Սերժ Սարգսյանը կրկնեց Ռոբերտ Քոչարյանի քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում քաղաքական քաոսը կրկին գլուխ է բարձրացրել, եւ դրա կենտրոնում նորից հայտնվել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս անգամ հարցը կարծես բավականին լուրջ է՝ կապված ռասիզմի նորօրյա դրսեւորումների հետ, ինչը Միացյալ Նահանգներում չափազանց նուրբ խնդիր է։ Թրամփի վերաբերմունքը Վիրջինիա նահանգում տեղի ունեցած իրադարձություններին զայրացրել է ամերիկյան հասարակության գրեթե բոլոր շերտերին՝ հանդիպելով անգամ նախկին նախագահ Օբամայի անուղղակի կշտամբանքին:

Հիշեցնենք, որ օրերս ամերիկացի ռասիստները ցույց էին կազմակերպել Վիրջինիա նահանգում, որի ընթացքում տեղի էին ունեցել ծանր բախումներ. 3 մարդ զոհվել էր, տասնյակները վնասվածքներ ստացել: ԱՄՆ ողջ հասարակական-քաղաքական դասը դատապարտեց կատարվածը՝ ընդգծելով ռասիզմի մերժելիությունը: ԱՄՆ-ում 1960-ականներին ռասիզմի դեմ ընթացած դաժան պայքարը խորը հետք է թողել հասարակության ու պետա-քաղաքական էլիտայի մտածողության վրա, եւ բոլորն են հասկանում, որ այդ պայքարի սահմանած նշաձողից շրջադարձը բացառվում է: ԱՄՆ-ում մաշկի գույնով պայմանավորված ատելությունը, թվում էր, հաղթահարվեց 44-րդ նախագահ Բարաք Օբամայի նախագահությամբ, սակայն այսօր արդեն պարզ է, որ խնդիրը սոսկ քողարկված էր:

Եվ իրավամբ, Թրամփի հաղթանակը ցուցիչ էր, որ ԱՄՆ-ում հասարակական տրամադրությունները ռադիկալացել են՝ առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների պատճառը շեղելով դեպի ազգային, էթնիկ, ռասիստական եւ նմանատիպ այլ ուղղություններով: Թրամփը բացեիբաց անվանարկում էր մահմեդականներին, ատելություն սերմանում ներգաղթյալների նկատմամբ եւ այլն, բայց ստանում էր ընտրողների աջակցությունը, ինչը իսկապես խորհելու տեղիք էր տալիս։

Ներկայումս, արդեն, խոսքային մակարդակում դրսեւորված ատելությունը գործնական երանգներ է ստանում, որի դատապարտմանը պետք է լծվի ողջ ժողովուրդը, իսկ այդ արշավի առաջամարտիկը պետք է լինի նախագահը: Այս պնդումը հատկապես կարեւորվում է ԱՄՆ-ում, որտեղ նախագահը ոչ միայն սոսկ պետական պաշտոնյա է, որը սահմանված ժամկետում իր ծառայությունն է մատուցում հասարակությանը ու հեռանում, այլեւ ազգի առաջնորդը եւ նմանատիպ իրադարձությունների ժամանակ ազգային համախմբման սիմվոլը:

Սակայն Թրամփը այս անգամ նույնպես փայլեց իր տարօրինակությամբ: Վիրջինիա նահանգում տեղի ունեցած ցույցերին սկզբնական շրջանում նա արձագանքեց բավականին զուսպ, եւ երբ ամերիկյան ԶԼՄ-ները կենտրոնացան նախագահի վարքագծի քննադատության վրա, նա համեմատաբար առարկայական խոսքեր հնչեցրեց: Նախագահը ընդգծել էր, որ ռասիզմի շեփորահար Կու Կլուքս Կլանը, սպիտակների գերակայություն շեշտողները եւ ատելություն քարոզող այլ խմբերը տեղ չունեին ԱՄՆ-ում: Սակայն հանպատրաստից լրագրողների առաջ հայտնվելու պահին անդրադառնալով դեպքերին՝ Թրամփը մեղադրանքի սլաքներն ուղղեց մի քանի ուղղություններով:

Ըստ նրա՝ դեպքերի ողբերգական ընթացքի համար մեղավոր չեն միայն սպիտակամորթ ռասիստները, այլեւ բոլոր կողմերը, որ նպաստում են ատելության տարածմանն ու բռնությունների աճին:

Նա անգամ նշել է, որ ցույց անող ռասիստներից ու նեո-նացիստներից շատերը բավականին լավ մարդիկ են, եւ դրանց մի փոքր խումբն է, որ մեղավորություն ունի բախումներում: Նախագահը հավելել է, որ ռասիստների դեմ դուրս եկածներն էլ անմեղ չէին եւ իրենց ձախական տրամադրություններով եկել էին՝ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու։ Ստացվում է` նախագահը արդարացնում է ռասիստներին եւ միայն դեմ է բռնությանը։

Սակայն նրան քննադատող շրջանակները մերժում են հենց այս ելակետային մոտեցումը՝ բացառելով ցանկացած նրբանկատությունը ռասիզմի գաղափարի նկատմամբ ընդհանրապես՝ անկախ բռնության հատկանիշի առկայությունից։

Այդ տեսնակյունից էլ ընկալվեց նախկին նախագահ Բարաք Օբամայի թվիթերյան գրառումը, որտեղ վերջինս պնդում էր, որ ոչ ոք չի ծնվել՝ ատելով ուրիշին մաշկի գույնի, արմատների կամ էլ հավատքի պատճառով։ Առանց ուղղակիորեն դիմելու իր հաջորդին՝ նախկին նախագահը պարզապես հասկացնում է Թրամփի ու իր միջեւ եղած տարբերությունը, երբ մեկը պաշտպանում է ռասիստներին, իսկ մյուսը՝ ի բնե մերժում այդ գաղափարը: Եվ առհասարակ շատերն են այս օրերին հայտարարում, որ նախագահը պարտավոր էր հանդես գալ ազգային համախմբման կոչով, ինչի ճիշտ հակառակն արեց Թրամփը:

Եթե համեմատելու լինենք մեր երկրի իրականության հետ, ապա անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանում նախագահների կողմից համազգային համախմբման կոչերի օրինակներ գրեթե չկան: Բայց ահա ժողովրդին գոնե ինչ-որ խնդրի առնչությամբ դիմելու կամ պարզաբանում ներակայացնելու պրակտիկայից համեմատաբար ավելի շատ օգտվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա 1992թ․ ամռանը ՀՅԴ ղեկավար Հ․ Մարուխյանին Հայաստանից արտաքսելու իր քայլը բացատրել էր հեռուստաելույթով: Նման մի ելույթ ունեցել էր 1994թ․ դեկտեմբերի 28-ին ՀՅԴ-ն կասեցնելիս: Տեր-Պետրոսյանը ժողովրդին էր դիմել նաեւ 1996թ․ հոկետմբերի 1-ին՝ գնահատելով նախագահական ընտրությունների արդյունքներն ու հետընտրական իրադարձությունները: Եվ վերջին նման դեպքը թերեւս 1998թ․ փետրվարի 3-ի նրա հրաժարականն էր:

Ռոբերտ Քոչարյանը ժողովրդին դիմել է 1999թ․ հոկտեմբերի 27-ից հետո գրավոր տեքստով: Թեպետ բնական կլիներ, որ նախագահը հայտնվեր տեսախցիկների առաջ ու ցրեր ժողովրդի շրջանում առկա մտահոգությունների տարափը: Սակայն նա ինքնախոստովանությամբ չէր կարող հայտնվել տեսախցիկների առաջ, քանզի սափրված չէր, եւ «վիճակն էլ վիճակ չէր»: Այդպես Քոչարյանը որդեգրեց գրավոր հայտարարությունների տակտիկան ու մի նման դիմում էլ հղեց 2000թ․ վարչապետ Արամ Սարգսյանին ու Պնախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնանկ անելիս: Դրանից հետո Քոչարյանն արդեն ժողովրդին դիմելու կարիք չուներ՝ հասցնելով ամրապնդել իր իշխանական բուրգն ու կախում չունենալով ընտրողներից:

Քոչարյանի քայլերը կրկնեց Սերժ Սարգսյանը, որը իշխանավարության 9 տարիներին որեւէ անգամ ժողովրդին չի դիմել, իսկ ԱԺ-ում հայտնվել է 3-4 անգամ: Ի դեպ, հասարակությանը նա արհամարհեց անգամ 2016թ․ ապրիլյան ռազմական գործողությունների օրերին:

Ն. Հովսեփյան




Լրահոս