ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ՝ ՀԱՎԱԿՆՈ՞Տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած կառավարության նոր ծրագիրը դեռեւս Ազգային ժողովի քննարկմանը չի ներկայացվել, սակայն իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն արդեն հասցրել է ծանոթանալ ծրագրի աշխատանքային տարբերակին: Ինչպես նախօրեին լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, կառավարությունը հավակնոտ ծրագիր է մշակել:

«Շատ մանրակրկիտ կազմված ծրագիր է՝ հստակ ժամանակացույցով, ժամկետներով, ոլորտային հստակ առաջադրանքներով, հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է՝ տարի առ տարի որ ոլորտում ինչ պետք է կատարվի, եւ սա նաեւ ենթադրում է հստակ պատասխանատվություն։ Այսպիսի մանրակրկիտությամբ, այսպիսի հստակ թիրախներով ծրագիր նախկինում չկար», – նշել էր Վարդանյանը: Թեեւ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ծրագիրը դեռ չբերած, արդեն գովում է այն, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չշտապեց փակագծեր բացել՝ նախընտրելով ծրագրի լավ եւ վատ կողմերի մասին ավելի մանրամասն խոսել խորհրդարանում կայանալիք քննարկման ժամանակ: «Ժողովուրդ»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-Պարո՛ն Շարմազանով, ի՞նչ շեշտադրումներ են արված այս կառավարության ծրագրում, եւ, ի վերջո, ինչո՞վ է այն տարբերվելու Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած նախորդ ծրագրից:
-Երբ ծրագրի վերջնական տարբերակը կներկայացվի Ազգային ժողով, եւ մինչ այդ ՀՀԿ-ն վերջնական կհաստատի, խորհրդարանում մենք մեր կարծիքը կասենք: Բնականաբար ծրագրի հիմքը լինելու է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կոալիցիոն համաձայնագրի փիլիսոփայությունը, նախագահ Սարգսյանի՝ մայիսի 18-ի հայեցակարգային ելույթի փիլիսոփայությունը եւ, բնականաբար, նաեւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը եւ այն ծրագիրը, որը նախկինում էլ Կարեն Կարապետյանի կառավարությունն ունեցել է, եւ այն ռազմավարությունը, որի մասին նա խոսել է բազում անգամներ:
-Նախորդ ծրագրի քննարկման ժամանակ հիմնական քննադատություններից մեկն այն էր, թե Կարապետյանի կառավարության ծրագրում թվերը բացակայում էին: Այս անգամ դրանք կլինե՞ն:
-Երբ ծրագիրը կլինի խորհրդարանում, ավելի մանրամասն կխոսենք: Հիմա ես կոռեկտ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ իրավական առումով դեռեւս մեզ մոտ չէ: Ես կհորդորեի մի քանի օր էլ սպասել, երբ կքննարկվի կառավարության ծրագիրը, Դուք հնարավորություն կունենաք ամբողջությամբ ուսումնասիրել, տեսնել, լսել քաղաքական ուժերի կարծիքը, եւ ինքներդ Ձեր հարգարժան ընթերցողին կներկայացնեք Ձեր օբյեկտիվ գնահատականը:
-Այնուամենայնիվ, հավակնո՞տ ծրագիր է լինելու:
-Ես չեմ կարծում, որ որեւէ կառավարության ծրագիր ոչ հավակնոտ է եղել: Ես հասկանում եմ, որ Դուք ուզում եք ինձանից քաշել այն բառը, որն ասել է ՀՅԴ-ի մեր հարգարժան գործընկերը: Սակայն ես երբեք ծրագրերի վերաբերյալ չեմ ասում հավակնոտ, ոչ հավակնոտ, գեղեցիկ, ուժեղ, հզոր… դրանով չէ: Կարեւորն այն է՝ այդ ծրագիրն արդյունավետ է, թե ոչ: Պարզապես ես ցանկանում եմ եւ իմ կողմից, որպես ԱԺ նախագահի տեղակալ եւ իշխող կուսակցության ներկայացուցիչ, ամեն ինչ անելու եմ, որ այն դրույթները, որոնք առկա են կառավարության ծրագրում, իրականություն դառնան: Պետք է իրականություն դառնա, որովհետեւ այդ դեպքում մեր հանրությունը եւ մեր պետությունը կշահեն:
-Պարո՛ն Շարմազանով, իսկ կարեւո՞ր չէ, թե այդ ծրագիրը կյանքի կոչող վարչապետն ով է լինելու:
-Ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը եւ ես եւս մեկ անգամ խնդրում եմ Ձեզ ՀՀԿ-ի որեւէ մեկ անդամի, այդ թվում՝ կուսակցության նախագահի տեղակալներին, այդ թվում կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանին չառանձնացնել ՀՀԿ-ից: Հանրապետական կուսակցությունը մեկ միասնական թիմ է, եւ կարիք չկա այդ թիմում տեսնել, նաեւ առանձնացնել տարբեր թիմեր: Մենք մի քաղաքական միավոր ենք, մեկ մարմնի տարբեր թեւեր, որի գլուխը նախագահ Սերժ Սարգսյանն է:
-Եթե գնահատելու լինենք Կարեն Կարապետյանի կառավարության նախորդ ծրագիրը, ապա ի՞նչ կարող ենք արձանագրել: Այն կյանքի կոչվե՞լ է:
-Ամեն դեպքում, յուրաքանչյուր կառավարության եւ յուրաքանչյուր իշխանության գնահատական տալիս է հանրությունը: Հանրությունն իր՝ ապրիլի 2-ի ընտրությամբ հնարավորություն տվեց ՀՀԿ-ին ձեւավորել նոր կառավարություն եւ այդպիսով հավանություն է տալիս ՀՀԿ-ի կողմից վարվող քաղաքականությանը: Արդյունավետ է ամբողջությամբ, արդյունավետ չէ, դա մեկ, երկու կամ ութ ամսվա մեջ ամեն ինչ չի երեւալու: Ես ասեցի՝ ցանկանում եմ եւ իմ կողմից անելու եմ ամեն ինչ, որպեսզի նախագահի մատնանշած փիլիսոփայությունը դեռեւս փետրվարյան նրա ելույթում, մայիսի 18-ին ԱԺ անդրանիկ նիստի բացման ժամանակ նախագահ Սարգսյանի բերած սկզբունքները, կուսակցության նախընտրական ծրագրում առկա առաջնահերթությունները, այն է՝ անվտանգություն եւ առաջընթաց ապահովելու, ե՛ւ հավասար իրավական հնարավորություններ ստեղծելու, ե՛ւ ներդրումների համար միջավայր ստեղծելու, ե՛ւ այլ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ մենք հասնենք հաջողության: Հիմա այս փուլում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան է քաղաքական պատասխանատուն, եւ, բնականաբար, ովքեր պատասխանատու են, նրանք պետք է ավելի շահագրգռված լինեն եւ ավելի շատ քայլեր ձեռնարկեն, որպեսզի դրանք իրականանան:

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԹՈՂ ՍԿՍԻ ԻՐԵՆԻՑ

Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով սկսված օպտիմալացումներն ու կրճատումները շարունակվում են, սակայն, չգիտես ինչու, դրանք շրջանցում են հենց իր աշխատակազմը: Մասնավորապես կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց միավորել «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» եւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները՝ ստեղծելով «Սեյսմիկ պաշտպանություն արեւմտյան ծառայություն»-ը: Միավորման արդյունքում կկրճատվի 40 հաստիք եւ կտնտեսվի 50 մլն 340 հազար դրամ:

Իհարկե, այս փոփոխություններն ինչ-որ տեղ կարող ենք դրական համարել, քանի որ այսպես փորձ է արվում վերացնել ուռճացված աշխատակազմերը, գումարներ տնտեսել: Սակայն մյուս կողմից մենք ապրում ենք աղքատության եւ գործազրկության բարձր մակարդակ ունեցող մի այնպիսի երկրում, որտեղ այսքան հաստիքներ կրճատելն ու այդքան մարդկանց անաշխատանք թողնելը միայն կխորացնեն այդ երեւույթները:
Միեւնույն ժամանակ դեռ պարզ չէ՝ ուր են գնալու տնտեսված այդ գումարները. համենայն դեպս, նախորդ տարիներին եւս տնտեսումներ արվեցին, բայց արդյունքում ո՛չ թոշակները, ո՛չ նպաստները, ո՛չ էլ աշխատավարձերը բարձրացրին: Եվ այս բոլոր կրճատումների ֆոնին շատ հետաքրքիր է հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատակազմը, եւ գործադիրի ղեկավարը կարծես չի էլ ցանկանում օպտիմալացումներ կատարել: Համենայնդեպս, օգնականների եւ խորհրդականների թիվն այլ բանի մասին է խոսում:
Կարեն Կարապետյանն ունի հաստիքային 5 խորհրդական եւ 4 օգնական, եւս 6 խորհրդական էլ՝ հասարակական հիմունքներով: Սակայն օրեր առաջ նա իր օգնական Արամ Վարդեւանյանին նշանակել է ավագ օգնական, իսկ խորհրդական Էդուարդ Ներսիսյանին՝ գլխավոր խորհրդական. համաձայնեք` փառահեղ քայլ է: Դատելով այս նշանակումների տեմպից՝ կարելի է եզրակացնել, որ դրանց քանակն ավելանալու միտում ունի:
Թե վարչապետին ինչ խորհուրդներ են տալիս այդ օգնականներն ու խորհրդականները, անհայտ է: Այսպես նրանք կարծես ուզում են տպավորություն ստեղծել, թե լավ են աշխատում: Ինչո՞ւ է կրճատումներից ու օպտիմալացումից խոսող վարչապետն ավելացնում իր օգնականների ու խորհրդականների թիվը:
Հայտնի է, որ օպտիմալացման գործընթաց սկսել է նաեւ Ազգային ժողովը: Խորհրդարանի ղեկավար դառնալու հենց առաջին օրվանից Արա Բաբլոյանը որոշեց կրճատել իր աշխատակազմը եւ 22 հոգուց այն դարձնել 6: Այսպիսով՝ փոփոխություններից հետո Բաբլոյանը կունենա 2 խորհրդական, 3 օգնական եւ 1 ռեֆերենտ: Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԱԺ-ի օրինակով նույն կրճատումները նաեւ կառավարությունը չի անում: Օպտիմալացման հանդեպ սիրով չի փայլում նաեւ նախագահականը: Սերժ Սարգսյանն ունի 7 խորհրդական, վեց օգնական եւ չորս ռեֆերենտ: Ստացվում է՝ վարչապետը խոսում է ուրիշների մասին՝ մոռանալով իրեն:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ԳՈՐԾՈՂՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ
Այս կիրակի Հայաստանի 5 մարզերի 9 գյուղերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Իսկ առաջադրված թեկնածուները հիմնականում համայնքի գործող ղեկավարներն են: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղում գործող գյուղապետը պետք է պայքարեր գյուղի դպրոցի պահակի հետ, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել: Նույն մարզի Սաղմոսավան գյուղում գյուղապետի պայքարն ընթանալու է հիմնականում դաշնակցական եւ ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ, բայց նրանք ունեն նաեւ մեկ այլ՝ անկուսակցական մրցակից: Իսկ Արարատի մարզի Սուրենավան գյուղում գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետը, որի մրցակիցն է ԲՀԿ-ական թեկնածուն: Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում էլ են ընտրությունները թեժ անցնելու, որովհետեւ առաջադրված են երեք թեկնածու: Բայց ավելի թեժ ընտրությունները կանցնեն Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում, որտեղ պայքարի են դուրս եկել նախկին եւ գործող քաղաքապետերը: Կոտայքի մյուս համայնքում՝ Պռոշյանում, առաջադրվել էին երեք թեկնածու, որից մեկն ինքնաբացարկ է հայտարարել: Գյուղապետի ընտրություններ տեղի են ունենալու նաեւ Շիրակի մարզի Բայանդուր, Կարմրաքար եւ Հովիտ գյուղերում. Բայանդուրում եւ Կարմրաքարում միակ թեկնածուները գործող ՀՀԿ-ական գյուղապետերն են: Իսկ Հովիտում գործող ՀՀԿ-ական գյուղապետը կպայքարի ՀՀԿ-ական հողագործի հետ:

 

 

ԿՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵՆ
Երեւանի ավագանին այսօր արտահերթ նիստ կգումարի, որի ժամանակ կնշանակվեն Երեւանի քաղաքապետի երեք տեղակալ եւ մեկ առաջին տեղակալ: Արտահերթ նիստի օրակարգում այլ հարցեր եւս ընդգրկված են, սակայն տեղակալների նշանակման հարցը թերեւս ամենագլխավորն է: Այժմ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը Կամո Արեյանն է, իսկ մյուս երեք տեղակալներն են Դավիթ Օհանյանը, Արամ Սուքիասյանն ու Վահե Նիկոյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձինք հրաժարվել են ավագանու իրենց մանդատներից, ապա նրանք բոլորն էլ կվերանշանակվեն իրենց պաշտոններում:

 

 

ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ ՄՈՐԸ
Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով կրկին հարցաքննության են հրավիրել իրենց երեխային ազատելու համար կաշառք տվողներին: «Ժողովուրդ» օրաթերթին իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն անձամբ հարցաքննության է հրավիրել Գոռ Գալստյանի մայրիկին: Հիշեցնենք, որ Գոռ Գալստյանի մայրը մեղադրյալ որդուն ազատելու համար գումար է տվել Հայկ Կարապետյանին, սակայն գումարը տեղ չէր հասել, եւ տղան գտնվում է կալանքի տակ, որից հետո էլ բացվել է կոռուպցիոն այս սկանդալը:




Լրահոս