«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2017-20 թվականներին վաճառքի հանված պետական մասնակցություն ունեցող առողջապահական 10-ից ավելի հաստատությունների թվում են «Երեւանի երկաթուղու պոլիկլինիկա» եւ «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունները:
Երեւանի երկաթուղու պոլիկլինիկան գտնվում է Երեւանի Արցախի փողոց 8բ հասցեում, ստեղծվել է տրանսպորտի նախարարության 1998թ. հունիսի 29-ի որոշմամբ՝ «ՀՀ երկաթուղի» ՊՓԲԸ-ի «Երեւանի երկաթուղու պոլիկլինիկա» դուստր ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով: Ընկերության կանոնադրական կապիտալը 10 միլիոն 500 հազար դրամ է, որը կազմում է 210 սովորական անվանական բաժնետոմս:
Իրականացնում է տրանսպորտի համակարգի աշխատողների բժշկական հետազոտում, ատամնաբուժական գործունեություն, կենցաղային սպասարկում, երկաթուղայինների բժշկական զննություններ, բժշկական փորձաքննություն եւ առողջական վիճակի գնահատում, ինչը կարեւոր է ուղեւորափոխադրման անվտանգության ապահովման տեսանկյունից: Կազմակերպությունը ֆինանսավորում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Պետությունը հատկացնում է կես միլիոն դրամից էլ պակաս պետպատվերի գումար:
Պոլիկլինիկայի տնօրեն Միսակ Նահապետյանը մամուլին ասել էր, որ մեկ տարի առաջ տեղյակ է եղել հնարավոր մասնավորեցման մասին, սակայն իր կարծիքը հաշվի չեն առել: Տնօրենն ինքն էր առաջարկել միավորել իրենց պոլիկլինիկան Ուսանողական պոլիկլինիկայի հետ։ Չստացվեց:
Մյուս առողջապահական հաստատությունը վաճառքի է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետարանը: Խոսքը «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մասին է, որ գտնվում է Վարդենիս քաղաքի Երիտասարդության 15 հասցեում: Այս ընկերությունից կառավարությունը փորձում է ազատվել արդեն երկար ժամանակ:
Կառավարության 2009թ. հոկտեմբերի 23-ի նիստում պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրերում փոփոխություններ կատարվեցին՝ դրանում ներառելով «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն:
Այդ դեպքում հարցեր են ծագում՝ որպես ի՞նչ են վաճառվում այս կենտրոնները: Եթե պայման չի դրվելու պրոֆիլի պահպանումը, ապա հաստատության շենքը կառավարությունը կարող է օգտագործել գուցե ա՞յլ բանի համար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: