«Պինոկիոյի արկածները» հեքիաթին շատերն են ծանոթ. հիշո՞ւմ եք՝ ամեն անգամ, երբ նա սուտ էր խոսում, քիթը երկարում էր: Հավանաբար այդ հեքիաթի մասին գիտեն նաեւ Հայաստանի իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա կառավարությունը, ԱԺ-ում խորհրդարանական մեծամասնությունը: Ու ամեն անգամ հեռուստատեսությամբ այդ պատմության հիման վրա նկարահանված մուլտֆիլմը հանդիպելիս՝ իրենց սրտի խորքում նրանք հավանաբար ուրախ են, որ հեքիաթներն իրականություն չեն կարող դառնալ, այլապես իրենք վաղուց, շատ վաղուց անճանաչելիորեն փոխված կլինեին մի շատ պարզ պատճառով. այս տարիներին իշխանությունների շուրթերից ստերի եւ կեղծ խոստումների պակաս երբեւէ չի զգացվել:
Վերցնենք, օրինակ, վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի խոստումը առաջիկա տարիներին Հայաստանում 3.2 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու մասին: «Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, եւ արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին։ Այսօր կառավարությունում քննարկվում են նաեւ 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր»,- հայտարարել էր Կարեն Կարապետյանն ու նույն միտքը տարբեր ձեւակերպումներով կրկնել հետագայում:
Ավելի ուշ՝ արդեն հուլիսին, Սերժ Սարգսյանը «Ռ-էվոլուցիա» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը, ասել էր. «Ես կարծում եմ՝ կարեւորը միտումն է եւ այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Դե լավ, եթե 10 մլն պակաս լինի, կամ 10 մլն ավելի լինի՞… Ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»:
Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք կառավարությանը հաջողվում է ապահովել խոստացված ցուցանիշները, կամ գոնե դրանց մի մասը, կամ գոնե, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած, «դրական պրոցեսներ» իսկապես ընթանո՞ւմ են: Բնականաբար, ո՛չ: Դեռ ավելին՝ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները, 2016թ. համեմատ, նույնիսկ նվազել են:
Եւ այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 17 մլրդ 267,7 մլն դրամի (մոտ 35.9 մլն դոլարի) ուղղակի ներդրում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18 մլրդ 456 մլն դրամ (38,4 մլն դոլար): Ասել է, թե այս ընթացքում ներդրումները նվազել են 1 մլրդ 188 մլն դրամով կամ 2.4 մլն դոլարով:
Հատկանշական է փաստը, որ այս կես տարվա ընթացքում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներ երկրներից ոչ միայն նոր ներդրումներ չեն արվել, այլ ընդհակառակը՝ շարունակվել է կապիտալի արտահոսքը: Այդպես վարվել ՌԴ-ն, որը 12.2 մլրդ դրամ է հանել Հայաստանից, նույնկերպ վարվել է Ֆրանսիան՝ տանելով 7.6 մլն դրամ, Լիբանանը՝ տանելով 12.6 մլրդ դրամ:
Մյուս կողմից իրենց ներդրումները նվազեցրել են Միացյալ Թագավորությունները՝ 12.6 մլրդ դրամով, Արգենտինան՝ 1.4 մլրդ դրամով, հարեւան Իրանը՝ 24,6 մլն դրամով: Միակ խոշոր ներդրումը, որ իրականացվել է այս ընթացքում, եղել է օֆշորային Ջերսի կղզուց, այն էլ՝ «հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության» ոլորտում. 31.6 մլրդ դրամի չափով: Դա էլ, բնականաբար, իշխանության որեւէ ներկայացուցչի ձախ գումարներն են, որ պտտվել, ներդրումների տեսքով մտել են «հանքեր»: Իսկ ահա տնտեսական գործունեության մյուս հիմնական ոլորտներում, օրինակ՝ բուսաբուծության եւ անասնապահության ոլորտում, խմիչքների արտադրության ոլորտում, էլեկտրականության մատակարարման ոլորտում, հեռահաղորդակցության ոլորտում եւ այլն, ներդրումները պակասել են, ընդ որում, պակասել են զգալիորեն:
Այնպես որ, պետք է արձանագրենք, որ այս ընթացքում կառավարությանը հաջողվել է հազիվ 35,9 մլն դոլարի ներդրում ապահովել, այն էլ այդ ցուցանիշը պակաս է նախորդ տարվա արձանագրվածից: Մինչդեռ վարչապետը ոչ հեռավոր անցյալում խոսում էր 830-850 մլն դոլարի մասին: Այս տեմպերով շարժվելու դեպքում, պարզ է, որ մինչեւ դեկտեմբեր իշխանություններին չի հաջողվի անգամ դյուզն-ինչ մոտենալ կառավարության նախանշած ցուցանիշին: Ուստի դրական ընթացքի մասին խոսակցություններն ավելորդ են:
Հանուն արդարության նշենք, որ ստեղծված իրավիճակի համար միայն Կարեն Կարապետյանի կառավարությունը չի պատասխանատու, այլ ողջ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ի վերջո, երկրներում, որտեղ ներդրումային միջավայրը գրավիչ չէ, անիմաստ է օտարերկրյա ներդրումների աճ ակնկալել: Իսկ Հայաստանի իշխանություններն այս տարիներին հայտարարություններից, ձեւական փաստաթղթեր եւ ռազմավարական ծրագրեր ընդունելուց բացի՝ լուրջ քայլեր չեն արել՝ վերացնելու այս ճանապարհին առկա խոչընդոտները: Ավելին՝ մի շարք առումներով իրավիճակն ավելի է վատացել:
Այնպես որ, Կարեն Կարապետյանի կառավարությունը շոուներ, չհիմնավորված, մեծ-մեծ խոստումների փոխարեն շատ ավելի ճիշտ կաներ, եթե իրականությանը նայեր բաց աչքերով ու ընդուներ, որ, օրինակ, քանի դեռ տարածաշրջանում հաստատված չէ խաղաղություն, քանի դեռ կա ԼՂ խնդիրը, ավելին՝ ամեն րոպե առկա է պատերազմի վերսկսման վտանգ, քանի դեռ Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիզացված է, օրենքները գործում են ընտրողաբար, իսկ դատական համակարգն անկախ չէ, քանի դեռ իշխանությունը լեգիտիմ չէ, իսկ բնակչությունն էլ շարունակաբար նվազում է, ներդրումների մասին խոսելը անլուրջ է հնչում: Սրանք, ի դեպ, հայտնագործություններ չեն, այլ դասագրքային, պարզ ճշմարտություններ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ