Մրգաստանում սուգ է, իսկ Այգեշատում մարդիկ ուզում են իրենց պարանով կախել. երեկ տեղացած կարկուտի հետեւանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է`երեկ ՀՀ Արմավիրի մարզում տեղացած ուժգին կարկուտի հետեւանքով մի շարք գյուղերի բնակիչներ հսկայական վնասներ են կրել: Երեկ թեթև կարկուտ տեղացել է Շիրակի եւ Տավուշի մարզերում: Սակայն Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի մի շարք գյուղեր բավականին մեծ վնասներ են կրել: Դրանք են` Մրգաստան, Արշալույս, Շահումյան, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Դաշտ եւ այլն:

ArmLur.am-ը զրուցեց Մրգաստանի գյուղապետ Ռաֆիկ Խաչատրյանի հետ եւ հետաքրքրվեց, թե իրենց գյուղում մարդիկ կոնկրետ ինչ չափի վնաս են կրել: Հարցին ի պատասխան գյուղապետն ասաց. «Մեզ մոտ ծիրանն է վնասվել, մարդկանց մշակաբույսերը: Կարկուտը սրբել տարել է ամեն ինչ… Մարզպետն եկել էր առավոտյան, լացում էր, անկեղծ եմ ասում` առանց չափազանցնելու, աչքերից արցունք էր թափում: Սուգ է այստեղ եւ գյուղապետարանում եւ մարդկանց տներում: Պետք է կառավարությունը մեր հոգսը հոգա այլ ելք չունի»:
Իսկ Այգեշատի գյուղապետ Ռոբերտ Հովսեփյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց`նշելով, որ երեկվա կարկուտի արդյունքում ամեն տեսակի ցանված մշակաբույս վնասվել է, այդ թվում` պտղատու այգիները: «Կարտոֆիլը, վարունգը, խաղողը, կեռասը, ծիրանը, սոխը… ամեն ինչ, ո՞րն ասեմ: Մարզպետն էլ, գյուղփոխնախարարն էլ եկել են, կանգնել են ամեն մի ճյուղի մոտ ու իրենց աչքով տեսել են վիճակը: Ասեցին, որ կառավարությունը ձեր կողքին է, հաստատ ինչ-որ մի բան ձեզ համար կանենք»:

ArmLur.am-ը գյուղապետ Ռոբերտ Հովսեփյանից տեղեկացավ, որ Այգեշատում երկու հակակարկտային կայաններ են տեղադրված եղել, որոնք կրակել են, բայց անարդյունք: «Դրանք չօգնեցին, երեւի ամպերը հզոր էին, դրա համար էր չստացվեց: Կարկուտի ընթացքում էլ առաջ էլ կրակել են, բայց երեւի բնական աղետ էր էլի, ով կարող է դրա դեմ պայքարել: Ինչ անեն մարդիկ, ուզում են գնան շինանյութի խանութից պարան առնեն ու դրանով կախվեն»,- հուսահատված նկատեց գյուղապետը: Ապա`մեծ ափսոսանքով ներկայացրեց, որ գյուղի բնակչության 70 տոկոսի տները, ավտոմեքենաները, ոսկեղենը գրավադրված են բանկերում, որտեղից ամեն օր զանգում են ու պահանջում վճարումներ անել:

Հ.Գ. Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականի մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտը մեծ վնասներ էր հասցրել ավելի քան 43 գյուղերի: Զայրացած գյուղացիները մի քանի անգամ փակել էին Արմավիր-Երեւան ճանապարհը՝ պետությունից պահանջելով կարկուտի հետեւանքով կրած վնասների փոխհատուցում: 2013-ին Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիները միլիոնավոր դրամների վնասներ էին կրել, իսկ կառավարությունը հայտարարել էր, որ պետությունն անպայման օգնելու է իրենց:

Սակայն կառավարության օգնությունը կազմեց ավելի քան 40 հազար դրամ:
Արդյոք այս դեպքում կառավարությունը կկարողանա առարկայական օգնություն ցույց տալ գյուղացիներին, թե կբավարարվի միայն ջրի եւ հողի հարկերը զեղչելով, ինչպես միշտ է անում: Այս հարցի պատասխանը առայժմ չկա: Սակայն փորձը ցույց է տալիս, որ պատկան կառույցները, այդ թվում եւ գյուղատնտեսության նախարարությունը, բավարարվում են միայն կարկտահարությունից վնասներ կրած գյուղերում շրջելով եւ մարդկանց հանգստացնելով:

Եւ ինչպես փորձն է ցույց տալիս, հակակարկտային այս կայանները չեն կարողանում աղետի դեմն առնել: Արդյունքում գյուղացին կորցնում է սպասվող բերքի մեծ մասը, իսկ կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում փոխհատուցել՝ վերջինիս թողնելով կոտրած տաշտակի առաջ: Մինչդեռ Հայաստանում հակակարկտային կայաններ տեղադրելու համար միլիոններ են ծախսվում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս