Ինչու են հայաստանցի զբոսաշրջիկները նախընտրում արտերկիր մեկնել Թբիլիսիից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը այս տարի եւս, ինչպես եւ նախորդ տարիներին, գերադասում է հանգստանալու նպատակով արտերկիր մեկնել ոչ թե Երեւանի «Զվարթնոց», այլ Թբիլիսիի օդանավակայանից: Պատճառն այն է, որ Վրաստանում ավիատոմսերը ավելի էժան են, քան Հայաստանում:

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, որ պատրաստվում է իր հանգիստն անցկացնել արտերկրում, համեմատում է Հայաստանում եւ Վրաստանում տվյալ երկրի ավիատոմսի գները: Եւ եթե Վրաստանինն ավելի մատչելի է լինում, ապա նախապատվությունը դրան է տալիս: Երեւանում գործող տուրիստական ընկերություններից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ Վրաստանից հատկապես շահավետ է մեկնել ընտանեկան փաթեթներով, քանի որ դրանք անհամեմատ մատչելի են, քան մեզ մոտ:

Ըստ ոլորտի մասնագետների` Հայաստանում տուրիստական ընկերությունների մեծ մասը իրենց հաճախորդներին առաջարկում է օգտվել Վրաստանի օդանավակայանից, քանի որ այնտեղից անհամեմատ էժան են բոլոր ուղղություններով թռիչքները: Արդեն մի քանի տարի է, ինչ այս խնդիրը կա, սակայն, չգիտես ինչու, իշխանությունների աչքից միշտ վրիպում է: Եւս մի հանգամանք. Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է բաց երկնքի քաղաքականություն, բայց դրանից միայն շահում են ռուսական ընկերությունները, իսկ մյուսները աստիճանաբար դուրս են գալիս շուկայից:

Օրինակ՝ պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստան այցելել է 2.6 մլն մարդ: Նշենք, որ միայն 686 հազար մարդ դեպի Վրաստան այցելել է Ադրբեջանից, 639 հազար մարդ` Թուրքիայից: Իսկ ահա Հայաստանից Վրաստան այցելել է 553 հազար քաղաքացի:

Բայց տուրօպերատորների համոզմամբ` նշված թիվը այս տարվա ընթացքում զգալի ավելացել է: «Ժողովուրդ»-ը փորձեց պաշտոնական տվյալներ ստանալ Վրաստանի վիճակագրական ծառայությունից, մասնավորապես խնդրեցինք տրամադրել, թե այս հուլիսին քանի ՀՀ քաղաքացու է սպասարկել Թբիլիսիի օդանավակայանը: Սակայն այնտեղից մեզ փոխանցեցին, որ այս պահին հաշվարկներ են արվում, եւ հստակ որեւէ թիվ չեն կարող հայտնել:

Բայց ինչպես արդեն նշել ենք, հայաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են արտերկիր մեկնել Թբիլիսիի օդանավակայանով, քանի որ ավիատոմսերը էժան են: Բերենք մի քանի օրինակ: Այսպես՝ օգոստոսի 12-ից մինչեւ 20-ը Երեւանից դեպի Աթենք առաջարկվում է 483 դոլարով, իսկ ահա նույն ուղղությամբ Թբիլիսիից՝ 365 դոլարով: Դեպի Իսպանիա Վրաստանից առաջարկվում է 545 դոլար, բայց Երեւանից այն արժի 705 դոլարին համարժեք դրամ: Երեւանից դեպի Ֆրանիսա ուղղությունը մեկ անձի համար առաջարկվում է 531 դոլար, իսկ Վրաստանից` 443 դոլար: Նման օրինակները բազմաթիվ են, իսկ գնային տարբերությունները` հսկայական: Եւ որքան էլ հայ զբոսաշրջիկները գումար ծախսեն ՀՀ-ից դեպի Թբիլիսիի օդանավակայան հասնելու համար, միեւնույն է` նրանք այս դեպքում գումարներ են տնտեսում:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այս տարվա հուլիսին Թբլիիսիի Շոթա Ռուսթավելիի անվան օդանավակայանը սպասարկել է 371 հազար 131 ուղեւորի, իսկ Բաթումիի միջազգային օդանավակայանը` 100 հազար 613 ուղեւորի: Սա վրացական կողմը համարել է ռեկորդային: Անցած տարվա համեմատ Թբիլիսիի օդանավակայանի ուղեւորահոսքը 42 տոկոսով աճել է: Իսկ Բաթումիի օդանավակայանի դեպքում աճը կազմել է 65 տոկոս: Ի դեպ, նշված երկու օդանավակայանների մասով թռիչքների քանակը նույնպես աճել է. Թբիլիսիի օդանավակայանում այն ավելացել է 42, իսկ Բաթումիի դեպքում` 31 տոկոսով: Եւ ամենեւին էլ գաղտնիք չէ, որ այս թվերի մեջ են նաեւ այն ՀՀ քաղաքացիները, որոնք էժան ավիատոմսերի համար նախընտրել են հանգստի նպատակով եվրոպական երկրներ մեկնել Թբիլիսիի օդանավակայանից: Իսկ ահա Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում այս տարվա հուլիսին ուղեւորահոսքը կազմել է 270 հազար 751, Գյումրու «Շիրակ» օդանավակայանում` 9 հազար 98:

Իսկ Հայաստանի կառավարությունը այս խնդիրը լուծելու փոխարեն զբաղված է միայն զբոսաշրջային պետական կոմիտե եւ զբոսաշրջության զարգացման հիմնադրամ եւ այլ մարմիններ ստեղծելով: Իսկ զբոսաշրջությունն այդպես էլ չի զարգանում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս