Հայաստանի պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետների խնդիր կա, եղել է եւ միշտ էլ կլինի: Ու սա մեծապես այն պատճառով, որ պետական կառավարման համակարգում առաջնահերթությունը տրվում է ծանոթ-բարեկամ-կուսակից կապերին:
Օրինակ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունում աշխատում են նախկինում ոստիկանության կամ այլ գերատեսչություններ աշխատած անձինք, որոնք հեռու են տվյալ էկոլոգիայից: Ինչը անթույլատրելի է, քանի որ բնության պահպանության բնագավառում առանց մասնագիտական իմացության աշխատանքները իրականացնելը նման է պետական փողերի փոշիացման գործընթացին: Նախ հարկավոր է՝ այդ ղեկավարը հասկանա, թե ինչ ասված է բնապահպանություն: Չէ՞ որ Երեւանի պետական համալասարանն ունի կենսաբանության, աշխարհագրության ֆակուլտետներ: Եւ կարելի է համագործակցել այդ ֆակուլտետների հետ, մասնագետների ներառել, այլ ոչ թե այս տարբերակով ստեղծել «շիլափլավ», այնուհետեւ պահանջել լավ աշխատանք:
Նույն պատկերն է նաեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում: Օրինակ՝ Երվանդ Զախարյանը կադաստրի պետական կոմիտեից նշանակվելով նախարար՝ նախարարությունն անմիջապես լցրեց իր հետ կադաստրից բերված կադրերով, որոնք մասնագետներ չէին, բայց զբաղեցնում էին կարեւոր պաշտոններ:
Երվանդ Զախարյանին հաջորդեց Լեւոն Յոլյանը, ով եւս նույն ոճով աշխատեց: Հիմա էլ հերթը Աշոտ Մանուկյանինն է, որը թույլ նախարարի իմիջ ունի արդեն: Այն դեպքում, երբ հանքային ոլորտը Հայաստանի տնտեսության կարեւորագույն ճյուղերից է, որը ապահովում է ՀՀ մարզերում բավականին թվով մարդկանց աշխատատեղեր եւ պետական բյուջեի պատկառելի գումարային մուտքեր:
Մասնավորապես ընդերքի ոլորտը իրենից ներկայացնում է նեղ մասնագիտական ճյուղ, որը բավականին բարդ ոլորտ է եւ առանձնանում է մետաղական, ոչ մետաղական եւ հանքային ջրերի պաշարներով: Բայց միայն բարձրագույն ուսում ստանալով ու 3 տարի գրասենյակային պայմաններում քաղծառայողի աշխատանքով հնարավոր չէ պատկերացնել այս ոլորտը, հարկավոր է տարիներով դաշտային աշխատանքների փորձ:
Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետը ու ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետներում տարիների ընթացքում պատրաստում են մասնագետների, որոնք կառավարության այս գործելաոճի պատճառով մնում են անգործ, հետեւաբար լքում են Հայաստանը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների գնահատման գործակալություններում, ընդերքի պետական տեսչությունում բավականին մեծ քանակի մասնագիտական կրթություն չունեցող ղեկավար կազմ կա, որոնք երբեւէ չեն աշխատել ոչ մի հանքային ոլորտում: Ինչն էլ խնդիրներ է առաջացնում ոլորտի գրագետ կառավարման հարցում: Ամեն դեպքում, կարեւոր է, որ պետության կողմից ներկայացվող մասնագետը կամ ղեկավարը այդ ոլորտից առնվազն տեղյակ լինի, որպեսզի թեկուզ եւ օգնելուց կարողանա ճիշտ գնահատել ե՛ւ բիզնես, ե՛ւ պետական շահը:
Իսկ ինչպե՞ս են աշխատում հիմա. երկու շաբաթում հաստատում են մետաղական հանքավայրի պաշարներ, բավականին քիչ քանակի օրերի ընթացքում ստուգում են այդ բարդ աշխատանքային գործընթացը, ծանոթ-բարեկամի սկզբունքով տրամադրում են թույլտվություններ: Այսինքն՝ հանքային պաշարներն առանց ուսումնասիրելու լիցենզիա են տալիս, կամ հողի շերտերի մասին տարրական գիտելիքներ չունեցողները գնում, շահագործվող հանքավայր են ստուգում եւ որոշում, թե ով ինչքան հանածո է հանում, ինչպես է վերամշակում, ինչքան եկամուտ ստանում եւ ինչքան «փայ տալիս» պետությանը:
Ու այս իրավիճակը միանգամայն «օրինական է»: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքն էլ չի պարտադրում, որ վերոնշյալ գերատեսչություններում համապատասխան մասնագետներ աշխատեն:
Օրինակ՝ նշված օրենքի քաղծառայության պաշտոնի անձնագրի վերաբերյալ 10-րդ հոդվածի համաձայն` քաղծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը ընդգրկում են բարձրագույն կրթություն, առնվազն երկու կամ հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում երկու տարվա աշխատանքային ստաժ:
Այսինքն՝ այս չափանիշները բավարարողները արդեն կարող են հանքավայրեր «ստուգել», շահագործման լիցենզիաներ տալ եւ այլն: Պատկերացնո՞ւմ եք՝ ցանկացած մեկը, եթե ունի ծանոթ-բարեկամ-կուսակցական կապ, կարող է զբաղեցնել Հայաստանի տնտեսության համար կարեւոր ոլորտում բարձր պաշտոն: Ահա թե ինչպես են ոլորտից անտեղյակները զբաղեցնում մասնագետների տեղերը:
«Ժողովուրդ»-ի փոքրիկ ուսումնասիրությամբ պարզվեց, որ ոլորտի գլխավոր մասնագետի, պետական տեսուչի կամ բաժնի պետի պաշտոններում կարող է աշխատել ցանկացած իրավաբանական կամ տնտեսագիտական կրթություն ունեցող անձ: Եւ սա այն դեպքում, երբ ոլորտը նեղ մասնագիտական է եւ պահանջում է առաջին հերթին երկրաբանական կամ ինժեներաերկրաբանական կրթություն:
Ահա այսպես, քաղծառայությունում անհասկանալի սկզբունքով կազմել են պաշտոնների անձնագրերը ու ընտրվել են այնպիսի մասնագիտություններ, որ հնարավորություն է տալիս լայն իմաստով ցանկացած նախընտրելի մեկին գործուղել համապատասխան ոլորտ՝ չկարեւորելով մասնագիտական ունակությունները: Ու նոր նշանակվածները կամաց-կամաց աշխատանքի հետ զուգահեռ սկսում են սովորել բնության այբուբենը:
Եթե այսպես պետք է առաջնորդվի պետական կառույցը, ապա ինչի համար են ստեղծվել եւ գործում ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության, ճարտարագիտական պետական համալսարանի ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետները: Գուցե դրանք փակեն եւ օրինակ` Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանից մասնագետներ ընդունվեն Էներգետիկայի եւ բնապահպանության նախարարություններ՝ ինժեներական, մարկշեյդերական բարդ ոլորտի զարգացումն ապահովելու համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ