Իսրայելական ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները. հայկական դիրքերը ԱԹՍ-ներով խոցելու հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի իշխանությունները կասկածներ ունեն, թե Aeronautics Defense Systems ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները, որոնք եղել են ԱԹՍ-ներ վաճառելու թույլտվություն տալու ժամանակ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջերս մեծ աղմուկ առաջացրած միջադեպին, այս մասին նշեց ռազմաքաղաքական եւ միջազգային հարցերով իսրայելցի փորձագետ Յակով Կեդմին:

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող «Aeronautics Defense Systems» իսրայելական ընկերության պատվիրակությանը Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի դեմ փորձարկել, սակայն իսրայելական պարբերականի հաղորդմամբ՝ ըներության օպերատորները, չնայած պատվիրակության ղեկավարների ճնշմանը, հրաժարվել են, որից հետո հենց վերջիններս իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի վրա:

Նույն աղբյուրը հայտնում է, թե ղեկավարության պահանջը չկատարած օպերատորներից մեկն արդեն հեռացել է ընկերությունից, մյուսն էլ պատրաստվում է: Հետաքրքիր է, որ ըստ աղբյուրի՝ իսրայելական ընկերությունը հերքում է մեղադրանքը՝ նշելով, թե ԱԹՍ-ն կառավարել է գնորդը, այսինքն՝ Ադրբեջանը, իսկ Իսրայելի ՊՆ-ն որեւէ մեկնաբանություն չի տալիս՝ միայն նշելով, թե հետաքննություն է ընթանում:

Ըստ նույն աղբյուրի՝ միջադեպը եղել է ավելի քան մեկ ամիս առաջ, երբ իսրայելական ընկերության պատվիրակությունն Ադրբեջանում էր: Հակառակորդ երկրի ՊՆ-ն նախատեսում էր այդ հարձակումը տեսագրել եւ հրապարակել՝ ադրբեջանական բանակի հնարավորությունները ցույց տալու համար:
Սակայն փորձագետ Յակով Կեդմիի խոսքով՝ իսրայելական ոչ մի ընկերություն իրավունք չունի նման փորձարկում կատարել կոնֆլիկտային գոտու ուղղությամբ:
«ժողովուրդը» միջադեպի եւ հնարավոր հետեւանքների մասին զրուցել է իսրայելցի փորձագետի հետ:

-Պարո՛ն Կեդմի, Իսրայելի պաշտպանության նախարարությունը քննում է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր մատակարարող ընկերության գործողությունները: Նշվում է, որ իսրայելցի օպերատորները հրաժարվել են այդ սարքերը հայկական դիրքերի դեմ փորձարկել, ինչից հետո հենց ընկերության ներկայացուցիչներն են նման բան արել: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միջադեպը, եւ այն ի՞նչ հնարավոր հետեւանքներ կարող է ունենալ:

-Թերեւս մեր իշխանությունները կասկածներ ունեն, որ տվյալ ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները, որոնք հստակ եղել են անօդաչու թռչող սարքեր վաճառելու թույլտվություն տալու ժամանակ: Այդ դեպքի հետ կապված մանրամասներ առհասարակ չեն հրապարակվում, սակայն, որպես կանոն, վաճառքի թույլտվություն, հատկապես, կոնֆլիկտային գոտիների դեպքում, տրվում է պայմանով, որ չի թույլատրում որեւէ մասնակցություն վաճառված սպառազինության փորձարկմանը: Իհարկե, նման միջադեպերը կարող են իրենց ազդեցությունը թողնել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ հարաբերություններում, հենց այդ պատճառով էլ այժմ հետաքննություն է տարվում՝ պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

-Իսկ հարաբերությունների զարգացման ինչպիսի՞ նախադրյալներ եք տեսնում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ:

-Իսրայելը լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ էլ: Ադրբեջանի հետ Իրանի պատճառով առավել սերտ են հարաբերությունները պաշտպանության ոլորտում, եւ նախադրյալներն էլ շատ լավն են: Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նախադրյալներ կան գրեթե բոլոր ոլորտներում, խնդիրը միայն տնտեսական ծրագրերի ֆինանսավորման մեջ է: Հիմա Իսրայելը լավացնում է հարաբերությունները Հայաստանի հետ, իհարկե, այդպիսի միջադեպերը բացասական ազդեցություն ունենում են, հենց այդ պատճառով էլ հետաքննությունը տարվում է, եւ կտա բոլոր հարցերի պատասխանները:

-Ղարաբաղյան կոնֆլիկտի կրկին սրացման դեպքում Իսրայելն ինչպիսի՞ քաղաքականություն կվարի: Մեզ մոտ շատ քննարկվեց այն հարցը, որ Իսրայելը զենք է վաճառում Արբեջանին, որն օգտագործվել է նաեւ նախորդ տարվա ապրիլյան դեպքերի ժամանակ:

-Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված Իսրայելը չեզոք դիրք ունի ե՛ւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ե՛ւ Եվրոպայի պես կարծում է, որ այդ հարցը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով: Կոնֆլիկտի հնարավոր սրացման դեպքում Իսրայելն իրեն կպահի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պես, կպահպանի չեզոքություն եւ ոչ մի կերպ չի մասնակցի այդ հակամարտությանը: Իսկ ինչ վերաբերում է նախորդ տարվա դեպքերին, ապա Իսրայելը միայն սպառազինության մի քանի տեսակ է վաճառել Ադրբեջանին:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչն է խանգարում Հայաստանին Ադրբեջանի պես զենք գնել նաեւ Իսրայելից:

-Ես չգիտեմ՝ արդյոք դրա համար բացի ֆինանսականից, այլ պատճառներ կան, թե ոչ: Պարզ է, որ Հայաստանն Ադրբեջանի պես հարուստ չէ: Բացի այդ, սպառազինության հիմնական տեսակներ Հայաստանը շահեկան պայմաններով գնում է Ռուսաստանի Դաշնությունից: Մենք թերեւս չենք արտադրում Հայաստանին անհրաժեշտ սպառազինության տեսակներ, կամ էլ մեր զենքերն այնքան մատչելի չեն: Հայաստանն իրավունք ունի գնելու կամ չգնելու զենք այնպես, ինչպես Ադրբեջանը:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս