Բողոքի նոր ալիք` կալանավորների շրջանում. նամակ են գրում դատավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում մի շարք կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում. դատական համակարգում իշխող չհամակարգված աշխատանքի արդյունքում ոտնահարվում են ազատազրկվածների իրավունքները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կալանավորները մեկիկ-մեկիկ նամակ են գրում դատավորներին՝ պահանջելով բացատրություն, թե ինչու իրենց մասով դատական նիստերը չեն կայանում:

Բանն այն է, որ դատական նիստերը չեն կայանում ամենատարբեր պատճառներով: Նիստերը հետաձգվում են դատավորների՝ այլ գործերով խորհրդակցական սենյակում լինելու, դատավորի արձակուրդում գտնվելու, այս կամ այն դատարան տեղափոխվելու կամ բոլովին այլ՝ տեխնիկական խնդիների պատճառով: Մի առիթով արդեն գրել էինք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով դատական նիստերի օրերին այլ կալանավորներ դուրս չեն բերվում կալանավայրերից՝ անվտանգության նկատառումներից ելնելով. բոլորի ուշադրությունը դեպի Ծռերն են:

Կալանավորների նամակը դատավորներին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն 2 տարի է, ինչ շարունակվում է երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում յուրացումների գործով դատական նիստերը: Խոսքը մոտ 8 միլիոն դրամի մասին է: Այս գործով արդեն 2 տարի է, ինչ կալանքի տակ է գտնվում խնամքի կենտրոնի տնօրեն Դավիթ Համբարձումյանը: Ավելին՝ այս գործով որպես մեղադրյալ ներգրավված է նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հայրը` Ռադիկ Օհանյանը:

Ի սկզբանե այս գործը քննել է Սյունիքի մարզի դատավոր Նապոլեոն Օհանյանը, որն ավելի ուշ առողջական խնդիրների պատճառով մեկնեց արձակուրդ, իսկ երբ վերադարձավ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հրաժարվեց դատական գործից: Եվ ահա գործը վարույթ ընդունեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր Անդրանիկ Մնացականյանը, սակայն նրա վարույթում վերոնշյալ գործով որեւէ դատական նիստ չկայացավ, եւ ինչպես ցույց տվեցին զարգացումները, դատավորը «զբաղված էր սեփական կարիերան ապահովելու գործընթացով»: Բանն այն է, որ նա դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում էր ընդգրկվել եւ տեղափոխվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ու թեեւ կալանքի տակ գտնվող Դ. Համբարձումյանը դատավոր Մնացականյանին նամակ էր գրել՝ հետաքրքրվելով, թե ինչու իր գործերով դատական նիստերը չեն կայանում, ըստ էության նրա հարցը մնացել է անպատասխան:

Հիմա գործը մակագրվել է մեկ այլ դատավորի, սակայն Դ. Համբարձումյանը շարունակում է կալանքի տակ մնալ:

Ծանրաբեռնված դատարանները

Առավել մտահոգիչ իրավիճակ է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում: Այս դատարանների դատավորներն այնքան ծանրաբեռնված են, որ քրեական եւ, առհասարակ, քաղաքացիական գործերով դատական նիստերը տեղի են ունենում ամիսը մեկ: Օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Մհեր Պետրոսյանը, 2015 թ. փետրվարից կալանքի տակ է՝ սպանության փորձի, ապօրինի զենք պահելու համար: Իսկ դատական նիստերը ամիսը մեկ են կայանում, ու պարզ չէ, դեռ քանի տարի պետք կլինի, որ վճիռ կայացվի:

Դատավորներն էլ են դիմում գրում

Բայց պարզվում է՝ դատավորներն էլ են դժգոհ իրենց գործից: Նրանք էլ իրենց հերթին են դիմումներ գրում դատարանների նախագահների խորհրդին՝ պահանջելով, որ սահմանվի իրենց բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ, կամ, առհասարակ, հանվի իրենց ազգանունը բաշխվելիք գործերի ցանկից:

Հիշեցնենք, որ այս տարի նման դիմումներ են գրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Գալուստ Ղարիբյանը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Գեւորգ Նարինյանը, Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Գալստյանը, Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը: Թվով 8 դատավորների դիմումները բավարարվել են:

Իսկ թե ինչ կփոխվի կալանավորվածների կյանքում դրանից, այդպես էլ անհայտ է մնում:

Քնար Մանուկյան




Լրահոս