ԱՐՑԱԽԸ ԴԵՄ Է ՔՆՆԱՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե արցախցիների համար անընդունելի են ԼՂ խնդրի կարգավորման ե՛ւ Մադրիդյան, ե՛ւ Կազանյան փաստաթղթերը: Նկատենք, որ այս փաստաթղթերի հիմքում դրված սկզբունքները նոր չեն, այլ դրանց շուրջ բանակցությունները եղել են դեռ 90-ականների սկզբից սկսած: Բանակցությունների հիմնական էությունն էլ հետեւյալն է. «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, զուգորդված անվտանգության միջազգային երաշխիքներով»: Անցած տարիների ընթացքում թեեւ փոփոխվել ու լրացվել են որոշ դետալներ, բայց հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքները մնացել են նույնը: Արցախի իշխանություններն էլ դեռ 90-ականներից իրենց անհամաձայնությունն են հայտնել բանակցային սեղանին դրված փաստաթղթի վերաբերյալ: Ու հետաքրքիր է՝ ինչպե՞ս է լուծվելու այս դիլեման, եթե Ղարաբաղը միշտ դեմ է քննարկվող տարբերակին: Այստեղ նաեւ հարց է առաջանում՝ եթե Սերժ Սարգսյանը, որ հայտարարել էր դեռ 2011թ. Կազանում փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին, համոզված է, որ բանակցային սեղանին գտնվող փաստաթուղթը հայանպաստ է, խնդրի լուծման ճիշտ ճանապարհն է, ինչո՞ւ այս ընթացքում չի փորձել համոզել ղարաբաղյան կողմին: Իսկ եթե փորձել է, ապա Արցախի կառավարության ղեկավարի հայտարարություններից տպավորություն է, որ Սերժ Սարգսյանին դա չի հաջողվել:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի խոսնակից պարզել՝ արդյո՞ք նա շարունակում է խնդրի լուծման շուրջ բանակցությունները այս փաստաթղթերի հիման վրա: Սակայն մեր հարցումը, ինչպես միշտ, մնաց անպատասխան:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն ընդունել եւ համոզել է, որ շարունակի պաշտոնավարումը: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու, եւ ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը կամաց-կամաց պատրաստել վարչապետի փոփոխությանն ու այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը: Պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է հայտարարել, թե ԱԺ ընտրությունների արդյունքներով՝ մինչեւ 2022թ. ժողովուրդը կառավարություն ձեւավորելու եւ վարչապետ նշանակելու իրավունքը տվել է ՀՀԿ-ին, եւ հավելել.«Սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»:

 

 

 

Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների գլխաքանակը տարեցտարի նվազում է: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն վերջին երկու տարիներին ավելի շատ կենդանիներ են անկել, քան նախորդ տարիներին: 2010 թվականի վերջին կենդանաբանական այգին ունեցել է 256 տեսակի կենդանի եւ թռչուն, իսկ կենդանիների ու թռչունների գլխաքանակը կազմել է 2807: Իսկ ահա անցած տարեվերջի դրությամբ Երեւանի կենդանաբանական այգում առկա է եղել 149 տեսակի կենդանի, որոնց գլխաքանակը կազմել է 854: Ընդ որում, կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակը սկսեց նվազել այն բանից հետո, երբ տնօրեն դարձավ Ռուբեն Խաչատրյանը: Իսկ սա հետեւանք է այն բանի, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիները անկել են:

 

 

 

Անցած տարվա ապրիլի 3-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով սպանվեցին Թալիշի բնակիչներ Վալերա Խալափյանն ու նրա կինը` Ռազմելան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թալիշ համայնքի բնակիչ Մարտիրոս Վարդանյանը պատմեց, որ ինքն առաջինն է եղել, որը դեպքից հետո Խալափյանների տուն է մտել եւ տեսել, թե ինչպես են ադրբեջանցիները սպանել ընտանիքին: Նրա պատմելով՝ Խալափյանների որդին՝ Գագիկը, այդ թեժ պահին իր անչափահաս երեխաներին դուրս է հանել դեպի թաքստոց, իր զենքը տվել մորը՝ նրան հորդորելով պաշտպանվել, մինչեւ տեղավորի անչափահասներին ու օգնության կանչի հատուկ ջոկատայիններին: Բայց մինչեւ վերադարձել է, տեսել է ծնողներին սպանված: «Ես հասկացա, որ Գագիկի մոր ձեռքը զենք է եղել, ու երբ ազերիները մտել են տուն, նա զենքը պահել է նրանց վրա, դրա համար հսկայական կրակահերթ են բաց թողել ծերերի վրա»,- պատմեց Վարդանյանը: Ավելի քան մեկ տարի առաջ կատարվածի մասին այսօր էլ Խալափյանների ընտանիքը սարսուռով է հիշում: Այժմ նրանք բնակվում են Ալաշան համայնքում:

 

 

 

ԳԱՂՋԸ ԽԱՆԳԱՐՎԵՑ
Երեւանի կենտրոնում գերակա շահ ճանաչված տարբեր թաղամասերի բնակիչները երեկ վաղ առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել Սերժ Սարգսյանի կեցավայրի մոտ՝ պահանջելով խնդրին լուծում տալ: Աշխատանքի մեկնելիս Սերժ Սարգսյանը կանգնեցրել է ավտոշարասյունը, իջել ու հանդիպել է մարդկանց, խոստացել, որ կհանձնարարի զբաղվել խնդրով: Այնուհետեւ տեսնելով, որ լրագրողները լուսաբանում են բողոքի ցույցը, Սերժ Սարգսյանը դժգոհել է. «Լրագրողներին դո՞ւք եք ձեր հետ բերել… Բա ինչո՞ւ են մեզ խանգարում»:
Փաստորեն լրագրողների ներկայությունը նյարդայնացրել է Սերժ Սարգսյանին, նյարդայնացրել այն աստիճան, որ չկարողանալով զսպել իրեն՝ ցուցարարների խնդիրները լսելու փոխարեն դժգոհում է լրատվամիջոցների ներկայությունից: Համաձայնեք, մեղմ ասած, տգեղ պահվածք է, այն էլ՝ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորության կողմից, որը քաղաքացիների խնդիրներին ականջալուր լինելու փոխարեն այդ պահին լրագրողներին է մեղադրում իրենց խանգարելու մեջ: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, երեկ լրագրողները նույնիսկ հարց չեն հնչեցրել, այլ պարզապես նկարահանում էին այդ հանդիպումը, մինչդեռ Սերժ Սարգսյանը, նրանց տեսնելով, բորբոքվել է:
Չնայած, նկատենք, նման դեպքերում Սերժ Սարգսյանին էլ կարելի է հասկանալ: Ի վերջո, Սերժ Սարգսյանի մոտ ոչ մի կերպ չի ստացվում հասարակ քաղաքացիների հետ նորմալ, հանգիստ շփումը, եւ նման հանդիպումները միշտ ավարտվում են ինչ-որ սկանդալով, տհաճ պատմությամբ: Հիշում եք՝ էլի նախագահական կեցավայրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ մի ծերունի Սերժ Սարգսյանին ասել էր, որ իշխանություններն այլ ելք չեն թողնում, քան զենքով հարցեր լուծելը. այդ տեսանյութը դարձել էր համացանցի հիթը: Հիշում եք Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունները՝ «իյա, իրո՞ք», «եկել խանգարում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես», «հայրիկ ջա՛ն, այդպես եք անում, որ խիյարը թարս է բուսնում», «եթե ես եմ ձեր նախագահը, ինձ պիտի մեղադրե՞ք», «քո երեխեքը գնացել են Ռուսաստան, ե՞ս եմ մեղավոր». լրատվամիջոցները ֆիքսել էին այդ ամենը: Հետեւանքները ինքներդ եք հիշում: Այնպես որ, նման «պոռթկում» կարող էր լինել նաեւ այս անգամ: Էլ չենք ասում Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունների մասին, երբ արտագաղթի համար կրկին լրագրողներին էր մեղադրել՝ ասելով, որ նրանք գաղջ մթնոլորտ են տարածում եւ այսպես շարունակ:
Միայն թե, նկատենք, Սերժ Սարգսյանը եւ ընդհանրապես իշխանությունները ճիշտ կանեին, եթե ստեղծված իրավիճակի համար մեղավորին փնտրեին իրենց մեջ, այլ ոչ թե մեղադրեին լրատվամիջոցներին, նեղվեին նրանց ներկայությունից: Ի վերջո, եթե հասարակության մեջ լուրջ դժգոհություն կա, դժգոհություն, որը գնալով միմիայն խորանում է, ապա դրա մեղավորը լրագրողները չեն, այլ իշխանությունները:




Լրահոս