Հրդեհն ընդգրկում է արգելոցի էական մասը, որը բնապահպանական առումով չափազանց մեծ վնաս է. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո օգոստոսի 15-ի լուսաբացից վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները:

ՀՀ բնապահպանության նախարարությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ հրդեհի դեմ պայքարին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ եւ քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների բնակիչներ: Օգոստոսի 12-ից արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նոր թափով:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրովի տեղամասում հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ բնապահպանության նախարարության 150 աշխատակից: Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են բարդ ռելիեֆը եւ դրան համապատասխան տեխնիկայի բացակայությունը: Օգոստոսի 15-ի առավոտյան աշխատանքներում ներգրավվել է նաեւ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվելուց հետո շատ արագ է տարածվել, անմիջական գործողություններն արդյունքն չեն տվել թե´ տեղանքի, թե´ կլիմայական պայմանների առանձնահտկությամբ. «Մասնավորապես` լինելով պետական արգելոց, որտեղ օրենքի ուժով արգելված է որեւէ գործողություն իրականացնելը (մասնավորապես խոտհունձը, հակահրդեհային բաժանարարների ապահվումը) ժամանակի ընթացքում այստեղ ձեւավորվել է մի միջավայր, որը հրդեհի տեսանկյունից բարձր ռիսկային դաշտում է գտնվել:

Թեեւ կանխարգելիչ բազմաթիվ գործողություններ են ձեռնարկվել, սակայն հրդեհից խուսափել չի հաջողվել, ինչի հետեւանքով պետական արգելոցի տարածքում, ինչպես նաեւ համայնքային նշանակության տարածքներում հրդեհը բռնկվել եւ շատ արագ տարածվել է: Ներկայում այն ընդգրկում է արգելոցի էական մասը, որը բնապահպանական առումով համարվում է չափազանց մեծ վնաս: Այն վնաս է հասցրել թե´ բուսական աշխարհին` հարյուրամյա ծառերին, թե´ կենդանական աշխարհին: Տարածքի առանձնահատկությունը նաեւ այն է, որ պետարգելոցը գտնվում է էկոմիջանցքում: Եղած մարդկային, տեխնիկական հնարավորությունների սահմաններում բոլոր գործողությունները ձեռնարկվել են, սակայն տեղանքի առանձնահատկությամբ պայմանավորված անհնարին է եղել կանգնեցնել հրդեհը: Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ օդային տարածքից, որից հետո կհանգցվեն նաեւ մնացած հատվածները»:

ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմում է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար կամավոր դեպքի վայր մեկնող քաղաքացիներին` «Խոսրովի անտառ» պետական արգելոց ժամանել, Ուրցաձորի տեղամասի առաջին պահաբաժնի ուղեկալից, որտեղ ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կհամակարգեն կամավորների ուժերի բաշխումը հրդեհված տարածքների տարբեր հատվածներում:




Լրահոս