ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ ՀԱՓՇՏԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիզվառելիք ներմուծող հայտնի ընկերություններին մաքսակետերում թալանում են: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Այրում-Ջիլիզա մաքսային կետի պաշտոնատար անձինք «Ֆլեշ» եւ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից երկաթուղային տրանսպորտով ներմուծված հեղուկ վառելիքից տեւական ժամանակ հափշտակություններ են իրականացրել:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան նախաբացթողումային հսկողության վարչության Այրում-Ջիլիզա բաժանմունքի 1-ին կարգի մասնագետ Գեւորգ Փարսադանյանը մաքսակետի կշեռքավարների հետ որոշել է ստեղծել մի խումբ եւ Հայաստանի Հանրապետությունում գործող «Ֆլեշ» ու «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից Այրում-Ջիլիզա մաքսային կետով երկաթուղային տրանսպորտով ՀՀ ներմուծված հեղուկ վառելիքի շարժակազմերից հափշտակություններ կատարել:
Իսկ ինչ պետք է անեին կշեռքավարները՝ Սանդրո Առաքելյանը, Ռոմեո Ղուլիջանյանը, Արայիկ Սահակյանը: Նրանք հենց այն պաշտոնյաներն են, որոնք անձամբ են չափագրում եւ վագոնների կափարիչները կապարակնքում: Եվ ահա իրենց այս լիազորությունների շրջանակում էլ գործի են անցել:Պարզեցինք, որ վերջիններս 2014թ. դեկտեմբերից մինչեւ 2015թ. փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում երկաթուղով վերոնշյալ ընկերությունների կողմից ՀՀ ներմուծվող վառելանյութի շարժակազմերից, վառելանյութի չափագրման եւ վագոնների կափարիչները կապարակնքելու ընթացքում պարբերաբար հափշտակել են դիզվառելիքը:
Իրավապահները՝ ունենալով տեղեկություններ, որ մաքսակետում դիզվառելիքի պակաս է արձանագրվում, սկսել են ստուգումներ իրականացնել, որի արդյունքում էլ ազգային անվտանգության ծառայությունը հափշտակված 495 լիտր հեղուկ վառելիքը հայտնաբերել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Այրում-Ջիլիզա կայարանի անվտանգության ծառայության անձնակազմի վագոն-տնակի հարեւանությամբ:
Փաստորեն մաքսակետում չեն խնայել անգամ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին: Բանն այն է, որ մաքսակետերում ստեղծել են բանդա եւ այդպես թալանել են հայտնի ընկերություններին:
Կատարված արարքի համար Գուգարքի տարածաշրջանային մաքսատան նախաբացթողումային հսկողության վարչության Այրում-Ջիլիզա բաժանմունքի 1-ին կարգի մասնագետ Գեւորգ Փարսադանյանին, մաքսակետի կշեռքավարներ Սանդրո Առաքելյանին, Ռոմեո Ղուլիջանյանին, Արայիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրոդ կետերով` գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Հավելենք, որ վերոնշյալ պաշտոնատար անձինք այն աստիճան զգուշ են գործել, որ շուրջ մեկ տարի թալանել են դիզվառելիքի խոշոր ներկրողներին, սակայն մնացել են անպատիժ:
Տեղեկացնենք, որ խումբը ընդհանուր հաշվով «Ֆլեշ» ՍՊԸ-ից 1մլն 78 հազար դրամի, իսկ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ից 1մլն 15 հազար դրամի չափով բենզին է հափշտակել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՆԵԼՈ՞Վ
Օրերս ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը անդրադարձել էր քրեական պատիժների ոլորտում կառավարության՝ 2017-2022 թվականի ծրագրով նախատեսվող փոփոխությունների թեմային: «Ժողովուրդ» թերթը արդարադատության փոխնախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք փոփոխություններ չեն սպասվում ՔԿՀ-ներում արտոնյալ կալանավորների գործողությունները զսպելու ուղղությամբ: Տեւական ժամանակ է, ինչ հրապարակվում են նյութեր այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող կալանավորները մի խումբ քաղաքացիներից հեռախոսով խաբում ու թալանում են:
-Մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ օրենքը բոլորի համար հավասար է, իհարկե, միջոցառումներ ձեռնարկվում են: Օրինակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցումը, որտեղ բոլոր խցերը նույն ձեւի, նույն չափի, նույն ռեժիմի տակ են գտնվում: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ նախ՝ պաշտպանենք քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց իրավունքները եւ երկրորդը՝ պատժի նպատակներին հասնենք: Եթե այդ ընթացքում կլինեն որոշակի խնդիրներ, չարաշահումներ, դա կլինի բջջային հեռախոսի օգտագործում, ներքին չարաշահումներ, արդարադատության նախարարությունը, ինչու չէ նաեւ քրեակատարողական վարչության վերահսկողական ծառայությունը բազմաթիվ դեպքերով բացահայտում են իրականացնում, եւ պատասխանատվության են ենթարկվում այդ թվում նաեւ ՔԿՀ ծառայողները: Այսինքն՝ երկու ուղղությամբ է կատարվելու առաջին կանխարգելիչ, օրենսդրության փոփոխությունը, բացերի վերացում, որ չկարողանան չարաշահումներ տեղի ունենալ, երկրորդը` խախտումների դեպքում պատասխանատվության կիրառում թե՛ դատապարտված, կալանավորված անձանց նկատմամբ, թե՛ ՔԿՀ ծառայողների նկատմամբ, որոնք խախտում թույլ կտան:
-Հրազդանի ՔԿՀ պետին տեւական ժամանակ է՝ կաշառքի գործով որպես վկա հրավիրում են դատարան, սակայն չի ներկայանում: «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում խոսակցություններ կան, որ ՔԿՀ պետը կալանավորների հետ հանաձայնության է եկել, եւ իր մտերիմ կալանավորները ՔԿՀ պետի ոչ ցանկալի աշխատակցի դեմ ցուցմունք են տալիս, այս ճանապարհով ՔԿՀ պետը ազատվում է իր ոչ ցանկալի աշխատակիցներից: Նմանօրինակ գործարքները բացառելու համար ի՞նչ եք անում:
-Հրազդանի դեպքով դատաքննություն է ընթանում: Այդուհանդերձ, քրեակատարողական ծառայողների սոցիալական վիճակը բարելավվելու ուղղությամբ մի շարք քայլեր ենք անում:
-«Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով դատական նիստերի օրը ՔԿՀ-ներից այլ կալանավորների դուրս չեն թողնում: Ինչի՞ց եք վախենում:
-Չունեմ նման տվյալ, կարող եք ճշտել քրեակատարողական ծառայության մամլո ծառայությունից, գուցե անվտանգությունից ելնելով ինչ-որ միջացառում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Հուլիսի 12-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի ետնամասից հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված ծխախոտի 2 տուփ, որոնց մեջ առկա են եղել 75 դեղապատիճ, 3,7 գրամ քաշով կանաչավուն զանգված, 3-ական 3 մլգ. եւ 1մլգ. տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչներ, մեկանգամյա օգտագործման ներարկչի 16 ասեղ եւ «B-8» գրառմամբ 4 դեղահաբ: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲՆԱԿՄԱԿԵՐԵՍԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում անվճարունակ պարտապանները, զրկվելով բնակարանից, կունենան նվազագույն բնակմակերեսի իրավունք: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվել է կառավարության նիստում, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Եթե նույնիսկ բնակարանը հարկադիր աճուրդի հանվի, պարտատերը պարտավոր կլինի առնվազն 4.9 մլն դրամ թողնել՝ ելնելով Հայաստանում 40 քմ նվազագույն բնակմակերեսից ու անշարժ գույքի միջին արժեքից»,-ասել է Դ. Հարությունյանը:

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐԻ
Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքը հանդիպման փաստն էր. «Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ բանակցային գործընթացը շարունակվում է, որ ադրբեջանցիները չհետաձգեցին հանդիպումը՝ չնայած նրան, որ հանդիպումից առաջ լարվածություն եղավ»,-նշել է նա: Քաղաքագետը տարօրինակ է համարում այն, որ շատերն Ադրբեջանից սպասում են վստահության մեխանիզմների տեղադրման վերաբերյալ համաձայնություն: Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմի հնարավորությանը, Իսկանդարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի: Միեւնույն ժամանակ կրակոցները շփման գծում չեն դադարի:




Լրահոս