Լուսանկարն արվել է Մաշտոցի պողոտայում
Ոստիկանն այս գյուղացուն արգելում է փողոցում վաճառել իր ապրանքը: Լուսանկարից ակնհայտ է, որ գյուղացին մեծածախ առեւտրով չի զբաղվում, այլ պարզապես ցանկանում է վաճառել տոպրակի պարունակությունը:
ՀԱՐՑ. Աղջիկս սովորում է բուհում՝ 2-րդ կուրսում: Ցանկանում եմ իմանալ՝ կրթաթոշակ ստանալու համար ի՞նչ է պետք: Ո՞ր ուսանողներին է կրթաթոշակ տրվում:
Ռուզաննա Միրզոյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին` գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին:
Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`
1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին.
2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում).
3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.
4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության համակարգում անկում է գրանցվել: Եթե 2012 թվականին 1-ին կուրս ընդունվածների թիվը եղել է 16.262, ապա 2013թ. այդ թիվը նվազել է՝ դառնալով 14.244, 2014 թվականին՝ 12.355, 2015-ին՝ 13.208, իսկ 2016-ին՝ 10.995: Այսինքն՝ 1-ին կուրսեցիների թիվը 2016-ին նվազել է 2213-ով:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որդեգրման համար ի՞նչ է անհրաժեշտ: Որո՞նք են որդեգրելու պայմանները:
Լիա Մնոյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մնոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց դիմումի համաձայն, ովքեր հաշվառված են որպես որդեգրողի թեկնածուներ: Եթե միեւնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ: Անձը, որպես որդեգրողի թեկնածու, հաշվառվում է որդեգրման հնարավորության մասին գրավոր դրական եզրակացության հիման վրա:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ որդեգրման հնարավորության մասին եզրակացություն են տալիս եւ որդեգրել ցանկացող անձանց հաշվառում են իրականացնում ՀՀ մարզպետարանները (Երեւանի քաղաքապետարանը), որդեգրման կենտրոնական մարմինը, իսկ կենտրոնացված հաշվառումը իրականացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: