Վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան դեպքերը լուրջ խառնափշոթ են առաջացրել մի շարք գերատեսչություններում: Բանն այն է, որ 2017 թվականի հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածում բանակում արձանագրվել է 26 մահվան դեպք, որից 10-ը եղել է հակառակորդի կրակոցի հետեւանքով, իսկ ահա 16-ը` ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, զինվորների միջեւ ներքին տարաձայնության, զենքի հետ կանոնները խախտելու եւ սպանության հետեւանքով:
Ինչպես հայտնի է՝ մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդրադարձել էր բանակում արձանագրված մահվան դեպքերին եւ հայտարարել, թե խստագույնս պատժելու է պատասխանատուներին: Ի՞նչն էր դրդել նախարարին նման ելույթ ունենալ: Բանն այն է, որ 2017 թվականի հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածում բանակում արձանագրված մահվան դեպքերի աճը, մեղմ ասած, մտահոգիչ է:
Այսպես՝ 2017 թվականի հունվարի 16-ին ՊԲ զորամասերից մեկում մահացավ պայմանագրային զինծառայող Գուրգեն Սարգսյանը: Զինծառայողի մահվան գործով մեղադրանք առաջադրվեց մեկ այլ զինվորի, որը, ըստ մեղադրանքի, խախտել էր զենքի հետ վարվելու կանոնները, ինչի արդյունքում Սարգսյանը մահացել է: Հունվարի 17-ին հակառակորդի կրակոցից մահացավ Անդրանիկ Մուսիկյանը: 2017 թվականի հունվարի 25-ին ինքնասպան եղավ ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանը, որի գործով եւս մեղադրանք է առաջադրվել ծառայակցին: Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ զորամասի շինհրապարակում վատացել էր ժամկետային զինծառայող Սարգիս Ափինյանի վիճակը, ինչի արդյունքում զինվորը մահացավ:
Փետրվարի 6-ին հակառակորդի կրակոցից մահացավ ժամկետային զինծառայող Գոռ Գարեգինյանը, իսկ փետրվարի 8-ին հակառակորդի կրակոցից մահացավ Գեղամ Մանուկյանը: Փետրվարի 15-ին ավտովթարի հետեւանքով մահացավ ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Գարեգին Մինասյանը: Փետրվարի 17-ին թունավորման արդյունքում մահացավ ժամկետային զինծառայող Գարեգին Արգամանյանը: Իսկ փետրվարի 18-ին չպարզված հանգամանքներում մահացավ ՊԲ ժամկետային զինծառայող Լեռնիկ Օսյանը: Փետրվարի 23-ին էլ մահացավ ՊԲ ժամկետային զինծառայող Գոռ Խուդինյանը, որի մահվան գործով քրեական գործ է հարուցվել ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ունենալու հատկանիշներով:
Մարտի 1-ին հակառակորդի կրակոցից մահացավ պայմանագրային զինծառայող Նվեր Բաբաջանյանը, իսկ նույն օրը զենքի հետ կանոնները խատելու հետեւանքով մահացավ Գուրգեն Սարգսյանը: Իսկ մարտի 21-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զենքի հետ կանոնները խախտելու արդյունքում մահացավ ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանը:
Մարտի 28-ին եւ 31-ին եւս արձանագրվել էին մահվան դեպքեր. հակառակորդի կրակոցից զոհվեցին Արտակ Ռաֆայելյանը եւ Գոռ Հովհաննիսյանը:
Ապրիլի 24-ին հակառակորդի կրակոցից զոհվեց ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանը, ապրիլի 25-ին մահացավ ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը, ինչից հետո ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվեց քրեական գործ: Ապրիլի 26-ին առողջական խնդիրների պատճառով մահացավ պայմանագրային զինծառայող Արմեն Ծատուրյանը: Ապրիլի 28-ին հակառակորդի կրակոցից զոհվեց ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանը:
Իսկ մայիսի 8-ին զորամասը ինքնակամ լքելու պատճառով վթարի էին ենթարկվել 3 ժամկետային զինծառայողներ, որոնք ընկնելով գետը՝ ջրահեղձ էին եղել: Վերջիններս էին Ռաֆայել Բիշարյանը, Ռուբեն Բարսեղյանը եւ Ռուբեն Մնացականյանը: Մայիսի 10-ին զենքի հետ վարվելու կանոնները խախտելու արդյունքում մահացավ ժամկետային զինծառայող Գագիկ Մեսրոպյանը, իսկ ահա մայիսի 14-ին մահացավ ժամկետային զինծառայող Արշակ Արշակյանը, որի մահվան դեպքով քրեական գործ հարուցվեց՝ ինքնասպանություն հասցնելու հատկանիշներով:
Ասել է, թե 2017 թվականի հունվարից մինչ օրս բանակում արձանագրվել է մահվան 26 դեպք, որից 10-ը եղել է հակառակորդի կրակոցի հետեւանքով, իսկ ահա 16-ը` ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, զինվորների միջեւ ներքին տարաձայնության, զենքի հետ կանոնները խախտելու եւ սպանության հետեւանքով: Եվ ահա պաշտպանության նախարարը այս իրավիճակը աչքի առաջ ունենալով՝ մայիսի 13-ին հայտարարեց, թե խստագույնս պատժելու է պատասխանատուներին, սակայն ակնհայտ է, որ մահվան դեպքերով մի քանի զինվորի կալանավորելով՝ իրավիճակը չի փոխվի, անհրաժեշտ են կոնկրետ եւ կոշտ քայլեր:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին տիրող իրավիճակի հետ կապված խորհրդակցություն է անցկացվել ՊՆ-ում, որի ընթացքում բարձրացվել է որոշ պաշտոնատար անձանց հեռացման հարցը: Ավելին՝ գործին խառնվել է նաեւ ՀՀ զինվորական դատախազությունը: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը իր հերթին է նախատել դատախազներին՝ նշելով, թե չբացահայտված հանցագործությունները, քննչական գործողությունների կատարման հապաղումների, դրանք չպլանավորված եւ չհամակարգված իրականացնելու հետեւանքն են: Զինվորական դատախազը հանձնարարել է հաճախակի հանդիպումներ անցկացնել զինծառայողների հետ՝ նրանց պարզաբանելով կանոնադրային փոխհարաբերությունների պահպանման կարեւորությունը: Արդյոք խորհրդակցությունները, ծառայողական քննություններն ու խիստ պատժի սպառնալիքները կփոխեն իրավիճակը, պարզ կդառնա առաջիկայում:
Հ.Գ Երեկ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ նախնական տվյալներով զինվորը մահացել է զենքի պատահական կրակոցից:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՁԵՎԱԿԱՆ ՔՐԳՈՐԾ
Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպի գործով 4 օր հետո hատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ:
Ինչպես հայտնի է` 2017թ. մայիսի 14-ին Երեւան քաղաքի Ավան-Աճառյան 22 հասցեում գտնվող, Երեւանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ծեծկռտուք էր եղել: Նախ ոստիկանություն էր ահազանգել շտաբի պատասխանատու Գ. Սերոբյանը եւ հայտնել, թե ժամը 13:37-ին, առանց իր թույլտվության, նախընտրական շտաբ է ներխուժել Երեւանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը, քաշքշել է իրեն եւ շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբում գտնվող գույքը՝ այդ կերպ խոչընդոտելով իրենց աշխատանքների իրականացմանը:
Իսկ ահա Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում, եւ պահանջել էր բացել շտաբում գտնվող դարակները, սակայն շտաբի աշխատակիցները եւ շտաբում գտնվող ոստիկանները հակադարձել էին վերջինիս, ինչի արդյունքում սկսել էր ընդհարումը: Քաշքշուկի հետեւանքով Զարուհի Փոստանջյանի դուստրը ստացել էր գլխուղեղի ցնցում, եւ արդեն 4 օր է, ինչ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Մայիսի 14-ին այս միջադեպի գործը ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն: Եվ ահա երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ հայտարարություն տարածեց, որ իրավապահները այս գործով ընթացք չեն տվել եւ մեղավորներին պատասխանատվության չեն կանչել:
Հայտարարությունից հետո ՀՔԾ-ում իրավիճակ փոխվեց, եւ վերջիններս ժամանակ չկորցրին ու երկու ժամ անց հայտարարեցին, որ տեղի ունեցած միջադեպի գործով հարուցվել է երկու քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու…, որը կատարվել է սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից 2500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով):
ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները անցնել, եւ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների խոչընդոտելը:
Դատելով հատուկ քննչական ծառայության պաշտոնական հաղորդագրությունից՝ չի բացառվում, որ իրավապահները մեղադրանք կառաջադրեն նաեւ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, միչդեռ վերջինս ոչ միայն նշված օրը դստեր հետ բռնության զոհ էր դարձել, այլեւ ընտրակաշառքի բաժանման մասին հայտարարություն տարածել, որն այդպես էլ անհետեւանք մնաց:
Այսինքն՝ իրավապահները երկու կողմի հաղորդագրությունների հիման վրա էլ քրեական գործ են հարուցել, իսկ թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը: Բայց փաստ է, որ միջադեպից անցել է 4 օր, սակայն ՀՔԾ-ն միայն նոր է քրեական գործ հարուցել ու դեռ որեւէ մեկին չի էլ հարցաքննել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ՌԴ
ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու եւ Ռուսաստանի տարածքում կատարելու մասին: ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: Հաշվի առնելով առկա իրողությունները եւ նպատակ հետապնդելով ապահովել ՀՀ դատարանի կայացրած դատավճռի կատարումը՝ ՀՀ եւ ՌԴ իրավասու մարմինների միջեւ կայացել են քննարկումներ՝ «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայի շրջանակներում խնդիրը լուծելու համար: Վ. Պերմյակովի պատժի կատարումն ապահովելու նպատակով նշված պայմանագրի շրջանակներում նախատեսված հետագա իրավական գործընթացների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրությանը կտեղեկացնի հավելյալ:
ԵՐԵՔ ՀԱՐՎԱԾ
Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված են հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասվել է երկու միավոր զինտեխնիկա, որոնցից մեկը «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ է, մյուսը՝ ոչ մարտական: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հարվածներից միայն մեկն է հասել նշանակետին: «Հրթիռով փորձել են խոցել զինտեխնիկա, տվյալ դեպքում՝ հակաօդային միջոց, բայց կոնկրետ այդ միջոցն այդքան չի վնասվել: Այրվել է ուրիշ մեքենա, որ ոչ մի կապ չունի զենիթահրթիռային «ՕՍԱ» համակարգի հետ, մարդկային կորուստներ կամ վիրավորներ չեն եղել»: Իսկ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ մեկ «ՕՍԱ» համալիր է ոչնչացրել, մեկ լիցքավորող մեքենա եւ դրանք սպասարկող անձնակազմը։
ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից, Արփինե Հովհաննիսյանը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ Գեւորգ Կոստանյանն ու Ալիկ Սարգսյանը՝ ՀՀ նախագահի խորհրդականների պաշտոնից:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։