետաքրքրվեց, թե 2009-2010 թվականներին ինչ ծրագրեր են իրականացվել եւ որքան գումար է ծախսվել: Նախարարությունից ստացված գրավոր պատասխանից երեւում է, որ միայն գյուղական խորհրդատվական ծառայությունների վրա 2009 թվականին ծախսվել է 182.8 միլիոն դրամ, իսկ 2010-ին` 293.1 մլն դրամ: Այս գումարները ծախսելու ծրագրի նպատակը, ըստ պաշտոնական տեղեկության, ագրարային տեխնոլոգիաների գնահատումն ու ցուցադրական ծրագրերի իրականացումն են, ինչպես նաեւ գյուղատնտեսական վայրերի բնակչությանը մատուցել գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խորհրդատվական ծառայություններ. «Ծրագիրը նպատակաուղղված է գյուղատնտեսական ոլորտում ձեւավորել կայուն խորհրդատվական համակարգ, որը ֆերմերներին հնարավորություն կտա բարձրացնել գյուղմթերքների արտադրության ծավալները, որակը եւ կազմակերպվածությունը, ինչն էլ կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի իրացման մակարդակի բարձրացմանը եւ նրանց եկամուտների ավելացմանը»:Այս անհեթեթ ձեւակերպումներով ծրագիրն իրականացվել է «Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների անմիջական ջանքերով: Հիշեցնենք, որ 2009-ի առաջին 5 ամիսներին գյուղնախարարի պաշտոնը պատկանում էր «Դաշնակցությանը», որը զբաղեցնում էր «Ավշար»-ի սեփականատեր Արամայիս Գրիգորյանը: Իսկ այնուհետեւ այն անցավ ՕԵԿ-ին եւ Գերասիմ Ալավերդյանին: Այս պարոնները (առավելապես Գերասը), երկու տարվա ընթացքում մոտ 480 միլիոն դրամ ծախսել են միայն գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խորհուրդներ ստանալու վրա: Բայց տարեցտարի գյուղատնտեսությունը թռիչքաձեւ նահանջ է ապրել` անցած տարի հասնելով աննախադեպ անկման: Եւ անհայտ է, թե ինչ խորհուրդ են տվել ֆերմերներին ու գյուղացիներին «նազիր-վեզիրները», որ այնպիսի խայտառակ արդյունք է արձանագրվել ոլորտում, որ նոր նախարար Սերգո Կարապետյանը հույսը միայն Աստծո հետ է կապում: Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ խոսքեր արտաբերելու հիմնավորված ցանկություն կառաջանա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու մոտ: Իսկ ինչ վերաբերում է գյուղացիներին ու ֆերմերներին, ապա նրանք առավել «մանրամասն» կհիշեն պետական չինովնիկներին, որոնք իրենց «խելք սովորեցնելու» համար երկու տարվա մեջ շուրջ 480 մլն դրամ են ծախսել: Ու այս ամենի արդյունքում 2010 թվականին գյուղատնտեսությունն ունեցել է շուրջ 15 տոկոս անկում, շատ գյուղացիներ կանգնել են սնանկ դառնալու վտանգի առջեւ: Իսկ թե քանի գյուղացի ու ֆերմեր է տեսել այդ խորհրդատուներին, դժվար է ասել: Բայց որ նրանց աշխատավարձը կազմել է միլիոնավոր դրամներ, պարզվեց նախարարության պաշտոնական պատասխանից: Առաջիկայում «Ժողովուրդ»-ը հետամուտ կլինի պարզելու, թե կոնկրետ որ կազմակերպություններն են հարյուրավոր միլիոններ արժեցող խորհրդատվական ծառայություններ իրականացրել, եւ արդյոք բյուջեի փողերն ուտելու այս դրսեւորումը չի «զզվեցնի» Սերժ Սարգսյանին: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԶԶՎԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԵՎ 15 ՏՈԿՈՍ ԱՆԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ