ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԾՐԱԳՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին երեկ իրականացրել է առաջին ուղեւորափոխադրումը: Նկատենք, որ թեեւ արտաքուստ երկաթուղու միջոցով Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանի տարածքով ապահովում են արեւելքի եւ արեւմուտքի միջեւ կապը, բայց գործնականում սա լրջագույն հարված է Հայաստանի համար: Այդ ամենի հետեւանքով Հայաստանը վերջնականապես դուրս մնաց հարեւան երկրների հետ համագործակցության ծրագրից, ճիշտ այնպես, ինչպես շատ ավելի վաղ դուրս էր մնացել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումից:
Հայաստանի վրա այս երկաթուղու կառուցման բացասական հետեւանքների մասին խոսվել է դեռ 2008 թվականից, երբ ներկայացվեց նախագիծը: Սակայն իշխանությունները սկզբում փորձում էին հանգստացնել, թե այն ձախողված ծրագիր է, երբեք իրականություն չի դառնա: Բայց արդեն այս տարվա հունվարին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, թե երկաթուղու կառուցումից հետո Երեւանը բանակցություններ է սկսելու՝ նպատակ ունենալով հասնել ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային փոխադրումների իրականացմանը: Սակայն ակնհայտ է, որ այս հարցում իշխանությունները դատապարտված են ձախողման: Ի վերջո, գոնե Ադրբեջանի եւ Թուրքիայի համար երկաթուղու կառուցումը նաեւ Հայաստանի մեկուսացումը խորացնելու նպատակ ունի, եւ որեւէ գնով չեն նահանջի այդ նպատակից: Մինչդեռ ժամանակին հնարավոր էր երկաթուղու կառուցման համար միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն շահագործել նաեւ Գյումրի-Կարս երկաթգիծը եւ այդպես ապահովել կապը: Իսկ ահա Իրան-Հայաստան երկաթուղին, որը կարող էր այլընտրանք դառնալ, եւ որի կառուցման մասին դեռ 2008թ. հայտարարել էր Սերժ Սարգսյանը, այդպես էլ իրականություն չի դառնում:

 

 
Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂՀ նախագահի ընտրություններին, երբ այդ երկրի խորհրդարանը որպես անցումային նախագահ ընտրեց պաշտոնավարման երկրորդ ժամկետը բոլորած Բակո Սահակյանին: «Մի անգամ էլ Ղարաբաղում, երբ որ պետական պաշտպանության կոմիտե է եղել, ես այն ժամանակ էլ էի պատգամավոր, եւ մենք անցումային փուլի համար այն ժամանակ նախագահ ընտրեցինք: Դրանից հետո համաժողովրդական ընտրություններ եղան,- ասել է Բալասանյանը՝ հավելելով,- Արցախում նամանավանդ պետք է միանձնյա ղեկավար: Նախագահական մոդելը պատերազմող եւ մեր երկրի նման երկրի համար միանշանակ ճիշտ է: Ես միանշանակ կողմ եմ, գտնում եմ ճիշտ եւ դա միանգամայն հիմնավորված է»: Իսկ թե անցումային փուլից հետո ով է լինելու ԼՂՀ նախագահը, նա չի մանրամասնել. «Ժամանակը ցույց կտա, թե ում ենք տեսնում երկրի նախագահ: Մենք չգիտենք, թե վաղն աշխարհում ինչ զարգացումներ են լինելու»:

 

 
Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, որ չեն գտնվում բժիշկների վերահսկողության տակ, այլ ազատորեն շրջում են մեր կողքին, ե՛ւ հասարակության, ե՛ւ իրենց իսկ ընտանիքի անդամների համար դարձել են լուրջ վտանգ: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանվել են կա՛մ հարազատները, կա՛մ պատահական մարդիկ: Վերջին դեպքը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի դանակահարությունն էր. նրան սպանել էր այցելուներից մեկը: Ստեղծված իրավիճակը, թերեւս, հետեւանք է այն բանի, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ լիարժեք բուժում չեն ստանում, իրենց հերթին անգործության են մատնված առողջապահության նախարարությունը, իրավապահ կառույցները, որոնք չեն փորձում օրենքով սահմանված կարգով մեկուսացնել նման մարդկանց: «Ժողովուրդ»-ը խնդրի շուրջ մեկնաբանությունների համար դիմեց Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին, ում կարծիքով. «Վտանգը միշտ կարող է լինել, բայց դա չի նշանակում, որ հասարակությունը պետք է իրենց տանի ու կոնցլագերում պահի»:

 

 
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ բենզինի եւ դիզվառելիքի խոշոր ներկրող ու վաճառող «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերություն, որտեղից հաստատեցին փաստը: Ընկերության հաշվապահը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել: Նշենք, որ «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը ժամանակին բենզինի շուկայում գերիշխող դիրք է զբաղեցրել, որի չարաշահման համար նույնիսկ 2012 թվականին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 100 մլն դրամի չափով տուգանվել է: Ըստ որոշ տեղեկությունների` հենց ՏՄՊՊՀ-ի 100 մլն դրաման տուգանքն էլ դարձել է ընկերության սնանկացման, ապա լուծարման պատճառ: Հիշեցնենք, որ 2008թ. ստեղծված «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը տեւական ժամանակ նույնիսկ եղել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Ընկերության հիմնադիրը Աշոտ Սալազարյանն էր. շատերին անծանոթ անուն, բայց նրանց հաջողվում էր մրցույթի միջոցով դառնալ պետական մարմինների բենզինի մատակարար: Հիմա սնանկացավ:

 

 

 
ԱՐԱՏԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ե՛ւ «Սասնա ծռեր» զինված խմբավորման, ե՛ւ Ժիրայր Սէֆիլյանի, ե՛ւ Վահան Շիրխանյանի դատավարությունների ժամանակ հատկապես դատավորների պահվածքից մեկ եզրակացություն կարելի է անել. իրենք ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ զբաղված են քաղաքական վրեժխնդրության փորձերով: Ասվածի վկայությունը ոչ միայն մեղադրյալների, այլեւ անգամ նրանց փաստաբանների նկատմամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ առանց հիմնավոր պատճառի կիրառած սանկցիաներն են: Երեկ բանն այնտեղ հասավ, որ սանկցիաների հերթական շարանից հետո փաստաբանների պալատի նախագահը նամակ է ուղարկել ՄԻՊ-ին՝ խնդրելով դատարանների նախագահների խորհրդից պարզաբանումներ ստանալ փաստաբանների նկատմամբ կայացված որոշումների հիմնավորվածության վերաբերյալ: Նույնքան ցցուն է նաեւ դատավոր Բեշիկթաշյանի` Վահան Շիրխանյանի հետ «գողական ռազբորկաներ» հիշեցնող պարզաբանումները, առանց նրա համաձայնության փաստաբան Ալումյանին հանրային պաշտպանով փոխարինելը:
Կարճ ասած, տպավորություն է, թե դատավորները մտել են դահիճի կերպարի մեջ եւ փորձում են ամբաստանյալների համար անմարդկային պայմաններ ստեղծել եւ ամենաբռի կերպով խախտել դատաքննության ժամանակ պաշտպանության իրավունքը: Ամենամիամիտ մարդն անգամ չի հավատա, որ դատավորներն այս քայլին գնացել են ինքնագլուխ, առանց Բաղրամյան 26-ի հետ համաձայնեցնելու: Հայաստանում գործնականում սա բացառված է: Եւ ուրեմն, է՛լ ավելի հիմնավոր են դառնում կասկածները, որ գործ ունենք քաղաքական հերթական պատվերի հետ:
Միայն թե քաղաքական պատվերներ իջեցնելուց եւ այդ պատվերները կատարելուց առաջ իշխանություններին չէր խանգարի հիշել անցյալի դառը փորձը, երբ Հայաստանում արդարադատություն չգտնելով՝ տասնյակ մարդիկ դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու հաղթել: Հիմա, փաստորեն, դատավորների պահվածքի պատճառով լրացուցիչ հիմքեր են ստեղծում քրեական գործերը ՄԻԵԴ-ում բողոքարկելու եւ շահելու համար: Ընդ որում, իշխանությունները դեռ չեն մարսել 2008թ. մարտի 1-ի գործերը. ՄԻԵԴ-ում դեռ ընթանում է այս գործերի քննությունը եւ, ամենայն հավանականությամբ, հօգուտ դիմող կողմի:
Մեկ ուշագրավ փաստ էլ. վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել էր, թե դատախազներն ու քննիչերն այսուհետ պատասխանատվության կենթարկվեն, եթե պարզվի, որ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների համար նաեւ նրանք են մեղավոր: Ու հիմա, եթե անգամ դատախազներն ու քննիչներն այսուհետ փորձեն ավելի «ձգված» աշխատել, ապա դատավորներին նման «հրահանգ» չի տրվել, ուստի վերջիններս շարունակում են արատավոր ավանդույթները՝ հայտնի վերջաբանով: Եւ այս ամենի հետեւանքով տուժում է պետությունը:




Լրահոս