Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցելու:
Նշենք, որբ զորավարժությունն անցկացվում է վրաց-ամերիկյան, ԱՄՆ-ի Եվրոպական և Աֆրիկյան ռազմածովային կորպուսի նախաձեռնությամբ՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով: ArmLur.am-ն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու պատճառն արդյոք արտաքին ճնշումներն են:
-Երկու պատճառ կարող է լինել: Մեկը, որ թերևս կարող էր անհիմն, բայց բացատրելի լինել` դրանց Ադրբեջանի մասնակցությունն է: Մյուսը` իհարկե արտաքին գործոնը: Դատելով նրանից, որ ՊՆ փոխնախարարը հստակորեն հերքել է Ադրբեջանի հանգամանքը` մնում է երկրորդը: Հակառակ պարագայում ի՞նչը կարեող է Հայաստանի կողմից դեմարշի պատճառ լինել: Ակնհայտ է, որ սա դեմարշ էՆԱՏՕ-ին` մի կառույցի, որին անդամակցելու անհրաժեշտություն Հայաստանն իհարկե չունի, բայց որի բարեկամության կարիքը զգում է: ՆԱՏՕ-ն աշխարհում միակ և պատմության մեջ խոշորագույն ռազմական դաշինքն է, որի հետ բազում երկրներ ձգտում են գործընկերային հարաբերություններ ունենալ:
– Ի՞նչ հետեւանք կարող է դա ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա եւ առհասարակ, այս պարագայում ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները:
Ոչ մի: Որովհետև ինչպես տեսանելի է հենց միայն այս քայլից` Հայաստանն ինքնուրույն արտաքին քաղաքականություն չունի: Իսկ Հայաստանի դրության վրա սա բնականորեն չի կարող լավ անդրադառնալ: Հայաստանը ՆԱՏՕ-ին հստակ ուղերձ հղեց, որ ինքն այլևս բարիկադների հակառակ կողմում է: Բանակը պետք է պատրաստվի պատերազմի իր հարևան թշնամու դեմ: Անելիք ունի երկիրը ոչ թե այսուհետ, այլ ընդհանրապես: Անհրաժեշտ է վերագտնել պետական արժանապատվությունն ու ինքնուրույնությունը և ուրիշների` թեկուզ բարեկամ-գործընկերների շահերով թելադրված` հզոր ոչ-բարեկամներ չվաստակել: Դա քաղաքական ինքնասպանություն է, որ պատմական հետևանքներ կարող է ունենալ:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը