Ո՞վ կլինի Վճռաբեկ դատարանի նախագահ. հավանական թեկնածուն հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում հնաբնակների եւ նորեկների հակամարտությունը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ երիտթեւի ներկայացուցիչ, ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին թիրախավորել է իր համար անցանկալի դատարաններին եւ դատավորների:
Իրավիճակ է փոխվել

Դեռեւս 2016 թվականից լուրեր են պտտվում, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հնարավոր հավակնորդը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, 37-ամյա Վազգեն Ռշտունին է, որը ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մտերիմ ընկերն է:

Այս կարգավիճակով ոգեւորված՝ Ռշտունին անկաշկանդ գործելու նորանոր հնարավորություններ է նվաճում: Դատական համակարգին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները պատմում են, որ Վազգեն Ռշտունին իրեն պահում է դե ֆակտո Վճռաբեկ դատարանի նախագահի կարգավիճակում. նա համակարգի արտոնյալն է:

Գրել էինք, որ 2016 թվականին մարզային մի քանի դատավորներ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմում էին ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ եւ անցել էին բոլոր փուլերը, որ պետք է Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվեին ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, բայց քանի որ շատերը Ռշտունու սրտով չէին, հրաժարվեցին իրենց դիմումներից:

Անցանկալի դատարանները

Բացի դատական համակարգում սեփական կադրերին տեղավորելու գործառույթից՝ Վազգեն Ռշտունին ձգտում է փոխել նաեւ մի շարք դատարանների նախագահների: Իսկ եթե նա ձգտում է, խարդավանքներ հյուսելով, իր ընկերական կապերն օգտագործելով՝ կկարողանա ՀՀ նախագահի նստավայրում գերակա դարձնել հենց իր տեսակետը:

Իսկ ինչպե՞ս է գործում Ռշտունին: Բոլոր այն դատավորները, որոնք թիրախավորված են նրա կողմից, ցանկացած վճիռ կայացնելուց հետո սրտի թրթիռով սպասում են, որ բողոքարկում չլինի, քանի որ հենց բողոքարկում եղավ, հասավ վերաքննիչ դատարան, անպայման ենթակա է բեկանման: Այդպես նախ պատրանք է ստեղծվում, թե արդարությունը վերաքննիչում հաղթեց, համ էլ դատավորները, որոնք անցանկալի են իր համար, դրվում են հարվածի տակ:

Օրինակ՝ եթե Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկը որեւէ քրեական գործով վճիռ է կայացնում, տուժող կամ մեղադրյալ կողմը դատարանի որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարան, նախագահ Վազգեն Ռշտունին անձամբ է որոշում ինչպես վարվել բողոքի հետ: Ըստ դատական համակարգում տարածված լուրերի՝ եթե իր ցանկալի դատարանը չի կայացրել վճիռը, ապա ներկայացված բողոքը քննվում է, բեկանվում եւ ուղարկում է նույն դատարան՝ նոր քննության, ինչը հնաբնակ դատավորների մոտ լուրջ դժգոհությունների տեղիք է տալիս:

Իսկ եթե, օրինակ, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որեւէ գործով վճիռ կայացնի, եւ կողմերից մեկը բողոքարկի այն ՀՀ վերաքննիչ դատարանում, ապա դատական համակարգում վստահ են, որ վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքը անգամ վարույթ չի ընդունի: Ընկերական կապեր կան:

Այսկերպ Վազգեն Ռշտունին ցանկանում է իրեն մատուցել իբրեւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի միակ արժանի փոխարինող, ով տիրապետում է համակարգին ամբողջությամբ: Սակայն նրա հաշվարկները կարծես թե ճիշտ դուրս չեն եկել:

Ո՞վ կլինի Վճռաբեկի նախագահ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո՝ 2018 թ. ապրիլին, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ինքնաբերաբար ազատվում է այդ պաշտոնից, եւ նրան փոխարինելու պետք է գա այն մարդը, ով համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 165 հոդվածով նախատեսված պահանջներին: «Վճռաբեկ դատարանի դատավոր կարող է նշանակվել քառասուն տարին լրացած անձը»: Քանի որ Վազգեն Ռշտունին ծնվել է 1980 եւ մյուս տարի կդառնա 38 տարեկան, ուստի նրա անունը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուների շարքից ինքնաբերաբար դուրս է գալիս, եթե, իհարկե, նախագահականում չորոշեն շրջանցել օրենքի պահանջը:

Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ամենահավանական թեկնածուն այս օրերին որ քննարկվում է ՎԴ նախագահի պաշտոնում, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է: Նախկին դատավորը 2011 թվականից մինչեւ 2017 թվականը, լինելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, բոլոր ընտրություններին մեծ ծառայություն է մատուցել իշխանություններին եւ արժանի է գնահատանքի:

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում, սակայն, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ես նմանատիպ հարցով որեւէ մեկնաբանություն չունեմ»: Մեր այն հարցին, որ եթե նման առաջարկ լինի, կվերադառնա՞ք դատական համակարգ, Մուկուչյանը պատասխանեց՝ երբ կլինի, խոստանում եմ առաջինը Ձեզ տեղեկացնել:

Թամարա Միքայելյան
Քնար Մանուկյան




Լրահոս