ՄՆԱՑԵԼ ԵՆ ՑՆԴՈՂ ԳՐԻՉՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի իշխանություններին այդպես էլ չհաջողվեց հեշտ ու հանգիստ, անաղմուկ կեղծել վերջին խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունները. այս օրերին հերթով ի հայտ են գալիս ընտրակեղծարարության մասին վկայող անհերքելի փաստեր: Համատարած ընտրակաշառք բաժանելուց եւ վարչական ռեսուրսի կիրառումից բացի` իշխանությունները վերահսկել են քվեարկության ընթացքը` որոշ տեղամասերում նույնիսկ աշխատեցնելով կարուսելի մեխանիզմ: Պատահական չէ, որ անվավեր ճանաչված քվեաթերթիկներից շատերը (իսկ դրանք տասնյակներով էին) խնամքով քվեարկած էին իշխող ՀՀԿ օգտին, բայց պարունակում էին լրացուցիչ նշումներ. մարդիկ խաչ քաշելով` փչացրել էին թերթիկները: Հազիվ թե քվեաթերթիկը փչացնել ցանկացող ընտրողը ՀՀԿ-ի դիմաց նշում անելուց հետո խաչ քաշեր դրա վրա: Ուրեմն գործել է կարուսել, եւ շատերը որոշել են ՀՀԿ-ին պատժել՝ փչացնելով իրենց տրված եւ նախապես ՀՀԿ օգտին քվեարկված թերթիկները:
Այս ընտրություններում կիրառված արտառոց մի մեխանիզմի մասին եւս երեկ բացահայտվեց. քվեարկության օրը որոշ տեղամասերում եղել են ցնդող գրիչներ. մարդիկ ընտրել են՝ նշում կատարելով իրենց նախընտրած կուսակցության օգտին, բայց ժամեր անց՝ ձայների հաշվարկի ժամանակ, ծրարներից դուրս են բերվել «չքվեարկված», մաքուր թերթիկներ: Այս ամենը պարզվեց երեկ, երբ «Ելք» դաշինքի պահանջով վերահաշվարկ կատարվեց 7/51 եւ 7/53 ընտրատեղամասերում: Եւ ահա, Մալաթիա-Սեբաստիայի թիվ 191 դպրոցում տեղակայված 7/51 տեղամասում օրվա ընթացքում դրված են եղել ցնդող գրիչներ, եւ զարմանալի զուգադիպությամբ՝ դրանցով քվեարկել են հիմնականում «Ելք» դաշինքի եւ «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին. համենայն դեպս, այդ «դատարկ» թերթիկների վրա երեւացել են նշումի խազեր այդ կուսակցությունների անունների դիմաց: Արդյունքում՝ ցնդող գրիչների «շնորհիվ» միայն այդ տեղամասում անվավեր են դարձել ավելի քան 100 քվեաթերթիկներ: Համաձայնեք՝ կեղծիքների հարցում իշխանությունների «հնարամտությունը» սահմաններ չի ճանաչում: Ու այսքանից հետո մնում է խղճալ ՀՀԿ-ին, որ նման էժանագին մեթոդներով է փորձում իր հաղթանակն ապահովել եւ շարունակել պաշտոնավարել:

 

 
Հայաստան մուտք գործած ադրբեջանական ծագման խնձորների ապօրինի ներկրումների գործը դեռ շատ ջուր է քաշելու: Երեկ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ աղմկահարույց այս գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեջ են մտնում նաեւ ՊԵԿ պաշտոնյաներ, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրումների համար նկատողություն է տրվել Բագրատաշենի մաքսային կետի ղեկավար Սողոմոն Մելիքսեթյանին: Ավելին՝ պարզեցինք, որ Բագրատաշենի՝ նախաբացթողումային վարչության 4 աշխատակիցներ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով ազատվել են աշխատանքից, թեեւ նրանք, ըստ էության, այդ քրեական գործով չեն անցել: Այսինքն՝ խնձորները ծանր են նստել պետական մի շարք պաշտոնյաների վրա:

 

 
Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում ստուգումներ անցկացնելու նպատակով ԿԳՆ կրթության պետական տեսչության 18 աշխատակիցների վերջին գործուղումը տհաճ ավարտ է ունեցել: Տեսչական ստուգումների համար մարզ գործուղված աշխատակիցներից մի քանիսը մի քանի օր աշխատելուց հետո մեկնել են Վրաստան՝ հանգստանալու: Այդ ամենը, սակայն, չէր բացահայտվի, եթե կրթության տեսչության՝ Թբիլիսի մեկնած աշխատակիցները չորոշեին սոցիալական ցանցերը ողողել իրենց վրացական լուսանկարներով: Ինչպես ասում են՝ ախ, այդ Ֆեյսբուքը: ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե կատարվածի համար աշխատակիցները բացատրագիր են ներկայացրել: «Իրենք բացատրել են, որ ուրբաթ օրը վերջացրել են իրենց աշխատանքը: Ի դեպ, ժամ կա ֆիքսված, թե սահմանով երբ են անցել ու հետ եկել: Թեեւ նախապես տեղյակ չեն պահել: Բայց նրանք կարող էին Ֆրանսիա էլ մեկնել, քանի որ առջեւում հանգստյան օրերն էին՝ շաբաթ եւ կիրակին»,- ասել է Կարապետյանը՝ հավաստիացնելով, որ Վրաստան մեկնել են աշխատանքներն ավարտելուց հետո:

 

 
Շուրջ 2 շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով վերջապես քրեական գործ է հարուցվել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից: Քրեական գործը հարուցվել է խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ քր.օր. 258 հոդվածի համաձայն: Հիշեցնենք, որ Ղուկասյանը դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն՝ աչքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Սակայն տուժածը դեպքից հետո «անհետացել է». իրավապահները չեն կարողանում նրան գտնել: Չի բացառվում, որ թաքցրել են նրան, որպեսզի վնասվածքները անհետանան, բուժվի, որից հետո միայն ներկայանա իրավապահներին եւ ասի, թե վնասվածք չունի, բողոք չունի: «Եթե չեն գտնում տուժողին, դա չի նշանակում, որ թաքցնում են: Միանշանակ իրավապահները իրականացնում են հնարավոր, նույնիսկ անհնարին գործողությունները տուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին վստահեցրել է մարզի դատախազը:

 

 

 
ՈՒՐԱԽՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ
Երբ ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են ընդամենը երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք»-ը եւ նորաթուխ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, արդեն իսկ պարզ էր, որ այդ երեք ուժերն էլ, անկախ ընտրությունների արդյունքներից, ներկայացված են լինելու Երեւանի նորընտիր ավագանիում. մեկը շատ, մյուսը՝ քիչ: Եվ պատահական չէր, որ դեռ քարոզարշավի առաջին օրերին գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանը հայտարարեց, թե նոր ավագանիում «ավելի ուրախ կլինի»:
Արդեն մայիսի 14-ից հետո, երբ ՀՀԿ-ն բարեհաջող կերպով «խփեց» 71 տոկոսից ավել, ակնհայտ դարձավ, որ Տարոն Մարգարյանի ուրախությունը ընդդիմադիր խմբակցությունների անդամներն առանձնապես չեն կարողանա մթագնել, առավելագույնը, թերեւս, կլինի անպակաս սուր քննադատությունն ու ավագանու հաստատմանը ներկայացվող յուրաքանչյուր հարցի նկատմամբ առավել մանրակրկիտ եւ ուշադիր մոտեցումը: Որոշումները, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կկայացնի Տարոն Մարգարյանն իր խմբակցության անդամների հաստատմամբ:
Եվ ուրեմն, ինչ է տալու մայրաքաղաքին նորընտիր ավագանիում թեկուզ եւ շատ ակտիվ, ազնիվ եւ նվիրված ընդդիմադիր անդամների ներկայությունը: Ընդ որում, նրանք էլ բաժանված են երկու անհաշտ ճամբարների. մեկի կողմից հնչում են մյուսին քրեական հետապնդման ենթարկելու կոչեր, որոնք վերադարձվում են ձայնագողության մասին ակնարկներով եւ այլն: Այսինքն՝ արդեն իսկ ակնհայտ է, որ նորընտիր ավագանիում ոչ միայն իշխանություն-ընդդիմություն անհաշտ պայքարի, այլեւ «Ելք»- «Երկիր ծիրանի» հրապարակային տեսարանների պակաս չի լինելու:
Մեծ հաշվով դա, իհարկե, վատ չէ: Խնդիրն այն է, սակայն, որ այդ հրապարակային տեսարանների հետեւում շարունակելու են չլուծված մնալ մահվան գազելների, հուսահատության վերելակների ու նման տասնյակ, հարյուրավոր հիմնախնդիրներ: Առավել եւս, որ եթե «Երկիր ծիրանին», այնուամենայնիվ, մանդատները վերցնի, ապա Երեւանի ավագանին կլինի խորհրդարանական ամբիոնից զրկված Զարուհի Փոստանջյանի համար քաղաքական միակ հարթակը, որը նա կօգտագործի ամողջ ծավալով:
Արդյունքում՝ երկրի հիմնական քաղաքական թատերաբեմին՝ Ազգային ժողովին զուգահեռ՝ կարող է ակտիվանալ նաեւ մայրաքաղաքային խորհրդարանական թատերաբեմը, ինչը, անշուշտ, միանգամայն ձեռնտու կլինի գործող իշխանությանը: Ռեյտինգային ընտրակարգով պառլամենտ գործուղված ապաքաղաքական դեմքերի օրենսդիր գործունեության գաղջությունը գուցե թե ժամանակ առ ժամանակ հնարավոր լինի քողարկել Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամների վառ քաղաքական գործունեությամբ, ինչից, բնականաբար, գոհ կլինեն բոլորը:




Լրահոս