Նաիրիտցիների համակարգող խումբը բաց նամակ է հղել կառավարությանը, որում ասված է.
«Կրկին բաց նամակով կառավարությանն ենք դիմում նաիրիտի՝ արդեն վաղուց նախկին դարձած աշխատակիցներս:
Դիմում ենք, որովհետև առ այսօր գտնվում ենք անելանելի վիճակի մեջ: Մի կողմից խոստումներն են, որ բազմիցս հույս են արթնացրել մեր մեջ, հույս, որ երբեմնի հսկան դարձյալ անցնելու է իր ռիթմիկ աշխատանքային ռեժիմով, մյուս կողմից բանակցությունների ձգձգումն է՝ հերթական անհիմն պատճառաբանություններով:
Մեկ տարի և ավելի բանակցությունների փուլում գտնվող կազմակերպությունը չի կարող հավատ չներշնչել: Մի կողմի պատրաստակամությունը և մյուս կողմի երկարաձգումը տարակուսանք են առաջացնում նաիրիտցիներիս մոտ: Այս ամենի հետևանքով տեղի է ունենում անդառնալին: Սնանկության կառավարչի կողմից ստորագրվել է պայմանագիր, որով պարտավորություն է ստանձնել 22.000տ.-ի մետաղի ջարդոն հանձնել: Իսկ այդ «մետաղի ջարդոն»-ը վաղվա վերագործարկման համար անհրաժեշտ, պիտանի սարքավորումներն են: Դա են վկայում մեր մասնագետները:
Իսկ այսօր, ցավոք, մեծ քանակի մետաղի ջարդոն է դուրս գրվել, որը չի անհանգստացնում կառավարությանը, թեպետ բազմիցս մեր բարձրաձայնած բողոքներին: Հետևություն. Ձեր անտարբերությամբ դուք նպաստում եք թալանին, նպաստում եք, իմանալով դրա մասին, իմանալով անդառնալի հետևանքների մասին:
Ինչն է խանգարում փոխադարձ երկկողմանի հուշագրի ստորագրմանը, երբ եվրոպական կողմը և՛ աուդիտի, և՛վերագործարկման հետագա բոլոր ծախսերն իր վրա է վերցնում: Եվ եթե այդ հուշագրի որևէ կետ չի համապատասխանում ՀՀ նորմերին, ինչու՞ կառավարությունը դրա փոփոխման առաջարկ չի անում:
Ուստի առաջարկում ենք ՀՀ կառավարությանը.
Պաշտոնապես հրապարակել վերջնականորոշումը: Ակնկալում ենք, որ որոշումը կլինի խելամիտ և այն կբխի մի քանի հազար նաիրիտցիների շահերից, ՀՀ տնտեսության զարգացման շահերից, որի համար արդեն երկար տարիներ ի վեր պայքարում ենք նաիրիտցիներս և որի համար Նաիրիտով հետաքրքրված է և մեկ տարի շարունակ բանակցություններ է վարում «Եվրոպա Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը՝ ընկերության նախագահ, գործարար Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ:
Հակառակ պարագայում նաիրիտցիներս այլ ելք չենք տեսնում, քան բողոքի տարաբնույթ ակցիաների ձևով ձեր և հանրության ուշադրությունը սույն խնդրի վրա բևեռելը:
Ուզում ենք հավատալ, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է և իր մեծագույն պարտքն է համարում նպաստել ՀՀ քաղաքացու կենսամակարդակի լավացմանը և կանի ամեն ինչ, վերջնականապես լուծելու նաիրիտցու խնդիրը»: