«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում աղմկոտ հայտարարություն արեց: «Մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, եւ վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետեւելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,-ասաց նա:
Սույն միտքը դեսպանն արտահայտեց ի պատասխան հարցի, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը ինչ անդրադարձ է ունեցել Հայաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա: Ըստ դեսպանի, Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարեւանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ, եւ ԱՄՆ-ն երբեք նպատակ չի ունեցել լավ հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ ի հաշիվ այլ երկրների, բայց փաստորեն միեւնույն ժամանակ ցանկանում է վստահ լինել, որ ՀՀ-ն կարողանում է ինքնիշխան որոշումներ կայացնել: Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին սույն դիվանագիտական պատասխանը իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում:
Եվ առհասարակ պարզ չէ, թե ինչու է դեսպանը այս պահին այդպիսի հայտարարություն անում: Ի՞նչ է նշանակում՝ համոզված լինել, որ «Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում»: Եթե խոսքը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանն մասին է, ապա դա արդեն կայացած փաստ է, եւ նոր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱՄՆ-ն համոզվի՝ այդ որոշումը ինքնուրույն է կայացվում, թե որեւէ մեկի ճնշման տակ:
Ի՞նչ տնտեսական, քաղաքական մոդելի ընտրության մասին է խոսում դեսպանը: Արդյոք Հայաստանն այդպիսի ընտրության առաջ է այժմ: Փաստորեն՝ այո, հակառակ դեպքում ԱՄՆ-ի դեսպանը այդ մասին չէր հիշատակի:
Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հատուկ ուշադրություն է ցուցաբերում նաեւ Ռուսաստանը: Դեսպանի հայտարարությունից երկու օր առաջ Սոչիում Սերժ Սարգսյանին ողջունելիս ՌԴ ախագահ Վլադիմիր Պուտինն ասաց. «Հարգելի Սերժ Ազատի, այս տարի լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Այս ժամանակահատվածում Հայաստանի եւ Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջեւ հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են»:
Իսկ մարտին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել էր. «Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ եւ դինամիկ զարգացող Հայաստանով»:
ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն փաստորեն լուրջ մրցակցության մեջ են, թե ով է ավելի մտահոգ Հայաստանի ինքնիշխանության պահպանման հարցում: Բայց քանի որ նման մտահոգությունը քաղաքական կատեգորիա չէ, միջազգային հարաբերություններում երբեք որեւէ երկիր մեկ այլ երկրի ինքնիշխանության հարցով չի տառապում, պետք է հասկանալ, ո՞րն է խնդիրը, եւ ինչո՞ւ են «պատերազմական» վիճակում գտնվող ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն քաշքշում Հայաստանի ինքնիշխանությունը:
Նոյեմբերին նախատեսվում է ԵՄ-ի հետ Հայաստանի նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ ոչինչ չի սպառնում այդ համաձայնագրին, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը կրկին տնտեսական, քաղաքական մոդելի ընտության առաջ է: Օրեր առաջ «Բազեների» հետ հանդիպմաը Սերժ Սարգսյանն ասաց, որ 2013-ին, երբ ՀՀ-ն բանակցում էր ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ, ԵՄ-ից փոխանցել են, որ ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին խոչընդոտ է ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման համար:
Թե ինչ եղավ 2013-ին, բոլորին է հայտնի: Այնուհետու մշակվեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը, որն էլ պետք է կնքվի նոյեմբերին: Բայց փաստորեն Արեւմուտքի համար Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կրկին խոչընդոտ է, եւ կրկին առաջարկվում է ընտրություն կատարել այս երկու քաղաքական- տնտեսական մոդելների միջեւ:
Արեւմուտքի մեր բարեկամները, սակայն, հասկանում են, որ Հայաստանը բացի համամարդկային բարձր արժեքներից եւ ժողովրդավար աշխարհին մաս կազմելու հաճույքից, այլ ակնկալիքներ էլ ունի. օրինակ՝ ԵՄ քաղաքական եւ տնտեսական մոդելն ընտելիս: Եվ այդ ակնկալիքները ոչ քաղաքական դաշտում են, ոչ տնտեսական: Դրանք ռազմական ոլորտից են:
ԱՄՆ դեսպանն իր խոսքում, իհարկե, բաց է թողել այդ մասը, սակայն խոսքն իրականում ոչ թե քաղաքական եւ տնտեսական մոդելների ընտրության մասին է, այլ ռազմաքաղաքական մոդելների: «Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ»,-ասում է դեսպանը եւ խոսում ռազմական ոլորտում ԱՄՆ-ից Հայաստանին ցուցաբերած տարբեր աջակցությունների մասին: Սակայն, որպեսզի Հայաստանն իր որոշումները կայացնի այնքան ինքնիշխան, որքան ԱՄՆ-ն կցանկար, այդ գործիքները պետք է մի քանի հարյուր միլիոն դոլար արժեք ունենան եւ մի քանի հազար տոննա կշիռ: Քանի դեռ նման գործիքներ չեն տրամադրվում, ավելորդ է Հայաստանի ինքնիշխանության հետ կապված սրտաճմլիկ ճառեր ասելը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: