ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արցախում

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների եւ սպաների մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 
ՀԱՐՑ. 13 համարի երթուղին նախկինում Սարի թաղից Խորենացի փողոցով հասնում էր դեպի Երվանդ Քոչարի փողոց: Այժմ նույն երթուղին գրեթե լիովին փոխել է իր ուղղությունը: Հիմա այն անցնում է Նար-Դոսով, Չարենցի փողոցով գնում է դեպի Սայաթ-Նովա: Ստացվում է, որ 13 համարի երթուղին ընդհանրապես հարմար չէ Սարի թաղի բնակիչներին: Մենք ստիպված ենք լինում Տիգրան Մեծ հասնելու համար կա՛մ 1-3 կանգառ քայլել, կա՛մ էլ օգտվել այլ երթուղուց: Խնդրում ենք վերանայել 13 համարի ավտոբուսի երթուղին:

Սարի թաղի մի խումբ բնակիչներ

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Սարի թաղը սպասարկող ավտոբուսային հ.13 երթուղու ուղեգծում մասնակի փոփոխություն է կատարվել` նպատակ հետապնդելով բարելավելու Նար-Դոս եւ Չարենց փողոցների սպասարկման վիճակը, իսկ Սարի թաղի կապը «Տաշիր» առեւտրի կենտրոնի եւ Տիգրան Մեծ պողոտայի հետ ապահովվում է ավտոբուսային հ.հ. 9, 21 երթուղիների միջոցով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ 13 համարի երթուղու կարեւորությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ Սարի թաղից Տիգրան Մեծ պողոտա եւ «Տաշիր» առեւտրի կենտրոն հասնելու համար գործում է այլ երթուղի: Փայլուն տրամաբանություն:

 

 

 

ՀԱՐՑ. Նկատել եմ, որ թեմի առաջնորդների գավազանի վրա պատկերված են երկու օձեր: Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ խորհուրդ ունի դա: Եւ, առհասարակ, գավազան ունենալու իրավունք ո՞ր հոգեւորականներն ունեն:

Օֆելյա Մխիթարյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Մխիթարյանի հարցին ի պատասպան՝ հայտնում ենք, որ եկեղեցու առաջնորդը Վեհափառից հետո հոգեւոր հովիվն է: Նա պատասխանատու է մի շրջանի կամ երկրի եկեղեցիների եւ հոգեւոր կյանքի համար: Հովվական ասան (ցուպը) կրում են կաթողիկոսները, պատրիարքները եւ հոգեւոր առաջնորդները: Երկգլխանի օձագլուխ գավազան ունեն նաեւ վարդապետները, որոնց, ըստ մեր եկեղեցու ավանդության, քարոզելու եւ Ս. Գիրքը մեկնաբանելու իրավունք է տրված:
Գավազանի վրա պատկերված օձերն իմաստություն եւ խոհականություն են խորհրդանշում՝ ըստ Քրիստոսի պատվերի. «…Այսուհետեւ խորագետ եղեք օձերի պես եւ միամիտ` աղավնիների նման» (Մատթ. 10:16): Խորագետ բառն այստեղ պետք է հասկանալ ոչ թե հնարամիտ, այլ խոհուն իմաստով:

Օրհնությամբ` Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գավազանը եկեղեցում պաշտոնի եւ աստիճանի նշան է, կուսակրոն հոգեւորականների պատվի նշան: Այն հոգեւոր իշխանության, հովվության եւ առաջնորդության խորհրդանիշն է, որը տրվում է ձեռնադրության ժամանակ օրհնությամբ եւ աղոթքով: Եպիսկոպոսական կամ հովվական գավազանները կրում են ե՛ւ եպիսկոպոսները, ե՛ւ կաթողիկոսները: Ի դեպ, կաթողիկոսի օգտագործած գավազանը համեմատաբար ավելի շքեղ է պատրաստված եւ վերեւի մասում ունի ամրացված արծվի պատկերով, ոսկեթել, գեղեցիկ մի ասեղնագործություն՝ դաստառակ:




Լրահոս