ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՎՐԱՑԱԿԱՆ ՎՈՅԱԺՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը օրերս Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում կրթական ստուգումներ է իրականացրել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեսչության աշխատակիցները Տավուշի մարզ կատարած գործուղումը փորձել են վերածել հանգստի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կրթության պետական տեսչության կողմից ստուգումներ իրականացվել են Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում: Ստուգումները անցկացվել են հիմնականում Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի, Դիլիջանի, Պառվաքարի, Հաղարծինի, Աչաջուրի, Հաղթանակի, Կողբի, Բագրատաշենի եւ այլ դպրոցներում: Այժմ ամփոփվում են ստուգումների արդյունքները, եւ առաջիկայում դրանք կհրապարկվեն: Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկանքը առաջիկայում կտեղադրվի իրենց պաշտոնական կայքէջում: Բացի այդ՝ ստուգումների արդյունքները նաեւ քննարկվում են տեղի մարզպետի, ստուգված եւ չստուգված դպրոցների տնօրենների հետ:
Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ կոնկրետ Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում ստուգումներ իրականացնելու նպատակով կրթության պետական տեսչութունը գործուղման է ուղարկել18 աշխատողի:
Թե որտեղ են գիշերը մնացել, եւ տեսուչներին որքան գումար է պետական բյուջեից տրվել գործուղման համար, տեսչության պետ Արամ Կարապետյանը հրաժարվեց հայտնել` պատճառաբանելով, որ տեղյակ չէ: «Դա պետք է նախարարության ֆինանսական համապատասխան վարչությունից տեղեկանաք: Ես չգիտեմ: Ամեն մեկը մի տեղ, մի հյուրանոցում մնացել է, ես մանրամասն չգիտեմ», – փոխանցեց Կարապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեսչության պետին փոխանցեց այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Տավուշի մարզի դպրոցներում ստուգումներ իրականացնող տեսուչներից մի քանիսը ստուգումների ընթացքում մեկնել են Վրաստանի Հանրապետություն եւ այնտեղ ժամանակ անցկացրել: Եւ ամենակարեւորը` նրանք այդ մասին չեն տեղեկացրել ղեկավար անձնակազմին` սկսած տեսչության պետից, վերջացրած նախարարով: Իսկ Վրաստան այցի վերաբերյալ լուսանկարները կրթական տեսուչները հրապարակել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ինչի շնորհիվ էլ բացահայտվել է նրանց «գաղտնիքը»: Բնականաբար, գաղտնազերծումից հետո վրացական վոյաժների լուսանկարները նրանք արագ ջնջել են:
«Ո՛չ, այդպիսի բան չի եղել, դա ստուգումների ընթացքում չի եղել: Ստուգումները ուրբաթ օրն ավարտել են, եւ մի քանի հոգի Բագրատաշեն գյուղից գնացել են Վրաստան: Պետք է Երեւան գային, որովհետեւ ուրբաթ օրը նրանց վերջին օրն է եղել, գնացել են Վրաստան` մեր գրողների, հասարակական տարեց գործիչների պանթեոն: Տեսել են ու հետ եկել: Սա է ամբողջ խնդիրը»,- տեղեկացրեց տեսչության պետ Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով՝ Վրաստան այցելող տեսուչներն են Արմեն Վիրաբյանը, Աիդա Բարսեղյանը, Լաուրա Սամվելյանը, Վահրամ Գեւորգյանը: Նշված տեսուչները Բագրատաշենի դպրոցներում ստուգումներ են իրականացրել, ապա գնացել են Վրաստան` Երեւան գալու փոխարեն: «Ժողովուրդ»-ի հարցին` դեպի Վրաստան նրանց կատարած այցը պետական միջոցներո՞վ է իրականացվել, թե՞ ոչ, տեսչության պետն անմիջապես պատասխանեց. «Բնականաբար, իրենց սեփական միջոցներով են գնացել: Ո՞վ պետք է նրանց գումար տա: Այդ օրվա կապակցությամբ ես բոլորից բացատրություն եմ վերցրել: Իրենք բացատրել են, որ ուրբաթ օրը վերջացրել են իրենց աշխատանքը: Ի դեպ, ժամ կա ֆիքսված, թե սահմանով երբ են անցել ու հետ եկել, թեեւ նախապես տեղյակ չեն պահել: Բայց նրանք կարող էին Ֆրանսիա էլ մեկնել, քանի որ առջեւում հանգստյան օրերն էին՝ շաբաթ եւ կիրակին: Նրանք հո ինձ չեն ասելու, թե իրենց անձնական կյանքը ինչպես են դասավորելու: Իսկ Բագրատաշեն գյուղը, տեղյակ եք, որ սահմանի վրա է»:
«Ժողովուրդ»-ը Արամ Կարապետյանից հետաքրքրվեց` տեսուչները նկատողություն ստացե՞լ են կամ նախազգուշացում տրվե՞լ է նրանց, թե՞ ոչ: «Իհարկե, ոչ: Դա իրենց անձնական գործն է, մենք ինչ կարող ենք անել: Նրանք նույն օրն են հետ վերադարձել, երկու ժամ են մնացել, այցելել են պանթեոն եւ հետ են եկել Երեւան: Բան մի ման եկեք, այդտեղ ոչինչ չկա: Չնայած որ ամեն բան բացահայտվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցից: Մեր լավագույն տեսուչներն են: Հենց բաժնի պետն է (խոսքը հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Արմեն Վիրաբյանի մասին է) իր աշխատողների հետ գնացել: Խնդրել են Վիրաբյանին, ասել են՝ եկել, հասել ենք Բագրատաշեն, գնանք, հետ գանք: Բայց աշխատանքն ավարտել, ամփոփել են, կոլեկտիվի հետ են նույնիսկ քննարկել աշխատանքները»,- ներկայացրեց Կարապետյանը:
Զրույցի ավարտին նա փոխանցեց, որ սովորաբար ստուգումների վերջին օրվա համար գործուղման ծախս չի հատկացվում: Քանի որ դա հետ վերադառնալու օրն է, եւ չպետք է գիշերեն: «Անկեղծ ասած` ես չեմ իրենց պատժողը, ես պետք է զեկուցագիր գրեի նախարարին, բայց իրենք բացատրություն տվեցին, եւ հասկացանք, որ դա իսկապես նախարարին գրելու բան չէր»,- անկեղծացավ տեսչության պետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՔԿՀ-ԻՑ. ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ՄԱՐԴ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Գեւորգ Մկրտչյանը, որը Սերժ Սարգսյանին խնդրում է ուշադրություն դարձնել անազատության մեջ գտնվողների հոգսերին:
«2015թ. մարտի 17-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քր. օր.-ի 312 եւ 182 հոդվածների հատկանիշներով դատապարտվել եմ 5 տարի ազատազրկման: Անազատության մեջ եմ 2014թ. հունվարի 28-ից: Ամուսնալուծված եմ, նախկին կինս 2008թ. չարամտորեն լքել է երեխաներիս՝ Գրիգոր (12 տարեկան) եւ Թամարա (13 տարեկան) Մկրտչյաններին: Այժմ նրանց խնամում է մայրս, որը 2016թ. հոկտեմբերի 16-ին վրաերթի է ենթարկվել: Ստացել է ծանր մարմնական վնասվածքներ՝ ոտքի բաց կոտրվածք, ինչի հետեւանքով դարձել է 3-րդ կարգի հաշմանդամ: Արդեն 5-րդ ամիսն է՝ թիվ 57129616 քրեական գործի նախաքննությունը չի ավարտվում՝ կապված վրաերթի հետ, որպեսզի մայրս ապահովագրական ընկերությունից կարողանա ստանալ պատճառված վնասի եւ կորցրած եկամտի հատուցումը: Դիմել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, բայց սայլը տեղից չի շարժվում:
Ընտանիքս սոցիալապես անապահով ծանր վիճակում է: Դստերս մեկ աչքն ունի տեսողության լուրջ խնդիր. բարձր աստիճանի կարճատեսություն, տեսողությունը ընդամենը 7 տոկոս է կազմում: 2015թ. նախկին կինս երեխաներին հաշվառել է իր հայրական տան հասցեում, որպեսզի ստանար իր նոր ամուսնությունից ծնված երեխայի նպաստը (1.000.000) մեկ միլիոն ՀՀ դրամ, չնայած իմ երեխաները մշտապես բնակվել են մեր տանը՝ ք. Էջմիածին, Չարենցի փող 591 հասցեում: Կնոջս արարքի պատճառով ընտանիքս զրկվել է 5 ամսվա նպաստի գումարից, ընդհանուր՝ 145.000 ՀՀ դրամից:
Դիմել եմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ ՀՀ վարչապետին, սակայն այդ 145.000 դրամն այդպես էլ չվերականգնվեց:
Մեծարգո՛ նախագահ, ողջունելի է, որ բարեփոխումներ են նախատեսված դատաիրավական ոլորտում: Սակայն այնտեղ էլ դեռ ոչինչ չի արվել, որպեսզի շարքային դատապարտյալը զգա այդ փոփոխությունը: Կալանավայրում աշխատելու համար դիմել եմ «Արմավիր» ՔՀԿ-ի ղեկավարությանը, սակայն նպատակահարմար չեն գտել ինձ ընդգրկել վարձատրվող աշխատանքներում: Մտածում էի՝ այդպես կարող եմ թեթեւացնել ընտանիքիս հոգսը, բայց ապարդյուն: Անդրադառնամ նաեւ արդեն թնջուկ դարձած վաղաժամկետ ազատման հարցին: Այստեղ արդեն ՔԿՀ-ի ղեկավարությունը իր հավանությունը տալիս է, սակայն 2-րդ անգամ Ձեր հրամանագրով կազմված անկախ հանձնաժողովը մերժում է, որն էլ բողոքարկել եմ դատարան, բայց դարձյալ ապարդյուն: Հույս ունեի, որ ազատ կարձակվեմ ու կաշխատեմ, որ թեթեւացնեմ ընտանիքիս հոգսը:
Պարո՛ն Սարգսյան, խնդրում եմ Ձեզ, մի՛ կոտրեք մեր հավատը Ձեր սկզբունքների եւ Ձեր քաղաքականության նկատմամբ: Խնդրում եմ Ձեզ հանձնարարել զբաղվել անազատության մեջ գտնվողների հոգսերով, փորձեք հասկանալ մեզ, չէ՞ որ մենք էլ մարդ ենք, իսկ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձարգույն արժեք Է:
Դատապարտյալ
Գեւորգ Սարիբեկի Մկրտչյան»:

 

 

 
ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ին` հիմնականում հյուսիսային շրջաններում, մայիսի 19-ի երեկոյան ժամերին, մայիսի 20-ին եւ 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 20-21-ը ցերեկը նույնքան կնվազի:
Երեւանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն, մայիսի 19-ի երեկոյան ժամերին, մայիսի 20-ին եւ 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:




Լրահոս