«168 ժամ» թերթը գրում է. «Ժողովրդագրական վիճակը քրիստոնյա երկրներում բավականին մտահոգիչ է, իսկ դրանց լուծման բանալին քրիստոնյա աշխարհը դեռ չի գտել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով` փորձը ցույց է տալիս, որ եթե մի քրիստոնյա երկրում, որտեղ կա նաեւ ոչ քրիստոնյա հատված, եւ փորձ է արվում խրախուսել ժողովրդագրական խնդիրների լուծումը, ապա այն տեղի է ունենում ոչ քրիստոնյա հատվածի աճի շնորհիվ:
«Այս պարագայում այն չափազանց բարդ լուծելի խնդիր է: Կարծում եմ, միայն ներքին ռեսուրսների հաշվին հնարավոր չէ ապահովել Հանրապետության նախագահի այն հայտարարությունը, որ մինչեւ 2040 թվականը բնակչության թիվը կհասնի 4 մլն-ի: Այսինքն, եթե կարողանանք կազմակերպել ներգաղթ, բնակչության ավելացումը հնարավոր կլինի մեր այն հայրենակիցների կամ նրանց առաջին սերնդի հաշվին, ովքեր լքել են Հայաստանը բավականին բարդ տարիների ընթացքում»,- ասաց Մինասյանը:
Նրա կարծիքով` ժողովրդագրական խնդիրը Հայաստանի նման երկրների համար կարելի է համարել ինտեգրալ խնդիր: Նրա խոսքով` եթե բոլոր ոլորտներում հավասարապես չիրականացնենք բարեփոխումներ, դժվար կարողանանք առաջիկայում ունենալ 4 մլն բնակչություն:
Մինասյանը նաեւ նկատեց, որ Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում մի շարք բարեփոխումներ են կատարվել:
«Մենք ունենք մի խնդիր` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, որը մեզ տեւական ժամանակ ուղեկցելու է: Այս պարագայում 4 մլն ազգաբնակչության ունենալը ենթադրում է մի բան, որ երկրում պետք է ամեն ինչ արվի՝ արդար, ապահով, մրցակցային հնարավորություններ ապահովելու միջոցով»,- ասաց նա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: