ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս վերջերս ազատվել է աշխատանքից: Հիմա ցանկանում է իմանալ՝ ե՞րբ է դադարել իր սոցիալական փաթեթի ժամկետը:

Լիա Հայրապետյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որեւէ պարտավորություն: Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից:
Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից եւ աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու հանգամանքից` սոցիալական փաթեթի գումարները շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին լրանալը: Օրինակ՝ եթե աշխատողի սոցիալական փաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլ ամսին եւ աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբեր ամսին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է վեց ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար եւ ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար: Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցփաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը ներառյալ` այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով:
Աշխատողի՝ աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ՀՀ քաղաքացիություն չունեցողներն աշխատանքի թույլտվություն ինչպե՞ս են ձեռք բերում:

Նարեկ Մնոյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում ՀՀ լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները: ՀՀ աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել ՀՀ քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրացուն աշխատանքի թույլտվությունը տրվելու է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:




Լրահոս