«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ի ԽՄՈՐԸ ԴԵՌ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՔԱՇԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, բայց արդեն սնանկ ճանաչված «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի դեմ ներկայացված դատական հայցերի քննությունները շարունակվում են, բայց ընկերության ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ սեփականատեր Աշոտ Ափոյանը պատրաստվում է ներկայացնել ընկերության առողջացման ծրագիր:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անցած տարվա նոյեմբերին «Մանտրա Մակինա Լիմիթեդ» ընկերությունը դիմել է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Աշտարակ կաթ»-ի: Բանն այն է, որ դեռեւս անցած տարվա հունվարին «Աշտարակ կաթ»-ը վերոնշյալ ընկերությունից ձեռք է բերել հոսքագիծ, որի արժեքը ընդհանուր կազմել է 127 հազար 950 դոլար: Սակայն հոսքագծի դիմաց «Աշտարակ կաթ»-ը վճարումը ամբողջությամբ չի կատարել, իսկ պակաս վճարված գումարը կազմել է 38 հազար 385 դոլար: Արդյունքում «Մանտրա Մակինա Լիմիթեդ» ընկերությունը դիմել է դատարան «Աշտարակ կաթ»-ին սնանկ ճանաչելու պահանջով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ «Աշտարակ կաթ» ընկերության լիազոր ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանը ստացել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ ընդունելու դիմումը, ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը եւ սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի օրինակը: Ավելին` այն հաստատվել է պարտապան ընկերության կնիքով: Բայց ընկերությունը օրենքով սահմանված ժամկետում չի առարկել դատարանի որոշումը: Եւ հաշվի առնելով սա` դատարանը պատշաճ կարգով ընկերությանն է ուղարկել որոշումը, դիմումը վարույթ ընդունելու եւ սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի օրինակը` առաջարկելով նրան 15 օրվա ընթացքում վիճարկել «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի սնանկությունը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ծանուցումը եւս «Աշտարակ կաթ»-ը ստացել է, բայց օրենքով սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը: Ինչի արդյունքում դատարանը բավարարել է «Մանտրա Մակինա Լիմիթեդ» ընկերության դիմումը եւ անցած տարվա դեկտեմբերին «Աշտարակ կաթ»-ին ճանաչել է սնանկ: Այս ամենից հետո սնանկացած ընկերությունը, ի վերջո, ՀՀ վերաքննիչ դատարան է բողոքարկել որոշումը: Սակայն վերաքննիչ դատարանը բողոքը վերադարձրել է` առաջին ատյանի վճիռը թողնելով անփոփոխ:
Եւ չնայած սրան` «Աշտարակ կաթ»-ում այժմ գույքագրման գործընթաց է: Սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի օգնական Արտակի խոսքերով` ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը չի համագործակցում իր հետ, չի մասնակցում գույքագրման աշխատանքներին:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց զրուցել «Աշտարակ կաթ» ընկերության լիազոր ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանի հետ, ով հայտարարեց, որ ընկերությունը իր հերթին եւս մտադիր է առողջացման ծրագիր ներկայացնել: «Առողջացման ծրագրի շրջանակներում «Աշտարակ կաթ» ընկերությունը մտադիր է ներդրում կատարել իր պարտավորությունների մոտավորապես 50 տոկոսի չափով եւ վերականգնել մեր աշխատանքները»,- հայտարարեց ընկերության լիազոր ներկայացուցիչը: Նրա խոսքերով` «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատերը այս պահի դրությամբ Աշոտ Ափոյանն է: «Ինչպես նախկինում, այս պահին եւս սեփականատերը հանդիսանում է Աշոտ Ափոյանը, Ափոյանների ընտանիքը: Պարոն Ափոյանը աշխատում է, կապի մեջ է, եւ նրա հետ առօրյա շփումները կան»,- փոխանցեց Ումրշատյանը` ի պատասխան սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի օգնական Արտակի հայտարարություններին:
Ի դեպ, նշենք, որ ընկերությունը շարունակում է գործել, բայց այն չի շահագործվում Ափոյանների ընտանիքի կողմից: Ինչպես հայտնի է այժմ` «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով «Անդրա Ռեմարա» ընկերությունը իրականացնում է «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագիրը: Ի դեպ, «Պարգեւ» ընկերությունը «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկն է: Նշենք, որ ներկայումս «Աշտարակ կաթ» ընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության աջակցությամբ կառավարվում է առողջացման ծրագրի կառավարչի` Արտակ Ավագյանի կողմից: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք գտնվում են «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործունեությունը «Պարգեւ» ՍՊԸ-ին հանձնելու գրեթե վերջնական փուլում:
Մինչդեռ սեփականատիրոջ փոփոխությունը իրավաբանորեն գրանցելը հեշտ չէ, որովհետեւ «Աշտարակ կաթ»-ը պարտքեր ունի բանկերին, եւ ընկերության գույքի մեծ մասը գրավադրված է: Դրա համար էլ այս պահին իրավական առումով «Պարգեւ» կամ «Ադրա Ռեմարա» ընկերությունը որպես «Աշտարակ կաթ»-ի սեփականատեր հանդես չեն գալիս:
Իսկ ահա «Աշտարակ կաթ» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ումրշատյանը զրույցի ավարտին հայտարարեց, որ այս պահի դրությամբ որեւէ իրավական պայմանագիր եւ ոչ մի իրավաբանական հիմք չկա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս