Լոռիում վերջին շրջանում բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել ճանապարհների անբարեկարգ լինելու, դիտահորերի հնամաշ կափարիչների կոտրվելու և ճանապարհների նորոգման, սակայն անհրաժեշտ նշաններով չապահովված լինելու պատճառով:
Ամիսներ առաջ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհրին բեռնատար գազելն ընկել էր հսկա փոսը, որն առաջացել էր Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի հիմնանորոգման ընթացքում:
Հիշյալ փոսի մոտ ճանշինականները որևէ ճանապարհային նշան չէին տեղադրել, ինչի արդյունքում էլ մեքենայի սեփականատերը լուրջ վնասներ էր կրել: Վարորդը դիմել է դատարան:
Մեկ այլ դեպք էլ գրանցվել էր շաբաթներ առաջ: Երբ «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան ընթանալով Բաղրամյան պողոտայով, անցել էր դիտահորի կափարիչի վրայով, ինչի արդյունքում կափարիչը ջարդվել էր ու հարվածել առջևից եկող «Մերսեդես» մակնիշ ավտոմեքենային: Երկու մեքենաներն էլ լուրջ վնասներ էին կրել: Ի դեպ, Բաղրամյան պողոտան, որն ընդգրկված է Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի կապիտալ նորոգման ծրագրում, արդեն իսկ հիմնանորոգվել է, սակայն թե ինչու էին ճանշինականները նորոգված ճանապարհի վրա թողել դիտահորի կափարիչը՝ հասկանալի չէ:
Իսկ ահա նախօրեին հաստաբուն ծառի ճյուղը Վանաձորի Նարեկացի փողոցում կոտրվել և ընկել էր «Օպել» մակնիշի մեքենայի վրա: Այս դեպքում ևս մեքենան լուրջ վնասներ էր կրել: Թվարկված բոլոր դեպքերում վարորդները միայն երջանիկ պատահականությամբ էին ողջ մնացել:
Ամեն օր տասնյակ դեպքեր էլ արձանագրվում են ճանապարհներին առաջացած փոսերի հետևանքով: Կան փոսեր, որոնց խորությունը հասնում է կես մետրի, և որոնք շրջանցել ու մեքենան չվնասել չի կարող անգամ ամենապրոֆեսիոալ ավտովարողը:
Թե ով պետք է պատասխանատվություն կրի նմանօրինակ դեպքերում և ով է պարտավոր փոխհատուցել վարորդների կրած նյութական ու բարոյական վնասները, թերևս դատարանն է որոշում, բայց շատ հաճախ, նույն այդ վարորդները պարզապես հրաժարվում են դիմել դատարան՝ խուսափելով տարիներ տևող քաշքշուկներից ու մեծ գումարներ ծախսելուց:
Փաստաբան Արթուր Սուքիասյանը արդեն իսկ նմանատիպ մի քանի հայցադիմում է ներկայացրել դատարան՝ վնասի փոխհատուցման և վարորդների խախտված իրավունքների վերականգման պահանջով:
«Շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունները շինարարություն իրականացնելիս շատ հաճախ չեն պահպանում ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: Գազելի՝ փոսում հայտնվելու հայցադիմումում պատասխանող կողմ հանդիսանում են «Ճանապարհ» և «Կամուրջ-շին» ՍՊ ընկերությունները: Դեպքի վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունում իրականացված վարույթի ընթացքում նշանակված փորձաքննությամբ հիմնավորվել է նշված ընկերությունների կողմից խախտում թույլ տալու հանգամանքը:
Փաստաբանի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, ներկայումս վարորդները, տեսնելով մյուսների՝ դատարանում հասած հաջողությունները, հավատում ու փորձում են իրենք էլ պայքարել ու ստանալ փոխհատուցում:
Փաստաբանը վարորդներին կոչ է անում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, որն ըստ իրենց, առաջացել է ճանապարհի ծածկույթի ոչ բարվոք լինելու, ճանապարհի համապատասխան կահավորանքների բացակայության կամ ճանապարհի պահպանության համար պատասխանատու լիազոր մարմինների այլ խախտումների պատճառով, չխուսափել իրենց խախտված իրավունքները պաշտապանելու համար պայքարելուց. «ՀՀ օրենսդրությունը նման դեպքերում խախտված իրավունքները վերականգնելու լիարժեք հնարավորություն է տալիս, պարզապես անհրաժեշտ է ճիշտ և գրագետ ձևով օգտվել օրենսդրության ընձեռած հնարավորություններից»,-ասաց Արթուր Սուքիասյանը:
Էդվարդ Արզումանյան
Լոռի