Կրակը թեք լանջերին էր, որին անգամ ամենագնաց մեքենայով մոտենալ հնարավոր չէր. Արծրուն Պեպանյանը՝ «Խոսրովի անտառ»-ի հրդեհի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է «Վերելք» հիմնադրամի հիմնադիր, Բնապահպանության  նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Արծրուն Պեպանյանը, ով օգոստոսի 14-ին եղել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որտեղ արդեն մի քանի օր է՝ ինչ հրդեհ է բռնկվել:

-Պարո՛ն Պեպանյան, եղե՞լ եք «Խոսրովի անտառ»-ում, այնտեղ ի՞նչ պատկեր եք տեսել: 

-Եղել եմ «Խոսրովի անտառ» արգելոցում ամսի 14-ին։ Բարդ իրավիճակ էր, կրակը թեք լանջերին էր, որին անգամ ամենագնաց մեքենայով մոտենալ հնարավոր չէր։ Բնական ջուր չկար, մեր հետ ջուր էինք տանում, որ կրակ հանգցնենք։ Ռելիեֆը բարդ էր և հրդեհի տարածման կանխարգելման միջոցառումներ անել հնարավոր չէր։ Պարզ դարձավ, որ քամին կրակը տարածում է արագ ու մարդկային ուժերով դժվար է դեմն առնել։

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք մեր համապատասխան գերատեսչությունների աշխատանքը: Պարզվեց՝ ՀՀ ԱԻՆ-ը չունի համապատասխան տեխնիկա: 

– Լեռնային նման բարդ ռելիեֆը պահանջում է համապատասխան օդանավերի առկայություն, որը, ցավոք, մեր պետությունը չունի։ Նման դեպքերում ընդունված է դիմել այլ երկրների օգնությանը։ Ես կարող եմ մեր գերատեսչության մասին խոսել․ կոնկրետ «Խոսրովի անտառ» արգելոցում հնարավոր ամեն քայլ արված էր հրդեհի վտանգը նվազեցնելու ուղղությամբ, բայց բացառել ոչ ոք չի կարող։

-Իսկ ի վերջո, ի՞նչը կարող էր նման հրդեհի բռնկման պատճառ լինել: Մարդկային գործոնը բացառո՞ւմ եք:

-«Խոսրովի անտառ» արգելոցում միշտ գործում է խստացված ռեժիմ, մարդկանց մուտքը արգելված է այնտեղ, կան հենակետեր, այնինքն ամեն ինչ արվում է հրդեհային վտանգը նվազեցնելու համար։ Բայց հրդեհը բացառել տեսականորեն հնարավոր չէ։ Ամեն գործոն էլ հնարավոր է, դա մասնագետները կասեն։ Բայց այս դեպքում մարդկային գործոնի դերը նվազում է խիստ ռեժիմի պատճառով:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս