Հայաստանում գործող միակ պետական` Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների գլխաքանակը տարեցտարի նվազում է: Պաշտոնական տվյալներով՝ միայն վերջին երկու տարիներին ավելի շատ կենդանիներ են անկել, քան նախորդ տարիներին: Բայց չնայած սրան` Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այդպես էլ հանրությանը չի ներկայացնում կենդանիների անկման պատճառները:
Տեղեկացնենք, որ Ռուբեն Խաչատրյանը Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն նշանակվել է 2011 թվականի ապրիլի 8-ին: Եւ հենց այս օրվանից էլ սկսած՝ նվազել են ոչ միայն կենդանաբանական այգու կենդանիների գլխաքանակը, այլեւ տեսակները: Այս մասին խոսում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը:
Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011 թվականի վերջին, երբ արդեն Ռ. Խաչատրյանը հասցրել էր մի քանի ամիս որպես տնօրեն պաշտոնավարել, այգում առկա է եղել 221 տեսակի կենդանի եւ թռչուն, իսկ կենդանիների եւ թռչունների գլխաքանակը կազմել է 2200: Մինչդեռ 2010 թվականի վերջին կենդանաբանական այգին ունեցել է 256 տեսակի կենդանի եւ թռչուն, իսկ կենդանիների ու թռչունների գլխաքանակը կազմել է 2807: Սա պարզ հաշվարկ է. այսինքն՝ մոտ 9 ամսում կենդանիների գլխաքանակը 607-ով պակասել է, իսկ 35-ով նվազել կենդանու տեսակը:
Սա դեռ ամենը չէ. 2012 թվականին զգալի նվազել է ե՛ւ կենդանու տեսակը, ե՛ւ գլխաքանակը: Այսպես՝ ԱՎԾ տվյալներով՝ 2012 թվականին այգում առկա է եղել 200 տեսակի կենդանի ու թռչուն, իսկ կենդանիների գլխաքանակը կազմել է 1249: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում միայն 951-ով պակասել է կենդանիների գլխաքանակը, 21-ով` կենդանու տեսակը: Նույն պատկերն է արձանագրվել նաեւ 2013 թվականին, երբ այգում առկա է եղել 180 տեսակի կենդանի, իսկ կենդանիների գլխաքանակը` 1234:
Վերադառնանք վերջին երեք տարիներին. 2014 թվականի վերջին այգում եղել է 152 տեսակի կենդանի, իսկ կենդանիների գլխաքանակը կազմել է 1112: 2015 թվականին ՀՀ պետական կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակը կազմել է 1022: Նույն ժամանակաշրջանում այգում առկա է եղել 139 տեսակի կենդանի: Իսկ ահա անցած տարեվերջի դրությամբ Երեւանի կենդանաբանական այգում առկա է եղել 149 տեսակի կենդանի: Իսկ կենդանիների գլխաքանակը նշված ժամանակահատվածում կազմել է 854: Ստացվում է, որ միայն մեկ տարում կենդանու գլխաքանակը 168-ով նվազել է, իսկ տեսակը 10-ով ավելացել է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` այգում անցած տարեվերջին անկել է կենդանու 328 գլխաքանակ, 34 տեսակի կենդանի: Անկող սմբակավոր կենդանիների թիվը կազմել է 9 (6 տեսակի սմբակավոր կենդանի): Անցած տարվա ընթացքում անկել է 1 տեսակի 5 գիշատիչ կենդանի, 12 տեսակի ձուկ` ձկների 240 գլխաքանակ: Սրան զուգահեռ՝ անցած տարի ծնվել է 14 տեսակի կենդանի, որոնց գլխաքանակը կազմել է 41, իսկ ձեռք բերված (փոխանակություն, նվիաբերություն, ներքին տեղափոխություն, առգրավում եւ այլն) կազմել է 36 տեսակի կենդանի:
Թե ինչպես է հաջողացրել Ռուբեն Խաչատրյանը պակասեցնել կենդանաբանական այգու կենդանիների գլխաքանակը, դժվար չէ կռահել: Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր կենդանաբանական այգում կենդանիների հնարավոր վաճառքի մասին. տեղեկություններ են շրջանառվում, որ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիները անկել են: Մենք այս թեմայով հարցեր ենք ուղարկել Ռ. Խաչատրյանին, սակայն վերջինս դեռ չի բարեհաճել պատասխանել:
Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել այգու աշխատակիցների կողմից դեռեւս 2012 թվականի հունիսին գրված նամակի մասին, որտեղ նրանք ներկայացրել էին Ռ. Խաչատրյանի 13 ամիսների (նա այգու տնօրեն նշանակվել էր 2011-ի ապրիլին) գործունեության մասին հետաքրքիր ու աղմկահարույց դրվագներ: Ըստ այդ նամակի` այգում Ռ. Խաչատրյանի՝ 13 ամիսների գործունեության ընթացքում կատարվել է կենդանիների անկում. «Անկել է կապիկ՝ 4 գլուխ, կարալինկա, մանդարինկա, մացառաղոզ, 2 գլուխ սպիտակ սիրամարգ, 3 գլուխ սեւաթույր կարապ, 2 գլուխ սպիտակ կարապ, աֆրիկյան ջայլամ, կարմիր գայլ, աղվես, թութակ «արա», փասիաններ, արագիլ, եվրոպական եղնիկներ, տասնյակ ջրլող թռչուններից մնացել են մի քանիսը, շուրջ 50 գլուխ կամերունյան այծեր, գնդակահարված թուրքմենական կուլան, ընձառյուծ եւ այլն»: Բացի այս՝ նամակում նշված էր նաեւ, որ 2011 թվականին տնօրենի կարգադրությամբ՝ առանց մասնագիտական հետազոտությունների երկու սեւաթույր կարապները (որոնց յուրաքանչյուրի ձեռքբերման գինը կազմում էր շուրջ 2 հազար 500 դոլար) վարձակալության էին տրվել «Օպելլա» ՍՊԸ-ին եւ «գործուղվել» Դիլիջան` Պարզ լճում մոտորանավակ վարողներին էսթետիկական հաճույք պարգեւելու նպատակով: Ապա դրանք անկել էին: Ըստ հանրապետական անասնաբուժական, հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնի կողմից տրված եզրակացության` կարապների սատկելու պատճառը եղել էր սթրեսը մոտորանավակների հուժկու ձայների արդյունքում: Ահա դասական օրինակ, թե ինչպես է կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակը նվազում: Հուսանք՝ պաշտոնական այս վիճակագրությունը չի վրիպի քաղաքային իշխանության աչքից:
Իսկ կենդանաբանական այգու ֆինանսական մուտքերի եւ ծախսերի մասին կներկայացնենք հաջորդ հրապարակումներից մեկում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ