Հուլիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա «Ամարաս» պարային համույթի եւ դպրոցի սաների հաշվետու համերգը: Համերգի ձեւաչափի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի հետ:
-Վիկա՛, այս ամսի 10-ին տեղի կունենա «Ամարաս» պարային համույթի եւ Ձեր դպրոցի սաների հաշվետու համերգը: Խոսենք մի փոքր համերգի նախապատրաստական աշխատանքների մասին:
-Իրականում այս համերգն ավելի շատ իմ սաների համար է: Տարվա մեջ երկու անգամ ունենում ենք պարտադիր երկու հաշվետու համերգ: Իհարկե, դժվար է ամռան ամիսներին փորձերն անցկացնել: Համերգին պատրաստվում ենք ամբողջ դպրոցով, որտեղ ելույթ են ունենում նաեւ «Ամարաս»-ի աղջիկները: Ունենք 4-6 տարեկան տղաների խումբ, ովքեր առաջին անգամ են «Ամարաս»-ի հետ բեմ բարձրանալու: Այս անգամ գրեթե բոլոր պարերը նոր են բեմադրված: Կարծում եմ, որ հետաքրքիր է անցնելու, կարեւորը երեխաները լավ ելույթ ունենան, քանի որ սա համարվում է քննական համերգ: Նրանք հանձնում են քննությունն իմ ու իրենց ծնողների առջեւ: Մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություն, շատ ենք աշխատել, կարծում եմ՝ լավ ելույթ կունենանք: Նշեմ, որ համերգի տոմսերի համար շատ նամակներ ենք ստանում մեր երկրպագուների կողմից, բայց քանի որ սաներս շատ են, այդ իսկ պատճառով չենք հասցնում ցանկություն ունեցողներին տոմսեր տրամադրել:
-Հայտնիներից ովքե՞ր են լինելու հրավիրյալները եւ ի՞նչ մասնակցությամբ:
-Ամեն անգամ պարտադիր հյուրեր եմ ունեցել հայտնիներից, ովքեր շնորհավորելու են եկել մեզ, բայց այս անգամ ֆորմատը մի փոքր փոխվել է, քանի որ պարային համարները շատ են, եւ չեմ ուզում՝ որեւէ պարային համար տուժի: Երգչուհիներից ներկա կլինի միայն Նանուլը, ով համարվում է «Ամարաս»-ի սան:
-2015թ. տեղի ունեցավ «Ամարաս» պարային համույթի 20-ամյակը: Այս տարի մենահամերգ սպասվո՞ւմ է:
-Առաջին մենահամերգի ժամանակ բեմից խոսք եմ տվել, որ հաջորդ մենահամերգը կլինի «Ամարաս»-ի 25-ամյակին, բայց երեւի չդիմանամ այդքան, քանի որ պլաններս մեծ են: Այս համերգից հետո շատ եմ ուզում հանգստանալ, որովհետեւ գերհոգնած եմ, խմբի հետ միասին կգնանք մի քանի օր հանգստի, այնուհետեւ վերադառնալուց հետո կանցնեմ այդ աշխատանքներին: Իսկ մենահամերգ միանշանակ այս տարի սպասվում է, աղջիկների համար կլինեն նոր պարային բեմադրություններ՝ նոր գույներով եւ թարմությամբ:
-Վիկա՛, «Ամարաս»-ը, թերեւս, միակ պարային համույթն է Հայաստանում, որը տարբերվում է մյուս պարային համույթներից իր ոճային առանձնահատկություններով եւ թարմությամբ: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում միշտ մնալ առաջին հորիզոնականում:
-Երեւի թե աշխատասիրության շնորհիվ: Ինձ թվում է՝ պրոֆեսիոնալ մարդը միշտ կարողանում է նորությունները ներկայացնել բարձր որակով: Կարծում եմ՝ հաջողության հասնելուց հետո չպետք է գոռոզանալ՝ մտածելով՝ դու հասել ես այն ամեն ինչին, որ ձգտել ես եւ կարող ես աստղային կյանքով ապրել: Համեստ լինելն ավելի ճիշտ է, այդպես ավելի երկար ճանապարհ կգնաս:
-Վերջերս տեւական դադարից հետո երկրպագուների դատին հանձնեցիք տեսահոլովակ, որին մասնակցում են Ձեր սաներից շուրջ 110-ը: Նոր տեսահոլովակ սպասվո՞ւմ է:
-Այո՛, տեսահոլովակի մեջ ընդգրկված են մեր դպրոցի սաները: Այս անգամ ավելի շատ ներկայացրինք պարային բեմադրություններ R&B եւ Hip Hop ոճերի մեջ: Ինչքան էլ որ ինձ համար զարմանալի էր, տեսահոլովակի արձագանքները շատ դրական էին: Դե, քննադատություններ միշտ լինելու են, բայց այս անգամ եղավ լրիվ հակառակը:
-Վիկա՛, ցանկացած մարդ, ով խոսում է արվեստի լեզվով, լինի գրող, նկարիչ, թե երաժիշտ, որոշակի պատասխանատվություն ունի իր լսարանի առջեւ: Բնորոշե՛ք Ձեր եւ Ձեր համույթի պատասխանատվությունը հանդիսատեսի առջեւ:
-Պետք է պատասխանատու լինել միշտ եւ ամենուր, անկախ համերգի ձեւաչափից: Կարծում եմ՝ սա ամենակարեւոր հատկանիշն է, որ յուրաքանչյուրս պետք է ունենանք:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ
Հայկական ժողովրդական երգերի հայտնի կատարող, վաստակավոր արտիստ Համլետ Գեւորգյանն ընտանիքի հետ մշտական բնակության նպատակով տեղափոխվել է Մոսկվա: Ո՞րն է երգչի՝ Հայաստանից գնալու պատճառը եւ ինչո՞ւ հենց Մոսկվա: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը բլից զրույց ունեցավ Համլետ Գեւորգյանի հետ:
-Հայաստանից Մոսկվա տեղափոխվելը մեծ աղմուկ է բարձրացրել: Նույնիսկ մեկնաբանություններ հնչեցին, թե արտագաղթը Ձեզ էլ չշրջանցեց: Այնուամենայնիվ, ինչո՞ւ գնացիք:
-Ես ամսվա մեջ մեկ անգամ Հայաստանում եմ լինում, թե՛ ձայնագրման աշխատանքների հետ կապված, թե՛ տարբեր միջոցառումների մասնակցություններով: Իմ կապը նույնն է մնում Հայաստանի հետ: Պարզապես ամեն առիթով ստիպված եմ լինում Մոսկվայից Երեւան գալ՝ համերգի, միջոցառման եւ այլ առիթների դեպքում:
-Իսկ ինչո՞ւ հենց Մոսկվա:
-Առաջին պատճառը, որ ես չընտրեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատելու առաջարկը, դա այն էր, որ ես չցանկացա Հայաստանից, իմ ժողովրդից կտրվել: Այստեղ՝ Ռուսաստանում, շատ հայեր կան, ովքեր ունեն իմ երգի կարիքը: Ես կլինեմ ե՛ւ ՌԴ-ում, ե՛ւ Հայաստանում: Շատ զայրացած եմ «արտագաղթ» բառի պարբերաբար օգտագործման համար, քանի որ այն ինձ ցավ է պատճառում: Արտագաղթում են գուցե ուրիշները, բայց իմ դեպքում դա արտագաղթ չէ: Ես անպայման պետք է սնվեմ Հայաստանի մշակույթով եւ ներկա լինեմ բոլոր գործընթացներին: Այնպես որ, ինձ որեւէ դեպքում բացակա չդնեք:
-Արդյոք կա՞ն խանգարող այլ հանգամանքներ, որոնք նպաստեցին Ձեր՝ Հայաստանից գնալուն:
-Ես, առհասարակ, Հայաստանում ինձ վատ չեմ զգացել, պարզապես հանգամանքների բերումով է այդպես ստացվել: Մեր երկրում բաներ կան, որոնք ինձ չեն բավարարում: Խոսքը աշխատանքային, կենցաղային առաջընթացի մասին է: Երբ մարդ ցանկանում է աճել, մասշտաբները մեծանում են, արդեն պետք է ինչ-որ մի միջոց ձեռնարկի՝ ավելի առաջ գնալու համար: Իմ՝ Մոսկվա մեկնելը համարեք այդ քայլերից մեկը դեպի առաջընթաց: Ուրիշ բան չկա: Ես խնդիր չունեմ Հայաստանում որեւէ մեկի հետ. բանվորից մինչեւ նախագահ, բոլորին սիրում եմ, հարգում եմ եւ փոխադարձ այդ հարգանքը ստանում եմ: Ուղղակի դրսում տնտեսապես ավելի աշխույժ է: Ասեմ, որ Հայաստանում համագործակցում եմ նույն երաժիշտների, նույն երգահանների հետ: Ոչինչ չի փոխվել:
-Բայց ամեն դեպքում տխուր է, որ Համլետ Գեւորգյանի պես հզոր ձայն ունեցող տաղանդավոր երգիչը Հայաստանում չի բնակվում:
-Իհարկե, շատերին տխրեցրել է այս երեւույթը, բայց կրկնում եմ՝ ես չեմ կտրվում իմ մշակույթից, իմ ժողովրդից:
-Համլե՛տ, հուլիսի 5-ին Ձեր երկրպագուների դատին ներկայացրիք նոր տեսահոլովակ՝ «հտՈրՌոՏ» ռուսերեն երգի հիման վրա: Ո՞ւմ եւ ինչո՞ւ շնորհակալություն: Թեեւ երգը վաղուց էիք կատարել:
-Ճիշտ եք՝ երգը վաղուց է եղել, պարզապես առանց տեսահոլովակի է հնչել, տեղ գտել իմ թողարկած «Ծիրան» ձայնասկավառակում: Ռուսաստան գալու առիթով որոշեցի մի թեթեւ տեսահոլովակ նկարահանել այդ երգի հիման վրա, քանի որ այն շատ սիրվեց թե՛ հայերի, թե՛ ռուսների կողմից: Գեղեցիկ, սիրային երգ է:
Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ